Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք անհրաժե՞շտ է ԲՈԿ ունենալ

Հոկտեմբեր 03,2018 13:00
grqer

ՄԻ անգամ ինձ հարցրին. «Բացատրեք խնդրեմ, հանրապետությունում տնտեսագետներն առավել թվաքանակով ատենախոսություն են պաշտպանում` միջինը տարեկան 150 հետազոտական աշխատանք, յուրաքանչյուրը` առնվազն երեք գիտական նորույթով: Ու եթե այդքան բեղմնավոր գիտություն ունենք, ապա ինչո՞ւ է մեր տնտեսությունը այսքան տկար»: Գոնե ինձ համար այս հարցն ունի մի կարճ պատասխան. «ՀՀ-ում տնտեսագիտությունը կտրված է իրականությունից, եւ ատենախոսությունները գրվելով ընդամենը անհատի կարիերայի համար, իրենց ամպագոռգոռ նորույթներով հիմնականում մնում են թղթի վրա, այդպես էլ չաջակցելով երկրի տնտեսության զարգացման»:

Մյուս կողմից, հանրապետությունում գործող Բարձրագույն որակավորման կոմիտեն տարեցտարի խստացնում է ատենախոսությունների պաշտպանական գործընթացի պահանջները, բայց այդպես էլ դրանից ոչինչ չի փոխվում, գիտությունը հիմնականում կենսունակ չի դառնում եւ իր ներուժով ամբողջովին չի աջակցում երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Այսօր մեր կառավարության ստորաբաժանումները գիտության ոլորտում պետք է ստանձնեն ոչ թե ոստիկանության պատժիչ եւ վերահսկիչ գործառույթներ, ինչը որ հատկանշական է ԲՈԿ-ին, այլ իրականացնեն գիտության արդյունավետ կառավարում: ԲՈԿ-ը, որն, ի դեպ, լայն տարածում չունի միջազգային պրակտիկայում, մեզ մոտ այդպես էլ մնաց Խորհրդային Միության տարիներից մնացուկ: Եթե այդ տարիներին այն ծառայում էր զանազան կոմպրոմանտների, անանուն զրպարտիչ նամակների, «սեւ ընդդիմախոսությունների» հավաքագրման կենտրոն, որով իշխանությունները պարզապես ճնշում էին գործադրում մտավորականների վրա, հիմա արդեն դրա անհրաժեշտությունը չկա: Ընդհակառակը, ՀՀ վարչապետը կառավարության նիստերում արդեն իսկ ակնարկում է հարկատուների հաշվին գործող անարդյունավետ ստորաբաժանումների լուծարման անհրաժեշտության մասին:

Այսօր մեզ անհրաժեշտ են պետական ստորաբաժանումներ, որոնց գործը պետք է լինի գիտության առեւտրայնացմանը օժանդակումը, գիտական նորույթների կենսունակությանը աջակցումը, որի հետ ոչ մի կապ չունի գործող ԲՈԿ-ը: Եվ որքան էլ արձանագրենք, թե ունենք որակյալ մարդկային կապիտալ, ուսյալ եւ կրթված ազգ ենք, միեւնույն է, այդ առավելություններն այսօր կենսունակ չեն եւ ուղղակիորեն մեր աչքի առաջ փոշիանում են, եթե իրականում իրենց կիրառությունը կյանքում չեն գտնում: Արդյունքում, մի կողմից խոսում ենք ՀՀ-ում մարդկային որակյալ ներուժի առկայության մասին, մյուս կողմից՝ տարեցտարի ունենում ենք կուտակված մարդկային կապիտալի փոշիացում, ուղեղների արտահոսք, երկրում առկա կարող եւ երիտասարդ գիտելիքահենք ուժերի անգործություն:

Միջազգային պրակտիկայում այսօր արդեն գիտության որակի ամենաբնորոշ չափանիշը հետազոտական պատվերների ստացումն ու գիտական շուկայում վաճառահանումն է: Եթե չկա գիտության այս կամ այն ոլորտին վերաբերող հանրային հետաքրքրություն, առավել եւս՝ շահառու եւ պատվիրատու, ապա չպետք է ոգեւորվել, եւ այդ ոլորտում անհասցե հետազոտություններ անել: Իսկ մեզ մոտ ասպիրանտը իր ղեկավարի, կամ լավագույն դեպքում, մասնագիտական ամբիոնի հետ միասին «օդից» հետազոտական թեմա է ընտրում եւ ատենախոսություն պաշտպանում` առանց գնահատելու դրա պահանջն ու շահառուների առկայությունը: Կարծում եմ, որ պետք է իսպառ վերջ դրվի նման պրակտիկային եւ չկազմակերպվի իրականությունից կտրված հետազոտություն: Իսկ դրա համար անհրաժեշտ է իրականացնել գիտության շուկայի մարքեթինգ, հասկանալ հետազոտությունների ոլորտային զարգացման առաջնահերթությունները, որոնել հետազոտական ուղղությունների իրականացման պատվիրատուների, եւ ի վերջո, հենց նրանց էլ վաճառել գիտահետազոտական վերջնարդյունքները:

Իհարկե, կլինեն դեպքեր, երբ գիտական հետազոտությունների որոշ ոլորտներ, որոնք հանրային պահանջ ունեն, բայց իրենց բնույթով չեն ենթարկվում կոմերցիայի` բացառության կարգով կֆինանսավորվեն պետության կողմից: Բայց ընդհանուր առմամբ, մենք չենք կարող առաջ շարժվել եւ օգտագործել երկրում ձեւավորվող գիտական ներուժը, եթե ատենախոսություններ ունենանք հանուն թեկնածուական դիպլոմների, եւ դրանք չթիրախավորենք երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Թե չէ ինչ է ստացվում, զարգացնում ենք գիտություն, որը կտրված է իրականությունից եւ ընդհանուր առմամբ կենսունակ չլինելով` իր տեղը չի գտնում կյանքում: Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ ոչ թե հետազոտության որակը արձանագրող եւ գիտությունների թեկնածուի կամ դոկտորի դիպլոմ տրամադրող ԲՈԿ (ի դեպ, միջազգային պրակտիկայում դա անում են համալսարանները), այլ կառավարության հատուկ ստորաբաժանում, որը կմտահոգվեր վերոնշյալ հիմնախնդիրների լուծումներով:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031