Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանը» Վանաձորի քաղաքապետի դեմ անվստահության գործընթաց սկսեց

Հոկտեմբեր 02,2018 21:40

Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կրկին չմասնակցեց: Միայն հայտարարեցին, որ կարեւոր քաղաքական հայտարարություն ունեն անելու, եւ լրագրողներին հրավիրում են լուսաբանման:

Ասուլիսի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, համայնքի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների 2 ամյակին, եւս մեկ անգամ շեշտեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ն իրենց բնորոշմամբ մանդատագողության օր էր: Ուղիղ երկու տարի առաջ Վանաձորում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները «Լուսավոր Հայաստանն» այդպես էլ չընդունեց: Որից հետո մոտ մեկ տարի կուսակցությունը բոյկոտեց ավագանու նիստերը:

-Այսօր լրանում է Վանաձորի ՏԻՄ ընտրությունների 2 տարին, որը պատմության մեջ մնաց որպես մանդատագողության խայտառակ դրսեւորում:  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չհանդուրժեց ստեղծված իրավիճակը եւ հետեւողական քայլերի միջոցով հասավ ընդհուպ մինչեւ Սահմանադրական դատարան, եւ հակասահմանադրական ճանաչվեցին մոտ մեկ տարի տեղի ունեցած ավագանու նիստերն ու դրանց ընթացքում կայացած իրավական որոշումներն ու ակտերը: Սակայն այս ամենը ոչ մի կերպ չստիպեց Վանաձորի կառավարումը ստանձնած մեծամասնությանը, մասնավորապես ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին, ինչպես նաեւ ավելի ուշ նրանց միացած «Հայկական Վերածնունդ» կուսակցությանը, փոփոխություններ մտցնել  իրենց դիրքորոշումների եւ պահվածքի մեջ,- ասաց Քրիստ Մարուքյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն շարունակում է Վանաձորում իրականացնել անարդյունավետ կառավարում: Մարուքյանը կոչ է անում Վանաձորի ավագանու բոլոր անդամներին միանալ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը. «Մենք եռօրյա ժամկետում ակնկալում ենք թե՛ խմբակցությունների, թե՛ անհատ ավագանու անդամների դիրքորոշումները: Երբ որ կլինեն բավարար քանակի ստորագրություններ, մենք գործընթացին կտանք նաեւ պաշտոնական ընթացք»:

Aravot.am-ի այն հարցին, թե իրենց կարծիքով գործընթացին կմիանան մյուս քաղաքական ուժերը, Մարուքյանը պատասխանեց. «Հաշվի առնելով գարնանային նստաշրջանի վերջում ուղիղ կատարված հարց ու պատասխանի արդյունքները, ես որոշակի վերապահումներ ունեմ: Բայց միեւնույն ժամանակ ոչ մի բան չեմ բացառում, որովհետեւ գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ավագանու անդամների 1/3-րդի ստորագրությունը, իսկ մնացածն արդեն ընթացքը ցույց կտա»:

Իսկ լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն անդրադառնալով իր նկատմամբ անվստահության գործընթացին, պատասխանեց. «Անվստահության պրոցեսը քվեարկության միջոցով է տեղի ունենում: Դրանք բոլորը թափանցիկ եւ օրենքով նախատեսված ընթացակարգեր են: Իրենք միշտ այդ հնարավորությունն ունեցել են: Վանաձոր եւ Գյումրի քաղաքներին վերաբերվող ՏԻՄ-ի մասին օրենքը լիարժեք այդ հնարավորությունն իրենց ընձեռում»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031