Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի անձեռնմխելիություն

Հոկտեմբեր 03,2018 13:30

Հայտնի է, որ լիազորությունների կատարումը դադարած ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ընտրված խափանման միջոց կալանավորումը վերաքննիչ դատարանն անհիմն է ճանաչել սահմանադրական անձեռնմխելիության հենքով: Փորձենք դիտարկել ՀՀ նախագահի սահմանադրական անձեռնմխելիության դրույթները եւ սահմանադրական կարգը տապալելը արարքի էությունը:

Նկատենք, որ ՀՀ նախագահի անձեռնմխելիության սահմանադրական դրույթները համապատասխանում են միջազգային սահմանադրականության պրակտիկային: Արտերկրի սահմանադրություններն այս կամ այն ձեւով բովանդակում են պետության գլխի անձեռնմխելիությանը վերաբերող նորմեր, օրինակ՝ ԱՄՆ-ի 1977թ. սահմանադրությամբ նախագահը կարող է պաշտոնանկ արվել, եթե իմպիչմենթի կարգով քննությամբ նա մեղավոր է ճանաչվել դավաճանության, կաշառք կամ այլ ծանր հանցագործություն եւ իրավախախտում կատարելու մեջ (4-րդ բաժին, 11 հոդված): Անձեռնմխելիության ինստիտուտը համարվում է պետության գլխի գործողությունների իրավական երաշխիքը եւ կարեւոր հանգամանք է, որովհետեւ նախագահը ընդունում է քաղաքական եւ այլ բնույթի գլոբալ որոշումներ, ինչը արժանանում է ոչ միայն բոլորի գոհունակությանը, այլեւ որոշ անձինք եւ կազմակերպություններ դժգոհում ու պարսավում են այն:
ՀՀ նախագահի անձեռնմխելիության երաշխիքներն ամրագրված են ՀՀ սահմանադրության 140 հոդվածում, ըստ որի՝ հանրապետության նախագահը իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար (նույնը ամրագրված է նաեւ 2005թ. նոյեմբերի 27-ի փոփոխություններով, սահմանադրության 56 պրիմ հոդվածում):

Հիշյալ ամրագրումը նշանակում է, որ նախագահը իր պաշտոնավարման ժամկետում եւ լիազորությունները ավարտելուց հետո չի կարող ենթարկվել քրեական, վարչական եւ քաղաքացիական պատասխանատվության, ինչպես նաեւ հարցաքննվել, ձերբակալվել, կալանավորվել, խուզարկության ենթարկվել կամ նրա անձնական ազատությունները սահմանափակել: Սակայն անձեռնմխելիությունը կապված չէ անպատասխանատվության կամ ամենազորության հետ եւ չի նշանակում քաղաքական կամ սահմանադրական պատասխանատվության բացակայություն: Ըստ այդմ սահմանադրությամբ նախատեսված է նաեւ պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Այսպես՝ հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել պետական դավաճանություն կամ այլ ծանր հանցագործություն կատարելու կամ սահմանադրական կոպիտ խախտում կատարելու համար (141 հոդված, 1-ին մաս):

Նախագահի անձեռնմխելիության նորմը իմպերատիվ կամ բացարձակ չէ: Օրինակ, Ռուսաստանի Դաշնության համապատասխան նորմում հստակ սահմանված է` «ՌԴ նախագահը օժտված է անձեռնմխելիությամբ» (91 հոդված): Այս նորմը բացարձակ է, եթե դուրս է «պաշտոնանկ անելու» (93 հոդվածի) շրջանակներից: Դրանից բացի, մեր սահմանադրությամբ նախագահին պաշտոնանկ անելու ընթացակարգը հասարակ է եւ պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն է տալիս միայն Սահմանադրական դատարանը, իսկ նախագահի գործողություններում հանցագործության հատկանիշների առկայությունը հավաստող հիմնավորում չի պահանջվում: Օրինակ, Ռուսաստանի Դաշնության սահմանադրությամբ նախագահը կարող է պաշտոնանկ արվել Պետական դումայում առաջ քաշած պետական դավաճանություն կամ այլ ծանր հանցագործության մեղադրանքի հենքով, եթե հաստատված է Գերագույն դատարանի եւ Սահմանադրական դատարանի եզրակացությամբ, ըստ որում՝ Գերագույն դատարանը եզրակացություն է տալիս նախագահի գործողություններում հանցագործության հատկանիշների առկայության մասին, իսկ Սահմանադրական դատարանը՝ մեղադրանքի ընթացակարգը պաշտպանված լինելու մասին:

Մեր օրենսդրությունը զգալի բացթողումներ ունի նաեւ լիազորությունները ավարտած ՀՀ նախագահի իրավական եւ սոցիալական երաշխիքները ապահովելու հարցում եւ պատշաճ կանոնակարգված չեն նրա անձեռնմխելիության կամ հանցանք կատարման դեպքում անձեռնմխելիությունից զրկելու ռեժիմը:

Ի տարբերություն՝ ՌԴ դաշնային խորհրդի 12.02.2001թ. օրենքով այդ խնդիրը հստակ կարգավորված է: Այդ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ լիազորությունների կատարումը դադարած ՌԴ նախագահը օժտված է անձեռնմխելիությամբ, նա չի կարող քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվել, ինչպես նաեւ ձերբակալվել, կալանավորվել, խուզարկվել, հարցաքննվել, անձնական զննության ենթարկվել, եթե հիշյալ գործողությունները կատարվել են ՌԴ նախագահի լիազորությունների կատարման ժամկետում (այս ռեժիմը տարածվում է նաեւ նրա զբաղեցրած բնակարանի, ծառայական հարմարությունների, տրանսպորտային միջոցի, կապի միջոցների վրա, նրա փաստաթղթերին, գրանցմանը եւ ծանրոցներին):

Իսկ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է ՌԴ պաշտոնաթող նախագահին անձեռնմխելիությունից զրկելու կարգը: Ըստ այդմ, եթե քրեական գործ է հարուցվում նրա կողմից ծանր հանցագործություն կատարելու առթիվ, որը կապված է ՌԴ նախագահի ժամկետում լիազորությունների կատարման հետ, ապա ՌԴ քննչական կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացնում Պետական դումայի դաշնային ժողով: Դաշնային ժողովն իր ընդունած որոշումը եւ քննչական կոմիտեի միջնորդագիրը երեքօրյա ժամկետում ուղարկում է Դաշնային խորհուրդ, որը երեքամսյա ժամկետում քննարկում է լիազորությունները դադարեցրած ՌԴ նախագահին անձեռնմխելիությունից զրկելու հարցը եւ ընդունված որոշման մասին հայտնում է քննչական կոմիտեի նախագահին: Միջնորդության մերժումը հիմք է հանդիսանում քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Ի տարբերություն՝ մեր երկրում լիազորությունների կատարումը դադարեցրած ՀՀ նախագահը անպաշտպան է եւ անարգել նրան կարող են ամեն ինչ անել: Հիմա էլ առանձին այրեր ասում են՝ բանակը քաղաքացիական ակցիային ներգրավելու փորձ է կատարել առաջին նախագահը՝ չգիտակցելով, որ նրա լիազորությունները դադարել են, իսկ եթե հավաքի ժամանակ կանչել են՝ «Մանվել», նպատակ է հետապնդել խափանելու բանակը քաղաքական բողոքի ներգրավելուն: Նախկին նախագահների նկատմամբ անտարբերությունը գալիս է մեր ազգային ավանդույթից՝ պետության գլխին պատշաճ հարգել եւ պաշտպանել չգիտենք: Կարիք կա նրանց տրված երաշխիքների՝ սոցիալական, իրավական, վերանայման:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Իրավաբան, Մոսկվա

«Առավոտ»

02.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031