ՀՀ 3-րդ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին առանձնատուն տրամադրելու հարցում կողմերը համաձայնության չեն գալիս: Կառավարության առաջարկությունները կարծես թե Սերժ Սարգսյանի սրտով չեն:
Կառավարությունը, ըստ «Հայկական ժամանակի», Ավան վարչական շրջանում գտնվող 1 մլն 250 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է առաջարկել: Այս մասին տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նա վստահեցմամբ՝ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահ, բնակարանի այս տարբերակն առաջարկվել է սեպտեմբերի 26-ին, եւ տրվել է 5 օր ժամանակ՝ վերջնական պատասխանի համար:
«Կարծում եմ, որ պարոն Սարգսյանը որեւէ հիմք չպետք է ունենա, որ հրաժարվի այդ առանձնատնից»,-ասել է Աղաջանյանը:
Արդյոք կողմերը քննարկել են այս տարբերակը, Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում պատասխանել է՝ «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ մենք ձեռք էինք բերել պայմանավորվածություն, որ բոլոր խնդիրներն ու հարցերը քննարկում ենք ուղղակի շփման մեջ, չմիջնորդավորված շփման մեջ եւ ուղերձներ չենք փոխանակում լրատվամիջոցների միջոցով… փաստը նրանում է, որ մենք ունեինք պայմանավորվածություն, որ մենք շփվում ենք ուղղակիորեն, չմիջնորդավորված, առավել եւս ԶԼՄ-ների օգնությամբ, եւ մենք հավատարիմ ենք ձեռք բերված պայմանավորվածությանը»:
Պայմանավորվածությունը խախտելու մասին հարցին Aravot.am-ին Էդուարդ Աղաջանյանի օգնականը փոխանցեց աշխատակազմի ղեկավարի պատասխանը, ըստ որի, պարոն Աղաջանյանն էլ կողմ է եղել, որպեսզի հարցը չհանրայնացվի. «Բայց խնդրի լուծումը պետք է տրվեր օր առաջ: Արդեն բավական ժամանակ է անցել, մոտ 5 ամիս, իսկ այս խնդրի լուծումը հանրային պահանջարկ ունի: Ի վերջո, օրենքի պահանջ է պաշտոնաթող նախագահին տուն տրամադրելը»:
Այսինքն, ըստ Աղաջանյանի օգնականի, Սարգսյանին առանձնատուն տրամադրելու մասին հարցի քննարկումն առանց միջնորդների եւ լրատվամիջոցների պայմանավորվածությունը խախտվել է, քանի որ կա հանրային բարձր հետաքրքրություն:
Աղաջայանն ասել էր, որ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին մայիս ամսից ի վեր առաջարկվել է բնակարանի 10 տարբերակ, այդ տարբերակներից որեւէ մեկը Սարգսյանի գրասենյակի համար ընդունելի չի եղել։ Ըստ Աղաջանյանի, Սարգսյանի գրասենյակը կառավարությանն առաջարկել է Ազատության պողոտայում առանձնատուն գնել ու տրամադրել Սարգսյանին։ Այս տարբերակը ֆինանսապես ձեռնտու չի եղել։ Այն կիսակառույց վիճակով արժեցել է 6 միլիոն դոլար, եւ կառավարությունը մոտ 6 միլիոն դոլար էլ պիտի ծախսեր, որպեսզի այն տեսքի բերեր: Սարգսյանի գրասենյակը նաեւ առաջարկել է պաշտոնաթող նախագահին տրամադրել ԱԱԾ ընդունելությունների տունը։ Այս տարբերակն էլ մերժվել է, քանի որ այն պետական գործառույթներ կատարելու համար նախատեսված շինություն է։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ