Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկրողները վարչապետից պահանջում են աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը չեղյալ անել

Հոկտեմբեր 02,2018 15:57

Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող հարյուրավոր գործարարներ իրենց խաբված են զգում: Նախորդ կառավարությունը խոստացել էր այս տարվա հոկտեմբերի 1-ից հանել աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը, սակայն այս բիզնեսով զբաղվող քաղաքացիները պարզել են, որ ոչ մի նման որոշում էլ չկա, որ արգելքը մշտական է: Այսօր նրանք կառավարության առաջ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով հանել արգելքը:

Նրանց խոսքով, նկատի ունենալով, որ հոկտեմբեր ամսից, խոստման համաձայն, արգելքը վերանալու է, ներկրողներն արդեն ավտոմեքենաներ են պատվիրել, որոնք սակայն Վրաստանում «լռվել» են եւ արգելքի պատճառով չեն կարողանում մուտք գործել Հայաստան: Ներկրողներից ոմանք ստիպված են եղել, լրացուցիչ ծախսեր անել, ղեկը տեղում աջից ձախ տեղափոխել, որպեսզի թույլ տան ավտոմեքենան երկիր մտնի, սակայն, ինչպես նրանք Aravot.am-ի հետ զրույցում նշեցին, այս դեպքում էլ ֆինանսական վնասներ են կրում: Վրաստանում էլ վարպետները տեղեկանալով այս արգելքի մասին, ներկրողների խոսքով, ղեկը վերասարքավորելու գները եռակի, քառակի բարձրացրել են: Վաչագան Մինասյանի ներկայացմամբ, սեպտեմբերի 14-ին նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չեն ստացել: Այսօր վարչապետի օգնականը՝ Նաիրի Սարգսյանն է դուրս եկել ցույցի մասնակիցներին պատասխանել՝ ասելով, որ նամակն այսօր կներկայացնի վարչապետին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ներկրողների խոսքով, այս պահին էլ հարյուրավոր ավտոմեքենաներ սահմանին են եւ ամեն օր տասը հազար դրամի չափով տուգանք է գալիս ավտոմեքենաների վրա. «Մարդիկ կան, որ արդեն մինչեւ հազար լարի տուգանվել են Վրաստանում: Չեն հասցնում ղեկը փոխել, մեծ կուտակումներ է: Եթե այն ժամանակ փոխում էին 200-300 դոլարով, հիմա, այդ նույն ծառայությունը փոխում են 800-1000 դոլարով, առիթից օգտվելով, գները բարձրացրել են: Բացի այդ, մեկից գումար են վերցնում հերթը առաջ գցելու համար»:
Աջ ղեկով ավտոներկրողների տվյալներով, սեպտեմբեր ամսին եկել է 3-4 հազար մեքենա. «Այսինքն՝ այդ երեք-չորս հազար մեքենաները հնարավորություն չունեն ոչ Վրաստանում փոխելու, ոչ՝ Հայաստանում:

Ներկրողների խոսքով, այս պահին էլ Ռուսաստանում ամեն ամիս 15 հազար մեքենա է մտնում եւ որեւէ արգելք այս պահին չի գործում. «Բայց Հայաստանում, ինչ-ինչ շահերից ելնելով, մեծ ներկրողների եւ դիլերների, հարցի լուծում են տվել հօգուտ նրանց, բայց ճապոնական մեքենաները որակապես ավելի բարձր են»:

Գործարարները նաեւ ասացին, այս պահին մեծ պահանջարկ կա Ռուսաստանից եւ Ղազախստանից աջ ղեկով մեքենաների եւ սա հարմար առիթ է բիզնեսի համար եկամուտներ ապահովելու. «Եթե թողեն ներմուծենք, այնպես չէ, որ այդ բոլորը մնալու են Հայաստանում: Դրանց տաս տոկոսն է առավելագույնը մնում Հայաստանում»: Այսինքն՝ ըստ աջ ղեկով ավտոմեքենաների բիզնեսով զբաղվող Արամ Մարգարյանի, Հայաստանի միջոցով դրանք արտահանվում են երրորդ երկիր:

Հիշեցնենք, որ աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքն ուժի մեջ է մտել 2018թ-ի ապրիլի 1-ից։ Հայաստանի տրանսպորտի նախարարությունում արգելքը մեկնաբանում էին նրանով, որ մեր երկրում երթևեկությունն աջակողմյան է, եւ այս պարագայում աջ ղեկով մեքենաների շահագործումը վտանգավոր է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031