Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ լրագրող Նարինե Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում քննվեց տուժող Նարինե Ավետիսյանը: Նա պատմեց դեպքի օրը՝ 2017 թվականի սեպտեմբերի 28-ին Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցած դեպքը, որի հետեւանքով ինքը ճանաչվել է տուժող:
-Մոտավորապես երեք կամ չորս անձ, հետեւի կողմից սկսեցին քաշքշել ինձ: Դիմացից Տիգրան Նազարյանն էր ձեռքերս բռնել քաշքշում, եւ ամբողջ մարմնով ես ցնցվում էի: Այդ ժամանակ ես ընկա, աշխատակիցներից մեկը, որի դեմքը չեմ տեսել, չեմ ճանաչում, հեռախոսը վերցրեց ոտքերիս արանքից: Նրանք տեսնելով, որ հեռախոսն արդեն կա, ինձ թողեցին գետնին ընկած եւ հեռացան… Այդ պահին ոչ միայն լրագրող, այլ մութ փողոցում, կամրջի եզրին անօգնական կին էր ընկած: Եվ այդտեղ բռնություն էր ոչ միայն լրագրողի, այլեւ կնոջ նկատմամբ,- ասաց Նարինե Ավետիսյանը:
Նարինե Ավետիսյանը նշեց, որ մեղադրական եզրակացությունում կան փաստեր, որոնք դուրս են մնացել գործի քննությունից: Եվս մեկ անգամ նշելով, որ իր նկատմամբ բռնություն է կիրառել մեղադրյալ Տիգրան Նազարյանը:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց նաեւ վկա Յուրի Գասպարյանը: Վկան աշխատում է «Շին +» ընկերությունում, որպես աշղեկ: Գասպարյանը նշեց, որ դեպքի օրը Նարինե Ավետիսյանին տեսել է միայնակ, որին օգնել է կքանստած տեղից բարձրանալ. «Ես տիկնոջը տեսել եմ: Իրեն վատեր զգում, ես մոտեցել եմ իրեն: Օգնել եմ, հանգստանալ ու ճանապարհել եմ: Դրանից հետո տեսա Վրեժին (հեղ. մեղադրյալ Վրեժ Խաչատրյանին) ձեռքին հեռախոս: Ասեց այդ կնոջինն է, ասեցի բա ինչի՞ չես տվել, ասաց էլ այստեղ չի, գնացել է: Բայց թե ո՞նց գնաց, ուր գնաց, ես էլ չգիտեմ: Հետո արդեն գիշերն ինձ կանչեցին ոստիկանություն: Առերեսման ժամանակ, տիկինն ասաց, որ մարդ մոտեցավ օգնեց ինձ, շատ շնորհակալ եմ, որ ամբողջ Կիրովականում այդ մի մարդն էր, որ օգնեց ինձ: Բայց շատ շուտ կարծիքը փոխեց, հենց իմացավ, որ ես էլ եմ այդ ընկերությունից: Դարձա շատ կոպիտ ու վայրենի մարդ»:
Վկայի հարցաքննությունից հետո ե՛ւ մեղադրող, ե՛ւ պատասխանող կողմը առարկեց, նշելով, որ հակասություններ կան Գասպարյանի նախաքննական փուլում տրված ցուցմունքների հետ: Որից հետո դատարանը հրապարակեց նախաքննության ժամանակ արված ցուցմունքը:
Ցուցմունքում կողմերը նկատեցին մի քանի հակասություններ: Դրանից հետո վկա Գասպարյանը կրկին հարցաքննվեց:
Հարցաքննությունից հետո մեղադրյալներ Վրեժ Խաչատրյանի եւ Տիգրան Նազարյանի պաշտպան Գարիկ Գալիկյանը դատավորին խնդրեց ընթերցել միջնորդությունը, որի համաձայն խնդրում էին թույլտվություն, որպեսզի Տիգրան Նազարյանը հոկտեմբերի 7-14-ն ընկած ժամանակահատվածում կարողանա մեկնել Իտալիա: Ըստ իրենց, այնտեղ Նազարյանը մասնակցելու է հանդիպման, բացի այդ ձեռք է բերելու նաեւ շինարարական տեխնիկա:
-Դուք կարող եք վիզան տրամադրել դատարանին, որպեսզի դատարանը տեսնի այն,- հետաքրքրվեցին դատավոր Լուսինե Աբգարյանն ու մեղադրող կողմը: Բավարար փաստեր չներկայացնելու պատճառով դատարանը մերժեց միջնորդությունը:
Բացասական պատասխան ստանալով, պաշտպանը նշեց, որ ինքն այստեղ արդեն միտում են տեսնում. «Հարգելի դատարան, մենք մի անգամ էլ մարտ ամսին, հրավերքն ուղարկեցինք, տոմսն էլ գնել էինք, բոլորը միասին ուղարկեցինք դատարան: Չգիտեմ ինչ-ինչ պատճառներով մերժվեց, եւ մենք վնասներ կրեցինք: Հիմա էլ երկրորդ անգամ: Ես ներողություն եմ խնդրում, թող անձնավորված չլինի, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կոնկրետ կա նպատակ, հնարավորինս վատություն անել Տիգրան Նազարյանին»:
Նազարյանն էլ նշեց, որ ինքն ձեռք է բերել Իտալիա մեկնելու համար ինքնաթիռի տոմս եւ վիզան, սակայն այս պահին այն ձեռքի տակ չէ: Ավելացնելով, որ խնդրով ինքը կդիմի վարչապետին. «Ես վարչապետին կգրեմ, որ ինքը խոստացել է, որ գործարարներին չեն խոչընդոտելու: Ես պայմանագիր եմ առել, որ գնամ տեխնիկա ձեռք բերում, եւ ինչ-որ ծիծաղելու մի հատ հոդվածով, որ սա շոու է, եւ ինձ հիմա երկրորդ անգամ թույլ չեն տալիս: Նախորդ անգամ էլ եմ տոմսերը բյուջեի հաշվին փոխանցումով առել, այս անգամ էլ: Ես այդ ամբողջ թղթերը կներկայացնեմ ում որ պետք է: Դուք պատասխան եք տալու, ես դատի եմ տալու ձեզ (հեղ. Նկատի ունի մեղադրող կողմին):
Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 2-ին ժամը 14:30-ին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ