Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը անդրադարձավ ՀՀԿ պատգամավորների նախաձեռնած «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծին՝ ասելով, որ նախագծի 50-րդ հոդվածում Արփինե Հովհաննիսյանի եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նախաձեռնությամբ ուզում են լրացում կատարել, որով ի ցույց են դնում ՀՀԿ-ի եւ նրան աջակցողների վախերը՝ խորհրդարանական սպասվող արտահերթ ընտրությունների հետ կապված. «Հիմա պարզաբանեմ, թե ինչ քաղաքական նպատակով է արվում ԱԺ կանոնակարգում այս լրացումը: Գործող Սահմանադրությամբ վարչապետի հրաժարականի պարագայում 7 օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները կարող են առաջադրել թեկնածուներ: Եթե վարչապետ չի ընտրվում, չկան առաջադրումներ, կամ առաջադրված թեկնածուն անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքում, ապա քվեարկությունից 7 օր անցկացվում են վարչապետի նոր ընտրություններ, եւ եթե երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով: Հիմա, եթե վարչապետի ընտրություն տեղի չի ունեցել, Սահմանադրությունում խոսք չկա այն մասին,թե ինչ հիմքով: Եվ ահա այսօր մեզ հրամցվում է մի նախագիծ՝ փոփոխություն ԱԺ կանոնադրության մեջ, որը որոշակի այսպես կոչված հիմքերի դեպքում վարչապետ չընտրվելու նիստը համարելու է չկայացած: Ասում է՝ եթե արտակարգ իրավիճակներ լինեն, կամ սպառնալիքի միջոցով խոչընդոտվեն պատգամավորների մասնակցությունը նիստին, ապա ԱԺ նախագահը կարող է հայտարարել, որ այդ նիստը ընդհատված է եւ չհաշվել այն՝ որպես չկայացած նիստ: Ինչի համար է սա արվում, որտեղ է Հանրապետականի վախը, որ եթե հանկարծ վարչապետի հրաժարականի դեպքում քաղաքացիները հավաքվեն ԱԺ-ի մոտ եւ թույլ չտան, որ պատգամավորները մասնակցեն նոր վարչապետ ընտրելու նիստին, այդ նիստը չհամարվի չկայացած, քանի որ ԱԺ-ն կլուծարվի իրավունքի ուժով»:
Ըստ Լենա Նազարյանի, «աբսուրդն այն է, որ ամբողջ պառլամենտի ներուժն օգտագործվում է մի նպատակի համար՝ արտահերթ ընտրությունները ձախողելու ու հակահեղափոխական օրակարգ ձեւավորելու վրա, ուրիշ որեւէ նպատակ այս բյուջետային կառույցը չի իրականացնում»:
Նազարյանը նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ մայիսին տեղի չունեցան միայն ու միայն այն պատճառով, որ քաղաքական ուժերը հնարավորություն ունենան վերանայել իրենց քաղաքական գիծը եւ դրա արդյունքում գոնե մի քիչ հանրային աջակցություն ձեռք բերեն. «Փոխարենը՝ կուտակված ամբարտավանությունը, հանդգնությունը, մեծամտությունը թույլ չի տալիս ոմանց խոհեմություն դրսեւորել, գոնե որոշ դեպքերում ափսոսանք հայտնել, եթե դա էլ չի ստացվում, գոնե իրենց մեջ ուժ գտնել, լռել ու չհակադարձել քաղաքացիների կամքին: Նման վարքագիծը ու գործունեությունը կարելի է որակել՝ որպես իրենց մանդատներից կառչած մնալու խղճուկ փորձ»:
Արձագանքելով Լենա Նազարյանի ելույթին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ պատգամավորները պետք է քվեարկեն իրենց խղճի մտոք ու որեւէ մեկը չի կարող ստիպել պատգամավորի քվեարկել այլ կերպ, որեւէ ժողովրդավարական երկրում նման բան չի լինում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ