Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդին պատերազմ հայտարարողների մասին

Հոկտեմբեր 02,2018 19:15

«Երկար ժամանակ քննարկվում էր՝ գոյություն ունի՞ հակահեղափոխություն, թե չունի Հայաստանի Հանրապետությունում, ի վերջո այդ հարցի պատասխանն այսօր ստացվեց, երեկ հրատապության կարգով ԱԺ օրակարգ է մտել եւ նախատեսվում էր այսօր քննարկել մի նախաձեռնություն, որի բովանդակությունը ես ձեզ մանրամասն չպատմեմ, բայց որի նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կանխելն  էր, այնպես անելը, որ Հայաստանը ժողովրդի իշխանությունն այս պայմաններում դե ֆակտո  մտնի քաղաքական ճգնաժամի մեջ, որ հնարավոր չլինի հաղթահարել»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ խնդրի իրավական մանրամասներին չի անդրադառնա, սակայն նշեց, որ նախագծի իմաստը հետեւյալն է. «Եթե ԱԺ նիստը տեղի չի ունենում, օրինակ տարբերակ՝ ժողովրդի կողմից շենքը շրջափակված լինելու պատճառով, ապա կարող է համարվել, որ այդ նիստը ոչ թե չի կայացել, այլ ընդհատվել է: Այսինքն, սա նշանակում է, որ Սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսված ժամկետները կասեցվում են: Դա նշանակում է, որ նիստը ընդհատվում է, եւ դրանից անցնում է մեկ շաբաթ, մեկ ամիս կամ վեց ամիս, այդ վեց ամսից հետո դե յուրե կհամարվի, որ ոչ թե վեց ամիս է անցել, այլ այդ նիստը շարունակվում է եւ օրերի վրա այդպիսի ազդեցություն չի ունենա: Ըստ էության, սա է այդ օրենքի նախագծի իմաստը, եւ թե ի՞նչ կապ ունի դա հակահեղափոխության հետ, կարծում եմ՝ բոլորդ էլ կռահեցիք: Ըստ էության, այն ուժերը, որոնք մասնակցել են այս նախագծի ստեղծմանը եւ պատրաստվում էին կողմ քվեարկել, մենք իրենց բացահայտում ենք որպես հակահեղափոխական ուժ: Ես ուզում եմ հստակ հայտարարել, որ բոլոր նրանք, որոնք որեւէ ձեւով կողմ կքվեարկեն այս նախագծին, նրանք քաղաքական պատերազմ են հայտարարում ժողովրդին»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հեռախոսազրույց է ունեցել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ եւ նրանց ասել. «Եթե հիմա այդ քվեարկությունը չհետաձգվի, ես ստիպված կլինեմ ուղերձով դիմել ժողովրդին եւ աջակցություն խնդրել ժողովրդից: Ես ուրախ եմ, որ բանականությունը հաղթեց եւ  նախագիծը չդրվեց քվեարկության, բայց ես այսօր այցելել եմ ԱԺ հանդիպել եմ  Արա Բաբլոյանի եւ Վահրամ Բաղդասարյանի հետ եւ կրկնել եմ իմ գնահատականը»:

Վարչապետը կարծում է, որ այդ քայլով ի ցույց է դրվում, որ Հայաստանում հակահեղափոխական ուժերի եւ քաղաքական գործիչների շրջանակը: Նա ասաց, որ ակնկալում է հետեւյալը. «Կոչ եմ անում ՀՀԿ խմբակցության ղեկավարին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի, որպեսզի այդ նախագիծն ընդհանրապես շրջանառությունից հանվի եւ երաշխիքներ ստեղծվեն, որ այդ նախագիծը չի  ընդունվի»:

Նա ԱԺ բոլոր պատգամավորներին կոչ արեց չգնալ ներքաղաքական իրավիճակը սրելու եւ երկրում հեղափոխական իրավիճակ ստեղծելու գործընթացին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031