Այսօր Անի խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի մի խումբ բնակիչներ փակել էին Աղին տանող ճանապարհը՝ պահանջելով անջատել համայնքները Մարալիկից։ «Ուզես, չուզես գործի բերումով միշտ Մարալիկ պտի էրթաս, սոցիալական ծառայություններն էնտեղ են, մահվան թուղթը էնտեղից պետք է հանես, ծննդականի համար շաբաթներով կերթան Մարալիկ, զագսվելու համար Մարալիկ, հողահարկի ու գույքահարկի միասնական համակարգ են ստեղծել, գտնվում է Մարալիկում։
10 րոպեի գործը հիմի դարձել է 4 ժամվա գործ, չհաշված ինչքան է տուժում ֆինանսապես։ Մարդ կա փող չունի Մարալիկ գնալու, ընդ որում Մարալիկ հասնելու համար, օրինակ՝ Աղինից պիտի 25 կիլոմետր պիտի կտրես, գնաս Գյումրի, 25 կիլոմետր էլ էնտեղից կտրես, հասնես Մարալիկ։ Հայկաձորից, Աղինից միանգամից Մարալիկ գնացող տրանսպորտ չկա։ Իսկ Մարալիկ երբ կերթաս, կամ ճամփեն է փակ, կամ մարդիկ փակել են համայնքապետարանի շենքը, բողոքի ակցիա են անցկացնում ու չես կարող մտնել քո գործերով։ Մեզ թող անջատեն Մարալիկից, հո մենք գերի չե՞նք, մեր կարծիքն ո՞վ է հաշվի առել միավորելուց»։
Տարեց մի տղամարդ էլ բողոքեց, որ գնացել է տեղեկանք վերցնի իր՝ հողհարկի ու գույքհարկի զրոյական պարտք ունենալու մասին, մինչև թղթատարությունն ավարտվել է, ընդմիջում է եղել։ «Ասում եմ աղջիկ ջան, պեչատե, ասում է՝ հոպար չէ, էգուց արի, ընդմիջում է, կարո՞ղ է ես Բեկ Փիրումովի աղջկա մարդն եմ, փողը ջեպիցս հանեմ ու շփեմ, որ ամեն օր Մարալիկ վազեմ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ