Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առցանց լրատվամիջոցներում բուն քարոզարշավի շրջանակում ամենաշատ լուսաբանված ուժը «Իմ քայլը» դաշինքն է

Հոկտեմբեր 02,2018 18:16

«Անկախ դիտորդ» դաշինքը սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակում իրականացրել է քարոզարշավի լուսաբանման մոնիթորինգ վերգետնյա հեռուստաալիքներում և առցանց հարթակում:

Հետազոտության ընթացքում սեպտեմբերի 10-23-ն ընկած ժամանակահատվածում մոնիթորինգ է իրականացվել հայկական 5 հեռուստաալիքներում՝ Հանրային («Առաջին ալիք») «Արարատ», «Արմենիա TV», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», և 5 առցանց լրատվամիջոցներում՝ «Առավոտ», tert.am, news.am, 1in.am, «Հայկական ժամանակ»:

Հեռուստաալիքների դեպքում մոնիթորինգն իրականացվել է ժամը 18:00-24:00 ընկած ժամանակահատվածում (փրայմ-թայմ), իսկ առցանց մամուլում վերլուծության է ենթարկվել ամբողջ օրվա տեքստային կոնտենտը: Առանձին ուսումնասիրության են ենթարկվել նաև լռության օրը և բուն քվեարկության օրը (սեպտեմբերի 22-23):

Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ Հանրային հեռուստաալիքը սահմանված կարգով և հավասար պայմաններով անվճար եթերաժամանակ է տրամադրել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, որից առավելագույն կերպով օգտվել են «Իմ քայլը» և «Լույս» դաշինքները, ամենաքիչը՝ Ռեֆորմիստների կուսակցությունը:

Մնացած հեռուստաալիքները սահմանել են վճարովի եթերաժամանակի գնացուցակը, ընդ որում՝ այդ եթերաժամանակից առավել շատ օգտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Վճարովի եթերաժամանակի վրա ընդհանրապես գումար չեն ծախսել «Հայք. Հայկազուններ», «Ժողովրդական ուղի» կուսակցությունները, «Երևանցիներ» և «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքները:

Հեռուստաալիքներն իրենց փրայմ-թայմի եթերում ցուցադրել են նաև ընտրողների իրազեկվածության բարձրացմանն ուղղված տեսանյութեր, որոնցում ներկայացվել է քվեարկությանը մասնակցելու կարգը, ընտրողների իրավունքներն ու պարտականությունները: Ընդ որում՝ այս տեսանյութերին առավել շատ եթերաժամանակ տրամադրել է «Առաջին ալիքը», ավելի քիչ՝ «Արմենիա» հեռուստաալիքը:

Ընդհանուր առմամբ, մոնիթորինգի ենթարկված 5 հեռուստաալիքներում բուն քարոզարշավի շրջանակում (բացառելով ինստիտուցիոնալ գործառույթների լուսաբանումը) ամենաշատ հիշատակված ուժերն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), «Իմ քայլը» դաշինքը և Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), իսկ ամենաքիչը լուսաբանվել է «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը (ԵՀԿԴ): Ընդ որում՝ բոլոր քաղաքական ուժերից դրական տոնայնութամբ ամենաշատը լուսաբանվել է ԲՀԿ-ն, բացասական տոնայնությամբ՝ «Իմ քայլը»:

Ինչ վերաբերում է քաղաքապետի թեկնածուներին, ապա նշված հեռուստաալիքներն ընդհանուր առմամբ առավել շատ եթերաժամանակ տրամադրել են ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանին (առավելապես դրական տոնայնությամբ), ամենաքիչը՝ ԵՀԿԴ թեկնածու Անահիտ Թարխանյանին: Ուշագրավ է, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը այս աղյուսակում վերջից երրորդ տեղում է, ընդ որում, նա լուսաբանվել է գերազանցապես բացասական տոնայնությամբ:

Ի տարբերություն հեռուստաալիքների՝ մոնիթորինգի ենթարկված 5 առցանց լրատվամիջոցներում բուն քարոզարշավի շրջանակում ամենաշատ լուսաբանված ուժը «Իմ քայլը» դաշինքն է, որին բաժին է ընկնում ընդհանուրի 35%-ը, նրան հաջորդում են ԲՀԿ-ն (20%) և «Լույս» դաշինքը (19%): Ընդ որում, «Իմ քայլի» հիշատակումներն առավելապես չեզոք են, ԲՀԿ-ն հիշատակվել է հավասարապես դրական և չեզոք տոնայնությամբ և միայն 8%-ով՝ բացասական, իսկ «Լույս» դաշինքը՝ առավելապես դրական և միայն 2%-ով՝ բացասական:

Ընդհանուր առմամբ, բոլոր քաղաքական ուժերից ամենաշատը և՛ դրական, և՛ բացասական տոնայնությամբ հիշատակվել է «Իմ քայլը» դաշինքը:

Ինչ վերաբերում է քաղաքապետի թեկնածուներին, առցանց լրատվամիջոցներում բուն քարոզարշավի շրջանակում ամենաշատը հիշատակվել են Հայկ Մարությանը և Նաիրա Զոհրաբյանը (հավասարապես յուրաքանչյուրը 22%), նրանց հաջորդում է Արտակ Զեյնալյանը, հետո՝ Զարուհի Փոստանջյանը: Ընդ որում՝ Հայկ Մարությանը հիշատակվել է առավելապես չեզոք, մյուս երկուսը՝ առավելապես դրական տոնայնությամբ: Ամենաքիչ լուսաբանված քաղաքապետի թեկնածուն «Հայք. Հայկազուններ» կուսակցության առաջին համար Գևորգ Հովսեփյանն է:

Ուշագրավ է, որ բուն քարոզարշավի շրջանակում առցանց լրատվամիջոցներում «Իմ քայլը» դաշինքից առավել շատ լուսաբանվել է ոչ թե դրա առաջին համար Հայկ Մարությանը, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ հեռուստաալիքների եթերում Հայկ Մարությանին ավելի շատ եթերաժամանակ է հատկացվել բուն քարոզարշավի ընթացքում, քան Նիկոլ Փաշինյանին:

Հաշվի առնելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը, մոնիթորինգի ընթացքում դիտարկվել է նաև նրան տրամադրված եթերաժամանակը և ծավալը: Ըստ այդմ, հեռուստաալիքներում նա առավելապես լուսաբանվել է չեզոք տոնայնությամբ, իսկ դրական տոնայնությամբ Ռոբերտ Քոչարյանի անունն առավելապես հնչել է «Արարատ» հեռուստաալիքի, իսկ բացասական տոնայնությամբ՝ «Առաջին ալիքի» եթերում:

Ի տարբերություն հեռուստաալիքների, առցանց լրատվամիջոցներում Ռոբերտ Քոչարյանին հատկացված ծավալի գրեթե կեսը՝ 48%-ը, եղել է բացասական տոնայնությամբ: Մասնավորապես, 1in.am-ը, «Հայկական ժամանակը» և «Առավոտը» նախկին նախագահին հիշատակել են գերազանցապես բացասական տոնայնությամբ, tert.am-ը՝ առավելապես դրական, իսկ news.am-ը՝ առավելապես չեզոք:

Ինչ վերաբերում է նախկին իշխող ուժին՝ «Հանրապետական» կուսակցությանը, ապա պետք է նկատել, որ հեռուստաալիքներն այս կուսակցությանը բոլոր քաղաքական ուժերից ամենաքիչ եթերաժամանակն են տրամադրել (առավելապես չեզոք), իսկ առցանց լրատվամիջոցներում այն երկրորդ ամենաշատ լուսաբանված քաղաքական ուժն է, և դարձյալ հիշատակվել է գերազանցապես չեզոք տոնայնությամբ:

Facebook սոցիալական ցանցում իրականացված մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ, թեև քարոզարշավին մասնակցող ուժերի պաշտոնական էջերը մնացել են էթիկայի սահմաններում և որպես կանոն զբաղվել են սեփական քարոզարշավով, սև քարոզարշավով զբաղվել են անհատ օգտատերերը, առավել հաճախ՝ կեղծ օգտահաշիվներով: Հենց այդ օգտահաշիվներով էլ իրականացվել է բուն քարոզչությունը, որն ավելի շուտ կրել է հակաքարոզչության բնույթ:

 

Ամփոփիչ զեկույցն ամբողջությամբ՝ կարող եք կարդալ այստեղ:

 

 

«Անկախ դիտորդ» դաշինք

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031