Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում ենք հպարտանալ պետությամբ

Հոկտեմբեր 03,2018 10:00

Եվրոպայում կան շատ մարդիկ, որոնք չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստան պետությունը: Ավելի քիչ են այն մարդիկ, որոնք իրենց կյանքում երբեւէ որեւէ հայի չեն հանդիպել: Իսկ նրանց, ովքեր հայերին էլ «տեղը չեն բերում», կարելի է ասել «Շառլ Ազնավուր», եւ մեծ է հավանականությունը, որ նրանք ինչ-որ բան կվերհիշեն մեր մասին: 20-րդ դարում մենք ունեցել ենք մի քանի նման հայրենակից, որոնք դուրս էին եկել համաշխարհային, համամարդկային «ուղեծիր»՝ մասնավորապես, Արամ Խաչատրյան, Վիլյամ Սարոյան: 21-րդ դարում՝ միայն Ազնավուր, հիմա նա էլ չկա: Իսկ իրադարձություններից մեկը, որի շնորհիվ մեզ ճանաչում են, ցավոք, Հայոց ցեղասպանությունն է, մյուսը՝ Ղարաբաղյան հակամարտությունը: Այս վերջին դեպքում մենք հպարտանալու բան ունենք, բայց, ի վերջո, պատերազմը, որն այսպես թե այնպես կապված է բռնության, զրկանքների հետ, իմ կարծիքով, չի կարող դրական առումով «ազգային բրենդ» լինել:

Բայց եթե չխոսենք Խաչատրյանի, Սարոյանի, Ազնավուրի նման անվիճելի մեծությունների մասին՝ մարդկանց, որոնք հպարտությամբ են կրել հայի անունը, ապա ավելի ցածր, կենցաղային մակարդակով կարելի է արձանագրել հետեւյալը. երկար ժամանակ պետություն չունեցած ազգերն ունեն բարդույթի նման ինչ-որ մի բան՝ փնտրել աշխարհի հայտնի մարդկանց մեջ սեփական ազգի արմատները եւ պարծենալ դրանցով: Որոշակի չափի մեջ դա նորմալ է՝ մարդը մեր «ազգային թիմի» անդամ է, եւ շատ հաճելի է, որ նա հասել է որոշակի հաջողությունների: Երբ ամենուր եւ բոլորին «հայացնում» են, «վրացացնում» են կամ «իռլանդացնում», դա արդեն նման է գավառամիտ չտեսության՝ ինչպես Վարդան Պետրոսյանի սքեթչերից մեկի հերոսն է ասում՝ «միլիարդով բռակ ենք տվել»:

Այսօրվա հայաստանյան երիտասարդության մի մասն էլ ընկնում է հակառակ ծայրահեղության մեջ՝ ի՞նչ իմաստ կա շեշտել ազգությունը եւ դա քննարկման խնդիր սարքել. եթե անձը լավ բան է արել, մարդկությանն այս կամ այն ձեւով օգուտ է բերել, ապա ի՞նչ նշանակություն ունի նրա ազգությունը: Այս մոտեցման հետ համաձայն չլինելով՝ դրա մեջ առողջ բան եմ տեսնում: Ավելին՝ տեսնում եմ առաջընթաց, որը պայմանավորված է սերնդափոխությամբ:

1988 թվականի Շարժումը թեեւ իր էությամբ ժողովրդավարական էր, բայց բխում էր նախորդ տարիներին հայկական իրականության մեջ տարածված ազգային-ազատագրական գաղափարներից՝ ազգային ինքնության, հայի տեսակի պահպանում, անցյալի վերքերի ամոքում, կորցրած հայրենիքի հանդեպ պահանջատիրություն: Այդ տրամաբանության շրջանակներում որեւէ մարդու մեջ մեկ քառորդ հայկական արյուն փնտրելը միանգամայն բնական է: 2018 թվականի շարժումը հանուն պետության էր՝ մարդիկ, մեծ մասամբ երիտասարդները, հայտարարեցին, որ չեն ուզում ունենալ այնպիսի պետություն, որը մենք ունեինք նախորդ 27 տարիների ընթացքում: Նրանք ուզում են հպարտանալ ոչ թե մեծ կամ հայտնի հայերով, այլ հայկական պետությամբ: Որ բոլորն իմանան այդ պետության տեղը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այժմ էլ մեզ կճանաչեն որպես թատրոն-պետություն՝վերջին օրերի իրադարձությունների ներքո…

  2. Հ.Շ. says:

    Ազնավուրի իւրայատուկ պարագային, շեշտը շատ դնելը իր հայկական ծագումին վրայ՝ զինք փոքրացնում է:

    Սակայն այդ որոշ տեսակի երիտասարդ Երեւանցիների պարագային, ազգային ինքնութիւնը երկրորդական կամ նոյնիսկ աննշան նկատելը, արդիւնքն է ստորակայութեան բարդոյթի: Ինքնուրացութեան, ծայրագոյն ինքնաժխտումի վիճակում են այդ տեսակի ընդհանրապէս ջահել – բայց ոչ միայն – հայերը: Սերնդափոխութիւն չկայ այս պարագային, այլ նոր սերունդի չգոյութիւն, վերջին սերունդի անէացում:

    Այդ մօտեցունով, հայոց պետութիւն երբեք չի գոյանար, այլ միայն այդ սիրուն անունով՝ դատարկ ու խղճալի ձեւակերպութիւն մը կարող է մէջտեղ գալ. այդ ալ օր մը, թերեւս: Օտարներն ալ յարգանք ու համարում կը յայտնեն անշուշտ անոր հանդէպ, որովհետեւ քաղաքավար են:

  3. Ruben says:

    Դուք հպա՞րտ եք, որ դուք հայ եք: Թե՞ ինչ-որ բանի տիրացած (կամ մասնագետ) եւ հետո միայն «թաքնված» հայ կամ հայկական ծագումով:
    Դուք հայ եք հետո՞ քաղաքացի կամ գյուղացի, թե՞ հակառակը:
    Քանի՞ դար է անհրաժեշտ ազգային/պետականության գաղափարախոսություն ստեղծելու համար: Թե՞ վարժվել եք «յոլա» գնալուն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031