Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-եզդիական բարեկամության լուռ վկաները

Հոկտեմբեր 03,2018 12:30

Հայ եւ եզդի ժողովուրդները դարեր շարունակ ապրելով կողք կողքի` մի ժողովրդի նման կիսել են ուրախ ու տխուր պահերը, ապրել են խաղաղություն եւ պատերազմ, դժվար պահերին եղբայրական ձեռք են մեկնել միմյանց: Հայ-եզդիական բարեկամության վառ օրինակներից մեկն էլ Ակնալիճ գյուղում կառուցված եզդիների սրբատեղին է՝ Զիարատը, որտեղ ամեն տարի սեպտեմբերի 29-ին մեծ շուքով նշվում է եզդիների սրբատեղիի օծման օրը:

Այս տարվա սեպտեմբերի 29-ին կրկնակի տոն էր եզդիների եւ հայերի համար: Ակնալճի սուրբ համալիրում տեղ գտած մեծանուն հայերի եւ եզդիների` Անդրանիկ զորավարի, Ջհանգիր աղայի, Ուսուբ բեկի կողքին իր տեղը գտավ եզդիների լավագույն բարեկամ, մեծն Կոմիտասի արձանը (հեղինակ-քանդակագործ՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Գետիկ Բաղդասարյան): Հուշարձանի օծման արարողությունը կատարեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը իր հոգեւոր եղբայրների հետ՝ երգչախմբի կողմից կատարվող շարականների ներքո:

«Արդեն ավանդական է դարձել յուրաքանչյուր տարի հավաքվել եւ կարեւորել հայ-եզդիական բարեկամությունը,- իր ողջույնի խոսքում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, – այսօր այստեղ բացվեց հայ ժողովրդի մեծագույն մտավորականներից մեկի` Կոմիտասի արձանը, որը խորհրդանշում է նաեւ հայ-եզդիական բարեկամությունը: Այստեղ կառուցվում է եզդիների նոր տաճարը, որը խորհրդանշում է նրանց մերօրյա վերածնունդը: Այս առիթով ուզում եմ կրկին կարեւորել մեր ժողովուրդների բարեկամությունը թե՛ Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերում, թե՛ Արցախյան հերոսամարտում, թե՛ խաղաղ շինարարության եւ թե՛ ապրիլյան պատերազմի ժամանակ. հայ եւ եզդի ժողովուրդները եղել են, այսօր էլ կան եւ վաղն էլ պայքարելու են հանուն երկու ժողովուրդների միասնության եւ բարեկամության: Թող Աստված սիրո եւ համերաշխության, հարգանքի եւ հզորության մեջ պահի մեր ժողովուրդներին»:

Իսկ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը ընդգծեց, որ այս միջոցառումը հոգեհարազատ է ոչ միայն եզդիների, այլեւ հայերի, մարզի ողջ բնակչության համար: Այստեղ ոչ միայն այս օրը, այլեւ ողջ տարին թեւածում է հայ-եզդիական բարեկամության ոգին: Եզդի ժողովուրդը երախտապարտ է եւ դրա վկայությունը Կոմիտաս վարդապետի այս գեղեցիկ հուշարձանն է: Նա ավելացրեց, որ այս սրբատեղին սիրված եւ գնահատված է ողջ աշխարհի եզդիների կողմից:

Ակնալճի սրբատեղիի հիմնադիր եւ բարերար Միրզա Սլոյանը նշեց, որ հայերն ու եզդիները եղեռն, դժվարություններ ու ցավ տեսած ժողովուրդներ են, եւ նրանք բոլորից լավ են հասկանում, թե ինչ է ազգային տառապանքը: Այդ պատճառով նրանք պետք է միշտ միասնական լինեն, օգնեն ու ձեռք մեկնեն միմյանց:
«Ողջունում եւ սիրով շնորհավորում եմ: Բազում տարիներ սեպտեմբերի 29-ը ինձ համար դարձել է նոր տարվա սկիզբ: Բազմաթիվ անգամներ են խոսվել եւ գրվել մեր երկու ժողովուրդների բարեկամության մասին, ինչի վառ ապացույցն են այս սրբավայրում կողք կողքի կանգնած մեծանուն հայերի եւ եզդիների հուշարձան-կոթողները, որոնց շարքն այսօր համալրում է եզդիների անկեղծ բարեկամ Կոմիտաս վարդապետի հրաշալի արձանը». – իր ելույթը եզրափակեց Միրզա Սլոյանը:

Օրվա բանախոսների թվում էին ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, բժիշկ ու բանաստեղծ Ռըզգան Շամոյանը, իրանագետ Գառնիկ Ասատրյանը, Ֆրանսիայի եզդիական համայնքի ղեկավար Թամազ Դասընին, Ռուսաստանի համայնքի ներկայացուցիչ Էդվարդ Հաուերին: Իսկ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, արդեն 6-րդ տարին է՝ օծումից սկսած մասնակցում է այստեղ տեղի ունեցող ժողովրդական տոնախմբություններին եւ ուրախ է, որ բարեկամ ժողովուրդը նման սրբատեղի ունի Հայաստանում: Իսկ Կոմիտասի արձանի տեղադրումը հարգանքի տուրք է իրենց ժողովրդի մեծ բարեկամին: «Կոմիտասն ասում էր` «Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք եւ սովորեցեք նրանից»: Եվ նա եզդիական 12 երգ գրառեց, նոտագրեց՝ «Ղանդիլի Սիափուշ», «Լեյլու Մեջնում», «Ջամբալիէ», «Հասամ աղա», «Միրզա աղա»… Այդ նպատակով եղավ եզդիաբնակ գյուղերում, հյուրընկալվեց իր ընկերոջ՝ Ուսուբ բեկի տանը՝ Ասլանլու գյուղում,- ընդգծում է Սերգո Երիցյանը՝ ավելացնելով,- ուրախ է, որ Կոմիտասի ծննդյան 150-ամյակի ոգեկոչումը սկսում է բարեկամ ժողովուրդը»: Միջոցառման ժամանակ հնչեցին Կոմիտասի` երկիր ու ազգություն չճանաչող ստեղծագործությունները ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանի, «Ակունք» ազգագրական անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան), երիտասարդ երգիչների «Դիլան» խմբի եւ եզդի արվեստագետների կատարմամբ: Մինչեւ ուշ երեկո Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում չէր դադարում հազարավոր ուխտավորների հոսքը:

ԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՆԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

«Առավոտ»

02.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031