Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների հանձնաժողովների նախագահները, թիմերի ղեկավարները և վերջին տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած մի խումբ երիտասարդներ այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ այս քննարկումը Հայաստանի թիմը միջազգային օլիմպիադաներին պատշաճ կերպով նախապատրաստելու նպատակ ունի: «Ուսումնասիրելով վերջին տարիներին ՀՀ թիմերի արձանագրած արդյունքները՝ ակնհայտ է դառնում, որ մեր երկիրը տարեցտարի զիջում է իր դիրքերը միջազգային հարթակներում՝ արժանանալով ավելի քիչ թվով մրցանակների: Եվ մեր նպատակն է՝ մասնագետների հետ քննարկել առկա խնդիրները, այդ թվում՝ պետբյուջեից օլիմպիադաների ֆինանսավորման հետ կապված հարցերը՝ տրամադրվող գումարներն առավել արդյունավետ բաշխելու նպատակով»,-նշել է նախարարը՝ ակնկալելով, որ հանդիպման մասնակիցները կկիսվեն իրենց դրական փորձով և առաջիկա անելիքներով, ինչպես նաև համապատասխան հետևություններ կարվեն՝ իրավիճակը բարելավելու նպատակով:
Քննարկման ընթացքում Արայիկ Հարությունյանին են ներկայացվել օլիմպիադաների կազմակերպման ընթացակարգը և ֆինանսական հատկացումները, ինչպես նաև նախանշվել են առկա հիմնական խնդիրները: Որպես ցանկալի արդյունքի հասնելու հիմնական խոչընդոտներ՝ հանդիպման մասնակիցները նշել են լաբորատորիաների բացակայությունը, մարզերում համապատասխան խմբակների և մասնագետների պակասը, փորձագիտական հմտություններ ունեցող դպրոցականների փոքր թիվը և այլն:
Նշվել է, որ օլիմպիադան առավելապես կամավորական շարժում է, որի հիմքում ընկած են դրանում ներգրավված մարդկանց նվիրումը և անձնական նախաձեռնողականությունը: Առաջարկ է հնչել՝ նախևառաջ կանոնակարգել օլիմպիադաների կազմակերպման գործընթացը, ինչպես նաև վերականգնել օլիմպիական ճամբարները, որտեղ, ըստ մասնագետների, դպրոցականները հնարավորություն կունենան օլիմպիադայից առաջ բարելավել իրենց պատրաստվածության մակարդակը:
Ամփոփելով քննարկումը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2022 թվականին «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադան անցկացվելու է Հայաստանում, որը, ըստ նախարարի, լրացուցիչ խթան կհանդիսանա՝ օլիմպիական շարժումը զարգացնելու համար:
ԿԳՆ հաղորդագրություն