Աժ-ն այսօր, ինչպես հայտնել ենք, հապճեպ արտահերթ նիստ հրավիրեց: Նիստի սկզբում լրագրողները հնարավորություն չունեին լսելու, թե ինչ են խոսում պատգամավորները, քանի որ նիստը չի հեռարձակվում եւ օպերատորներին ներս չէին թողնում: Ավելի ուշ, երբ թույլ տվեցին նիստերի դահլիճից լուսաբանել, պարզ դարձավ, որ պատգամավորները ձեռքերով քվեարկելով՝ որոշում են կայացրել, քվեարկության էլեկտրոնային համակարգն էլ գործարկված չէր, քանի որ «Ելքի» պատգամավորները հավաքել էին քարտերը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ իրենք քննարկել ու որոշում են ընդունել, չեն քվեարկել, թե արտահերթ անեն, թե ոչ, քվեարկել են, որ չի կարելի ճնշումներ գործադրել պատգամավորների վրա:
«Ելքի» պատգամավորները կանգնած էին, չէին էլ նստել իրենց տեղերում ու չէին գրանցվել: Սասուն Միքայելյանը բարկացած գոռում էր. «Քեզ ճնշում չկա, ժողովրդի կամքն ա, ճնշո՞ւմ են հիմա գործադրում: Մի ամբողջ բիբլիական ազգ ուզում եք ճնշել, դո՛ւք եք ճնշում գործադրում: Հերի՛ք եղավ, դո՛ւք եք ժողովրդին ճնշում, էսքան մարդու կրակի մեջ գցիք, երեխեք ունեն, ի՞նչ ձեւեր եք տալիս»:
ԱԺ կանայք խառնվեցին վիճաբանությանը՝ արձագանքելով՝ «թող գան ծեծեն»:
Նաիրա Զոհրաբյանը բղավում էր, որ 15 օր շարունակ իր երեխային ասել են անբարոյական:
«Ելքի» պատգամավորները քվեարկությանը մասնակցած պատգամավորներին ասում էին, որ մնալու են ԱԺ-ում: Լրագրողների հարցին՝ բա ասում էիք հեղափոխությանն աջակցում ենք, այս քայլն ինչպե՞ս կբացատրեք՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Այո, հենց աջակցում ենք հեղափոխությանը, հեղափոխությունը սեփականաշնորհվա՞ծ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ