ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ Բաղրամյան 26-ից, որտեղ մտել էր, իր խոսքով՝ մի փոքր գործ ավարտելու համար: Նա կոչ արեց քաղաքավարի կարգախոսներ հնչեցնել, օրինակ՝ «ՀՀԿ հեռացիր» եւ ոչ թե հայհոյել: Ոմանք հանրահավաքի են եկել փոքր երեխաներով: Հանրահավաքի մասնակիցները վանկարկում էին՝ արտահերթ:
ՀՀ ԳԱԱ առջեւ մեկնարկեց բազմահազարանոց հանրահավաքը: Քաղաքացիները սեփական մեքենաներով փակել են ԱԺ մուտքերը, եւ ստուգում են ԱԺ-ից դուրս եկող բոլոր մեքենաները:
«Գիտեմ, որ սիրում եք էս վիճակները»,-ասաց Փաշինյանը: Նաեւ ասաց. «Հույս ունեմ, որ ոչ մի ծառ, ճյուղ չի վնասվի, ոչ ավտոմեքենայի վրա խազ չի քաշվի, երեխեք կան, չեք վնասի»:
Նա բարձրաձայնեց օրվա կարգախոսները. «Այսօր տեղի է ունեցել տխրահռչակ նիստը, եւ օրենքի վիճահարույց նախագիծն ընդունվել է: Մենք կճշտենք տեղեկատվությունը նախագծին կողմ քվեարկած քաղաքական ուժերի եւ պատգամավորների մասին, եւ կարող ենք ասել, որ նրանք Հայաստանում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն, բայց տեսնում ենք, որ դա նրանց մոտ չի ստացվի:
Հակահեղափոխությունը Հայաստանում շանս չունի: ՀՀԿ-ն պետք է արմատախիլ արվի Հայաստանի քաղաքական դաշտից…Պետք է ՀՀ քաղաքական դաշտից արմատախիլ արվեն նաեւ այն ուժերը, որ աջակցել են հակահեղափոխությանը»: Հանրահավաքի վայրում թմբուկ են խփում եւ ծափերով ողջունում ՀՀ ցուցարար վարչապետին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ