ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ավելի վաղ զգուշացրել էր, որ եթե հայտնի նախագիծն ընդունվի, ինքը ստիպված կլինի դուրս գալ հրապարակ եւ կոչ արել, որ ժողովուրդն աջակցի իրեն:
«Եթե պարզվի, որ աջակցում եք ինձ, կառավարությանը, մենք կհաղթահարենք այս ամենը, եթե պարզվի, որ չեք աջակցում, ես այդ պահից սկսած անիմաստ կհամարեմ իմ պաշտոնավարումը այդ պաշտոնում: Ես ասել եմ, որ այդ նախագիծը պետք է հանվի շրջանառությունից եւ երաշխիքներ ստեղծվեն, որ չի ընդունվի, այլապես դա կլինի հակահեղափոխության մեկնարկ Հայաստանի Հանրապետությունում»:
Նա հիշեցրել էր, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ է հանդիպել ու ցանկություն է ունեցել մյուս քաղաքական ուժերի հետ նույնպես հանդիպել, որպեսզի փորձեն համաձայնության գալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետների վերաբերյալ:
Սակայն, Փաշինյանի ձեւակերպմամբ. «Այսօրվա իրադարձությունը որոշակի ֆորս մաժոր է մտցրել քաղաքական իրավիճակի մեջ: Ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիները կպաշտպանեն իմ այս դիրքորոշումը, որ ՀՀ-ում անհրաժեշտ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերի առաջին կեսին: Բնականաբար, երբ ասում ենք՝ դեկտեմբերի առաջին կեսին տեղի ունենան խորհրդարանական ընտրությունները, նկատի ունենք, օրինականության եւ Սահմանադրականության լիարժեք պահպանմամբ: Մենք այդ մեխանիզմն ունենք: Խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին տեղի չեն ունենա միայն մեկ պարագայում՝ եթե պարզվի, որ ՀՀ քաղաքացիները այդ գաղափարը չեն պաշտպանում, ինչն էլ իր հերթին քաղաքական հետեւանքներ կունենա: Ես ինքս պատրաստ եմ առերեսվել այդ քաղաքական հետեւանքների հետ»:
Նրա խոսքերով, արտահերթ ընտրությունները ձեւակերպված պահանջ են:
Փաշինյանը նաեւ նշել էր, որ եթե ՀՀԿ-ն փորձի պաշտոնական մեկնարկ տալ հակահեղափոխությանը, ինքը ստիպված կլինի դիմել ժողովրդի աջակցությանը, ինչը եւ արեց: Նա կոչ արեց հավաքվել ԱԺ շենքի մոտ, քանի որ ՀՀԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/307497326702210/
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ