Այսօր ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը ԱԺ հայտարարությունների ժամին հորդորեց չշտապել՝ Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին վստահելով Հայաստանը:
Նա նախ իր ձեւով բացատրեց, թե ինչպես է եղել հեղափոխությունը՝ ասելով, թե Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը իրար մեջ լուռ համաձայնությամբ իշխանափոխություն իրականացրեցին:
Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ նա ասաց, որ այսօր ուզում ենք աշխարհին ապացուցել, որ մեկ կուսակցության ուժերով ձեւավորված գործադիրն ու թեկուզ 66.6 տոկոսով օրենսդիրը կարող են ապահովել ժողովրդավարություն, զսպումների եւ հակակշռումների մեխանիզմների անխափան գործունեություն, ուզում ենք ապացուցել, որ քաղաքական մենաշնորհը չի դառնա տնտեսական մենաշնորհ, եթե, իհարկե, այդ ամենի գլխավերեւում կանգնած է Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը. «Կներեք, ես չեմ կարող վստահորեն այդպիսի բան ասել, որովհետեւ առայժմ մենք այդ թիմի մեջ նման ուժ չենք տեսել: Lավ, ենթադրենք դա հնարավոր է, ես չեմ ուզում կասկածել դրանում, բայց չենք էլ կարող դա ընդունել՝ որպես աքսիոմատիկ, առանց ապացուցելու մի փաստ: Մենք ունենք այդ ամենն ապացուցելու բացառիկ հնարավորություն: Այսօր Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 65-ից ստացել է 57 ձայն, ձեւավորում է ավագանին՝ օրենսդիրը եւ քաղաքապետ, բնականաբար, իր թիմով կձեւավորի աշխատակազմ, այսինքն՝ գործադիր, ունենք հնարավորությունը միակուսակցական ժողովրդավարությունը ապացուցելու կոնկրետ Երեւանի մոդելով՝ որպես պիլոտային ծրագիր: Միգուցե սպասենք, տեսնենք ինչպես է աշխատում այդ մինի մոդելը Երեւանի մակարդակում եւ հետո այն տարածենք ամբողջ Հայաստանի վրա: Ես հույս ունեմ, որ Երեւանը մեզ շատ սպասեցնել չի տալու եւ կարճ ժամանակահատվածում մենք կհասկանանք այդ մոդելի ճշմարտացիությունը կամ նրա սխալ լինելը եւ հետո կորոշենք, թե ինչքանով է հնարավոր եւ անհրաժեշտ այդ մոդելը տարածել ամբողջ Հայաստանի վրա»:
Նա հորդորեց՝ «Եկեք չշտապենք, մեր երկիրը փորձադաշտ չէ եւ եկեք մեր պետության ու պետականության ամրապնդման խնդրի լուծումը չհանձնենք մի ուժի, որին տրված ժամանակը շատ քիչ է, որպեսզի ճիշտ գնահատենք իրավիճակը: Եկեք համոզվենք Նիկոլ Փաշինյանի թիմի կարողությունների ու ուժերի վրա Երեւանի մակարդակում, հետո այն տարածենք Հայաստանի համար»:
Նա ասաց, որ մեր նպատակը չպետք է լինի այս կամ այն ուժի հաղթանակի ցուցադրումը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ