Հոկտեմբերի 2-ին, ժամը 11-ից մինչեւ ժամը 17-ը Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ավագանու մի խումբ անդամներ, ովքեր դեմ են համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին, Ազատամուտի բազմաթիվ բնակիչներ, Ազատամուտի դպրոցի աշակերտներ Իջեւան-Նոյեմբերյան եւ Իջեւան-Բերդ ավտոճանապարհների խաչմերուկի մոտ փակել են ավտոճանապարհը:
Այդ գործողության մասնակիցները պահանջել են Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը: Ավտոճանապարհին գոյացել են ավտոմեքենաների մեծ կուտակումներ : Այդտեղ են գտնվել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, նրա տեղակալ Կարեն Խուդավերդյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը:
Մարզի ղեկավարները եւ իրավապահ պաշտոնյաները բողոքի գործողության մասնակիցներին հորդորել են բացել ավտոճանապարհը; Առավել մեծ խցանումներից խուսափելու համար ճանապարհը երթեւեկի համար պարբերաբար բացվել է:
Մեր տեղեկություններով` Ժորա Մարտիրոսյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այսօր`հոկտեմբերի 2-ին Ազատամուտի միջնակարգ դպրոցում դասեր կայացել են,սակայն այդ դպրոցի բազմաթիվ աշակերտներ մասնակցել են ավտոճանապարհի փակմանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ