ՀՅԴ-ն կողմ է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի առաջարկած կանոնակարգ-օրենքի փոփոխություններին: Այդ մասին այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, փոփոխությունը, ըստ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, արվում է նրա համար, որպեսզի անհրաժեշտության պարագայում խոչընդոտվի պատգամավորների մուտքը խորհրդարան եւ վարչապետի հրաժարականից հետո ընտրվի ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նախընտրած վարչապետի թեկնածուն`կանխելով խորհրդարանի ինքնալուծարումը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համամիտ չէ: Ասում է. «Մենք սրանով կանխում ենք հնարավոր հակասահմանադրական գործողությունները»:
«7 օր-7օր ժամկետը ենթադրում է, որ պետք է չընտրվի վարչապետ, այլ ոչ թե ստիպեն, որ չընտրվի: Այդպիսի բան Սահմանադրությունը չի ենթադրում: Սահմանադրությունն ասում է, որ նորմալ գործընթացների պարագայում, երբ որ չի ընտրվում, այո, օրենքի ուժով լուծարման հարցն է դրվում: Բայց եթե պատկերացնում ենք, որ չի եղել ընտրության պրոցես, չի եղել առաջադրումների հնարավորություն քաղաքական ուժերի կողմից, որովհետեւ ինչ-ինչ ֆորս մաժորային իրավիճակներով դա տեղի չի ունեցել, ի՞նչ է, համարվելու է, որ ֆորմալ առումով Սահմանադրությունը կատարվեց եւ 14 օր հետո խորհրդարանը պետք է լուծարվի՞»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա հորդորեց`թողեք ամեն ինչ բնականոն ձեւով տեղի ունենա եւ դա կատարենք համաձայնեցված. «Իսկ ով սրա դեմ է արտահայտվում, նշանակում է իսկապես ուզում են հակասահմանադրական ճանապարհով լուծարել Ազգային ժողովը, բայց Ազգային ժողովը պետք է լուծարվի սահմանադրական ճանապարհով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ