Մարալիկում շարունակվում է բողոքի ցույցն ընդդեմ Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի։ Այսօր ևս ցուցարարները, շրջափակելով համայնքապետարանի շենքը, ներս չեն թողել Արտակ Գևորգյանին՝ պահանջելով նրա հրաժարականը։ Այսօր, սակայն, բախումներ են տեղի ունեցել համայնքապետի համախոհների, բարեկամ-հարազատների ու ցուցարարների միջև, միջամտել է ոստիկանությունը։
Արտակ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցուցարարները փորձել են իրեն քաշքշել, շորերը պատառոտել, ցուցարարները, սակայն, պնդում են, որ իրենք նման բան չեն արել, ընդհակառակը համայնքապետը փորձում էր սադրանքներ հրահրել։
Նշենք, որ մեր՝ Մարալիկ այցելության պահին մեծ թվով ոստիկաններ կային Գյումրիից, այնտեղ էր նաև Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը։
Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջողների պատմելով՝ համայնքապետի համախոհները, բարեկամները, որոնց թվում եղել են համայնքապետի քեռու որդի Մուշեղ Գևորգյանը՝ ուսումնարանի տնօրենը, քեռին՝ էլեկտրացանցի տնօրենը, մորաքրոջ ամուսին Կարոն Առաքելյանը՝ «Մարալիկ ճանշին»-ի ղեկավարը, խնամին՝ 1-ին դպրոցի տնօրեն Շուշանիկ Հովհաննիսյանը վիճաբանություն ու քաշքշուկ են սարքել իրենց հետ։
«Եկել էր ոչ թե մեր հետ խոսելու, այլ հայհոյելու, սադրանք հրահրելու, որ մեզ հունից հաներ, մեզ ազատ պահեինք, տրվեինք իրենց սադրանքին, և մեր հարգարժան ոստիկանները մեզ տանեին բաժին, ուրիշ ոչ մի բան։ Ոչ մի լավ բան չենք տեսել, ոչ մի լավ բան չենք սպասում, մենք ճանաչում ենք իր մարդ տեսակը, ուզում ենք ոչնչացնել այդ տեսակը։ Բոլոր համայնքներում հեղափոխություն եղավ, Երևանում լավ է, մյուս տեղերում լավ է, մեզ մոտ չգիտեն ինչ է հեղափոխությունը»,- ասացին ցուցարարները։
Մարալիկի բնակիչ Վարդան Մաթևոսյանն էլ ասաց․ «8 երեխու հայր եմ, Արտակ Գևորգյանը երեք անգամ ընտրվել է, իմ ընտանիքից ոչ մի ձայն նրա օգտին չի գնացել։ 14 տարի ոչ մի լավ բան չի արել, բացի վատ բանից՝ կաշառակերությունից, գողանալուց, թալանելուց, տանելուց, և ոչ միայն ինքը, այլ իր քեռին՝ էլեկտրոյի Սոսը, ուսումնարանի դիրեկտոր Մուշեղը, որը քեռու տղեն է, դպրոցի դիրեկտոր Հովհաննիսյան Շուշոն, իմ խնդրանքս էն է, որ հրաժարական տա, հեռանա։ Մի խելքը գլխին մարդ գա, ղեկավարի Մարալիկը։ Ուսումնարանը պատկանում է կրթության նախարարությանը, այդպես չէ՞, բա էդ կրթության նախարարը չի տեսնո՞ւմ, որ ուսումնարանի դիրեկտորն աշխատանքի ժամին եկել, ցույցերի է մասնակցում, խոչընդոտում, կռիվ է սարքում մարդկանց հետ, ինչի՞ իր աշխատանքի վայրում չէ։ Տեսեք կանգնած են համայնքապետի համախոհները, հո ես սուտ չեմ խոսում։ Կրթության նախարարը չի՞ ասում, ինչո՞ւ ես աշխատանքի ժամին աշխատանքդ թողել, գնացել, կռիվ ես սարքում մարդկանց հետ։ Էսօրվանից ինքը չպիտի լինի մեր ղեկավարը։ 16 գյուղ միացրել են Մարալիկին, ինքը մի Մարալիկ չի կարող ղեկավարի, 16 գյուղ ի՞նչ ձևի պիտի ղեկավարի։ Ասում է միտք չունեմ հրաժարական տալու, ինչի՞ որ, Գրիգորյանի Մանվելից լավ տղա՞ ես, Սերժից ու Քոչարյանից լա՞վ տղա ես, ինձանից լա՞վ տղա ես։ 4 զինվոր եմ տվել ես, երկուսը գնացել են Արցախ, պատվոգրով հետ են եկել, պատվոգիրը տանում, իրեն ցույց եմ տալիս, տուն եմ պահանջում, պատռում, գցում է մի կողմ, ասում է՝ լավ տղեն չի ծառայի։ Ո՛չ ինքն է ծառայել, ո՛չ իր քեռու երկու տղեքը, ինչի՞ չպիտի ծառայեն որ։ Հիմիկվա դրությամբ Փաշինյանի տղեն ծառայում է, իրենք ինչի՞ չպիտի ծառայեն որ, լավ պապա ունին, ջփերը դնում են տակները, հա՞»։
Ցուցարարներից մեկն էլ ասաց․ «Հուսանք մեր բոյկոտն արձագանք կստանա մեր կառավարության կողմից, չստանալու դեպքում դժվար չէ 72 ժամը փոխել 720 ժամի։ Ինքը պիտի հրաժարական տա ու վերջ, մարդը մեկ օրում չի փոխվում, չի փոխում նպատակ, չի փոխում գաղափար։ Եթե մենք մտածենք ևս մեկ անգամ շանս տանք 2 կամ 5 տարի, ոնց որ ինքն է ցանկանում, նորից կփչացնի, կփոշիացնի համայնքային ունեցվածքը, մենք թույլ չենք տա»։
Սառնաղբյուրի բնակիչներից մեկն էլ ևս հույս հայտնեց, որ կառավարությունն արագ կարձագանքի իրենց պահանջին։
«Ի՞նչ են ուզում, հավաքենք այնպիսի մասսա որ կաթվածահար անենք սաղ պետական կառույցները, ճանապարհները։ Էդ եք ուզու՞մ, մեր հայտարարությունը կա, եթե այսքանը չանցավ, կանցնենք ավելի կոպիտ միջոցների։ Թող կառավարությունը մտածի, եթե սպասում են պայթյունի, դրան էլ կհասնենք, եթե լուծում չստանանք»։
Սառնաղբյուր համայնքից ընտրված ավագանու անդամ Գևորգ Շաբոյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ական համակարգը կոռումպացված էր, դրա մի մասնիկն էլ իրենց համայնքապետն է , ուստիև պիտի հրաժարական ներկայացնի ու հեռանա։
«Տեսաք, ժողովրդի փողերը հանեցին էն մարդկանց գրպաններից, որոնց տարիներ շարունակ անվանում էին հերոսներ։ Մենք ունենք կաշառակեր, ագահ չինովնիկներ, որոնք մենակ իրենց համար են մտածում»,- ասաց ավագանու անդամը։
Անիի տարածաշրջանի բնակիչները նաև պնդում են, որ այս տարածաշրջանի արտերկրում բնակվող գործարարները ոչ մի ներդրում չեն անում, քանի որ չեն վստահում համայնքապետին։
Արտակ Գևորգյանի պարզաբանումը քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ