«Ինձ են հակառակորդ տեսնում և բոլորն աշխատում են իմ դեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու, Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:
Մեր հարցին՝ ի՞նչ ծրագրեր ունի, որոնք իրականացնելու համար ցանկանում է ընտրվել քաղաքապետ, Դիանա Գասպարյանը պատասխանեց. «Շատ ծրագրեր ունենք. դրանք մեր նախընտրական ծրագրում են, որը ներկայացվելու է քարոզարշավի սկզբում: Հետո կառավարության հետ համատեղ ծրագիր է սկսվում: Դրա մեկնարկը տրվել է արդեն: Մեծ ծայրամաս ունենք, որտեղ կոյուղացանց չկար: Ծրագիրն իրականացվելու է կառավարության և համայնքի հետ համաֆինանսավորմամբ: Որոշման նախագիծը հաստատել է: Տվյալ թաղամասում կոյուղի կանցկացվի: Իրականացնում ենք ասֆալտապատման աշխատանքներ: Մրցույթ ենք հայտարարել. մեզ վստահում են և մեզ հետ համագործակցում են նաև բարերարները»:
Դիանա Գասպարյանի հավաստմամբ՝ մյուս տարվա համար արդեն կա ներդրումային ծրագիր, որ Էջմիածնի մանկապարտեզներից մեկի մեկ մասնաշենքը վերանորոգվի: Նա վստահեցրեց՝ շատ են խոստացված ներդրումները, որոնք իրենց ընտրությունից հետո կդառնան իրականություն:
Փաստեցինք՝ բավականին մեծ թվով մրցակիցներ ունեք, նաև նախկին հեղինակությունների հովանավորության տակ գտնվող անձանց անուններ են շրջանառվում և հարցին՝ վստա՞հ եք Ձեզ վրա, մտավախություն չունե՞ք, որ կարող է պայքարը թեժ լինել ու չհաջողել, Դիանա Գասպարյանը պատասխանեց. «Իհարկե, վստահ եմ ինձ վրա: Ես վստահ եմ ոչ թե ինձ վրա, այլ ժողովրդի, վստահ եմ էջմիածինցիների գիտակցության և խոհեմության վրա: Սա ժողովրդի ընտրություն է: Ի վերջո, հեղափոխությունը ժողովրդի հաղթանակն է, և հեղափոխության թեկնածուն էլ վայելելու է ժողովրդի վստահությունը: Այնպես որ, իհարկե, մեր դեմ շատ են պայքարում, մեր դեմ անազնիվ մեթոդներով են պայքարում: Օրինակ, եթե ես այս հարցազրույցի նյութը տեղադրեմ իմ էջում, կեղծ օգտատերերի մեծ բանակ դրա տակ տպավորություն է ստեղծելու, թե մեր դիրքերը թույլ են: Սոցցանցերում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե քաղաքը դժգոհ է: Բայց ես կարծում եմ, որ էջմիածինցիները իրենց քայլն անելու են և վստահության քվե են տալու վարչապետին, ՔՊ-ին և «Իմ քայլը» հեղափոխական նախաձեռնությանը, որով ներկայանալու են նաև համայնքապետի առաջիկա ընտրություններում, և դրանով նաև ինչ-որ տեղ կողմ է քվեարկելու խորհրդարանական արտահերթ ընտրություններին»:
Մեր այն հակադարձմանը, թե կարծիքներ կան, որ ՀՀ վարչապետն այդքան էլ գոհ չէ Դիանա Գասպարյանի աշխատանքից, Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն ասաց, թե դա ևս տարբեր ֆեյքերի տարածած լուրերն են ու մանրամասնեց. «Այն, որ բոլոր թեկնածուները մեր դեմ են աշխատում, ապացուցում է այն, որ մենք ուժ ենք ներկայացնում: Վարչապետի հետ կապված խոսակցությունները չգիտեմ. ամեն դեպքում ՔՊ-ի վարչության փոխնախագահը ներկայացրել է Էջմիածնում ինձ: Այն, որ ինքնաառաջադրվել եմ, չի նշանակում, որ կուսակցության թեկնածուն չեմ: Եթե մի փոքր տեղյակ լինեն կուսակցության կանոնադրությանը, կիմանան, որ կենտրոնական կառույցը չի կարող թեկնածու առաջադրել: Կարող են Երևանում, Վանաձորում և Գյումրիում առաջադրել թեկնածու, մյուս բոլոր քաղաքներում թեկնածուները ևս ինքնաառաջադրված են: Կուսակցությունը հայտարարում է, որ սատարում է թեկնածուին: Էջմիածնում կուսակցությունը հայտարարել է, որ սատարում է ինձ»:
Մեր այն հստակեցմանը՝ պաշտոնական հաղորդագրություն կա՞, Դիանա Գասպարյանը պատասխանեց. «Սեպտեմբերի 30-ին Էջմիածնում տեղի է ունեցել կենտրոնական գրասենյակի բացումը: Այստեղ կուսակցությունը ներկայացրել է ինձ որպես ՔՊ-ի և «Իմ քայլը» հեղափոխական նախաձեռնության թեկնածու: Մնացած ամենը ապատեղեկատվություն է: Տեսանյութն էլ տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջում»:
Դիանա Գասպարյանը նշեց, թե ԲՀԿ-ն էլ է մտել քաղաքական պայքարի մեջ ու հավելեց. «Անկուսակցական թեկնածուներից մեկին, հայտնի է, որ սատարում է ԲՀԿ-ն: Անկուսակցական լինելը չի նշանակում, որ քաղաքական ուժն իրեն չի նախընտրում»:
Դառնալով այն խոսակցություններին, թե Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանին, որը ժամանակին Գրիգորյանների մտերիմն էր, այժմ ուզում է պաշտպանել «Դոն Պիպոյի» թիմը, քաղաքապետի թեկնածուն արձագանքեց, թե Արթուր Ասատրյանի անունը շահարկում են, որպեսզի իրենց դիրքերն ամրապնդեն. «Շատ թեկնածուներ դիրքերը պնդելու համար փորձում են իրենց ներկայացնել որպես այդ անձի հովանավորյալ: Ամեն դեպքում ես ինքս չեմ լսել, որ տվյալ անձը որևէ թեկնածուի վերաբերյալ որևէ հայտարարություն անի: Հակառակը, փորձը ցույց է տալիս, որ ես որպես քաղաքի ղեկավար, տիրապետելով քաղաքում իրավիճակին, գիտեմ, որ այդ մարդը անգամ Էջմիածնի հեղափոխության առաջին իսկ օրերին հայտարարել է, որ իրեն քաղաքականությունը չի հետաքրքրում: Իմ դիտարկմամբ՝ այդ մարդը չեզոք է լինելու այս ընտրություններում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ