«Այսօրվա ամբողջ ինտրիգի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Թե ինչում է մեղավոր վարչապետը, ըստ Պետրոսյանի, Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավում մի գլուխկոտրուկ է առաջ քաշել իր հայտարարություններով: Հայտարարություններից մեկն այն էր, որ ԱԺ-ում կան պատգամավորներ, ովքեր կուլիսային հանդիպումներ են ունենում ՀՀԿ վերնախավի հետ, փորձում են սեփական հարցեր լուծել: Սրանով նա, ըստ Պետրոսյանի, կասկածի մեջ է գցել իր գործընկերներին նաեւ: Իսկ Փաշինյանի մյուս հայտարարությունն այն էր, որ ինքը ընդամենը 4 հավատարիմ մարդ ուներ վարչապետի պաշտոնին հավակնելիս, որից մեկն ինքն էր:
Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ «Ելք» խմբակցության անդամները ամեն մեկն ուզում է ցույց տալ, որ ինքն այդ 4-ի մեջ է. «Երբ որ մեզ որոշ գործընկերներ, մասնավորապես պարոն Մարուքյանն ասում է՝ կուլիսային հանդիպումներ են ունենում, հլը մի հատ հիշեք՝ էդ ո՞վ է ում հետ կուլիսային հանդիպումներ ունեցել, ո՞վ ա ում խելքի գցել՝ ոնց կարելի է տապալել վարչապետի նախաձեռնությունները, հիմա եկել եք կուլիսային հանդիպումներին ուրիշ բան եք խոսում, հրապարակային հանրության դատին ուրիշ բան եք հանձնում մեզ վարկաբեկելու համա՞ր, պարոն Մարուքյան: Մեզ հնարավոր չի վարկաբեկել էդ մեթոդներով»:
Պետրոսյանը դիմեց նաեւ «Ելքի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ ասելով, որ հայտարարել է, թե «ես ԱԺ կանոնակարգ օրենքին լրջորեն չեմ ծանոթացել»: Նա ասաց՝ եթե չի ծանոթացել, ո՞նց կարող է կարծիք հայտնել, մի բան էլ քաղաքական գնահատական տալ, մեղադրել, թե իրենք երկրորդ նախագահի հետ են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ