ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ԱԺ հայտարարությունների ժամին արտահերթ հայտարարությամբ հանդես եկավ՝ լսելով պատգամավորների վեճերն ու ելույթները:
Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում լեգիտիմ պայմանավորվածություն է եղել արտահերթ ընտրությունների գնալ եւ դա ամրագրված է եղել կառավարության ծրագրում. «Մենք պետք է մինչեւ 1 տարվա ընթացքում՝ մինչեւ մայիս արտահերթ ընտրություններ ունենանք: Հիմա ի՞նչ կատարվեց, այսինքն, այդ պայմանավորվածությունը հընթացս մի կողմ է դրվում եւ նոր առաջարկ է արվում: Մենք դա չպե՞տք է քննարկենք, իհարկե, պետք է քննարկենք: Չպիտի՞ դնենք նժարի վրա, թե ինչ ռիսկեր ու կորուստներ ունենանք մի դեպքում եւ մյուս դեպքում: Պետք է գնանք քիչ կորուստների ճանապարհով»:
Նա ասաց՝ «հիմա ի՞նչ է լինելու, կարծիքի մոնոպոլիա՞ է լինելու, այսինքն, էդ կարծիքը հնչեցվել է՝ руки вверх, մենք սենց արեցինք ու գնում ենք էն յա՞ն, իհարկե՝ ոչ»:
Նա ասաց, որ նախ պետք է «Ընտրական օրենսգիրքը» փոխել. «Ասել ենք՝ ռեյտինգայիննն արատավոր է, բա ամբողջ ամառ ի՞նչ էիք անում, բա բերեք անենք, ԶԼՄ-ները ամառը լուսաբանում էին օրը 4 անգամ, 14 անգամ, սա չկա: Ասե՞լ ենք, որ բոլոր քաղաքական ուժերի համար՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական, ստեղծենք հավասար պայմաններ, որ չասենք՝ էս 4 ուժերն են անցնում, էն մյուսները գնան թոշակի: Բոլորի համար ադապտացիոն շրջան ա պետք գոնե մի 6-7 ամիս, որ ռեսուրսները մոբիլիզացնեն, սա անեն, նա անեն: Վերջապես ամենակարեւորը՝ քաղաքական որոշակի կոնսենսուս է պետք՝ հավաքվենք, հասկանանք ինչ ենք անում: Փոխվե՞լ է ինչ-որ բան, եթե փոխվել է, ի՞նչ է փոխվել: Քաղաքի ընտրությունները դրանք քաղաքական ընտրություններ չէին, միշտ էլ դա ընկալվել է որպես քաղաքի տնտեսական, սոցիալական պրոբլեմներով տոգորված ընտրություններ: Երբ կալանավորված էին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, Սերժ Սարգսյանը, երբ դեռ հրաժարական չէր, տվել, միացել ենք շարժմանը, պետք չի մոնոպոլիզացնել էդ ամեն ինչը: Ժողովուրդն է տերը էդ ամեն ինչի»:
Նա ասաց՝ կառավարությունը ներդրողներից է խոսում, եթե կա, բերեք ես էլ խոսեմ էդ ներդրողների հետ, հասկանամ՝ պառլամենտն ինչո՞վ է խանգարում էդ ներդրումներին. «Կարեն Կարապետյանն էլ էր խոսում ներդրումներից»:
Մելքումյանը նաեւ նշեց՝ «ձեր դուրը գալի՞ս ա, որ ԱԺ պլենառ նիստը կես ժամ, մի ժամ է տեւում, սա նշանակում է, որ կառավարությունը օրակարգ չունի, որ բերի ստեղ, մենք էլ ասենք, որ մե՞նք էլ չունենք օրակարգ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ