Տասնյակ պատգամավորներ փակված են մնացել ԱԺ-ում, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բազմահազարանոց հանրահավաքը:
«Նախնական տեղեկություններով այդ խայտառակ նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից»,-բարձրախոսով ասաց Նիկոլ Փաշինյանը: Հանրահավաքի մասնակիցներն ի պատասխան վանկարկեցին՝ դավաճան կողմ քվեարկած ուժերի հասցեին:
Փաշինյանն անընդհատ կոչ էր անում շատ զգույշ լինել եւ չտրվել սադրանքի. «Ժողովուրդ ջան, շատ զգույշ, եթե անգամ իրար ոտք եք տրորում պատահաբար, ուղղակի իրար ժպտում եք»:
Նա ասաց, որ իրեն տեղեկացրել են, թե Բաղրամյան պողոտայում արդեն մի քանի տասնյակ հազար մարդ է հավաքված եւ այդքան էլ մարդ ճանապարհին է: «Մտածում եք, որ այսօր երեք հարյուր, չորս հարյուր հազարը կանցնենք»,-հարցրեց նա հավաքվածներին:
«Միակ խմբակցությունը, որից ոչ ոք կողմ չի քվեարկել այդ խայտառակ նախագծին, դա Ելքն է»,-ասաց Փաշինյանը՝ արժանանալով հավաքվածների բուռն արձագանքին:
Նա ասաց, որ ՀՀԿ պատգամավորները ներսում են, եւ իրենք տեղեկատվություն ունեն, որ նրանք մտածում են՝ լավ կլինի, եթե հակահեղափոխական պատգամավորներից մեկը դուրս գա, ժողովուրդը նրա նկատմամբ բռնություն գործադրի:
«Այնպես որ, եթե հանկարծ ՀՀԿ-ական պատգամավոր կտեսնեք ձեր ցույցի մեջ կանգնած՝ «ՀՀԿ հեռացիր» վանկարկելիս, ուղղակի ժպտացեք: Սա սիրո եւ համերաշխության հեղափոխություն է, որը չի կարող չհաղթել: Ես սա ասում եմ ձեզ, որպես ժողովրդի կողմից ընտրված ՀՀ վարչապետ»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ պարտվելու միայն մի տարբերակ կա. «Դա կլինի այն դեպքում, եթե մեկը հայհոյի, բռնություն կիրառի մեկի նկատմամբ կամ հայհոյի: Մեր հեղափոխությունը սիրո եւ համերաշխության հեղափոխություն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ