Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր խորհրդարան էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարեց, որ դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Ես կարծում եմ, որ այսօր խորհրդարանում տեղի է ունեցել շատ կարեւոր իրադարձություն` նեգատիվ առումով: ՀՀԿ-ն եւ կարծես թե ոչ միայն ՀՀԿ-ն, հերթական անգամ ցույց են տվել, որ իրենք ճիշտ չեն գնահատում Հայաստանում հաստատված իրավիճակը: Այն, ինչ տեղի է ունեցել, չի կարող անցնել առանց հետեւանքների եւ ես այդ կապակցությամբ պատրաստվում եմ անել շատ կարեւոր քաղաքական հայտարարություն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա, եթե հարց էր գնում՝ Հայաստանում հակահեղափոխություն կա, թե ոչ, կարող ենք հստակ արձանագրել, որ, այո, Հայաստանում կա հակահեղափոխություն, և հակահեղափոխական են բոլոր նրանք, քաղաքական այն ուժերը, ովքեր պաշտպանել են եւ պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը: Ինձ հավաստիացնում են, որ դա երեք քաղաքական ուժերի կողմից նախաձեռնություն է: Ցանկացած պատգամավոր, ով կհայտարարի, որ ինքը պաշտպանում է այդ նախագիծը, այո, ես պաշտոնապես ասում եմ՝ ինքը հակահեղափոխության ներկայացուցիչ է եւ ցանկանում է, որ կոռուպցիոն համակարգը հասնի ռեւանշի իշխանության նկատմամբ: Մենք, բնականաբար, դա թույլ չենք տա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Խոսքը ՀՀԿ –ական եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի եւ Գեւորգ Պետրոսյանի ներկայացրած ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների նախագծին է վերաբերվում: Այն, ըստ որոշ մեկնաբանությունների, սահմանափակում է խորհրդարանի լուծարման հնարավորությունները:
Հարցին`այս ամենից հետո քաղաքական ուժերի հետ շարունակելո՞ւ է բանակցությունները արտահերթ ընտրությունների շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ պետք է արձանագրել հետեւյալը. «Վերջին զարգացումներից հետո 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
վա՜յ, վայ, վայ… ահա, նորէ՛ն ջղայնացուցիք սա մարդը, պէ՜… հազիւ մի քիչ հանդարտած էր…տեսա՞ք, ինչ եղաւ (ինչպէս որ կ’երգէ Թաթան…)…