Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Պապինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքին հարակից անտառ տանող ճանապարհին ձեռքերը ոլորելու, մազերից քաշելու եղանակով բռնություն է գործադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 36-ամյա կնոջ նկատմամբ եւ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Արթուր Պապինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարությունը»): Նա 3 ամիս գտնվել է կալանքի տակ, հետո նրա խափանման միջոցը փոխվել է, գրավով ազատ է արձակվել: Տուժողը բնակվում է Մոսկվայում, նախաքննության ավարտից հետո մեկնել է Ռուսաստան, Բերդ քաղաքում կայացող դատական նիստերին չի մասնակցել:
Արթուր Պապինյանը մեզ ասաց, որ քրեական այդ գործով իրեն անմեղ է համարում, համաձայն չէ անգամ իր պայմանական ազատազրկմանը: Նախաքննության ընթացքում նա ինքնախոստովանական ցուցմունք է գրել, հետագայում հրաժարվել դրանից: Քրեական գործում առկա է նաեւ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
Օգոստոսի 24-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Արթուր Պապինյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 2 տարի, 8 ամիս, 4 օր ժամկետով ազատազրկման:
Ա. Պապինյանի պաշտպան Սարգիս Խաչատրյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, խնդրելով բեկանել այդ դատավճիռը եւ կայացնել արդարացման որոշում, Ա. Պապինյանին մեղավոր ճանաչելու դեպքում նրա նկատմամբ նշանակել մեղմ պատիժ՝ ազատազրկման հետ չկապված եւ պայմանականորեն չկիրառել այն, սահմանելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ