ՀՅԴ-ի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ արտահերթ ընտրությունների անցկացման քննարկումների համար դեռեւս պայմանավորվածություն չկա: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հիշեցրեց`ՀՅԴ-ն քանիցս հայտարարել է, որ կողմ են արտահերթ ընտրությունների անցկացմանը, բայց դեմ են դրանց անհապաղ անցկացմանը: Իրենց կարծիքով, արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան երեք անհրաժեշտ քայլեր կատարելուց հետո, ինչի համար ժամանակ է պետք, ոչ թե որեւէ ուժի քաղաքական նպատակահարմարությամբ:
ՀՅԴ-ում գտնում են, որ Ընտրական օրենսդրությունը պետք է փոխվի, ոստիկանության հատուկ ստորաբաժանում պետք է ստեղծվի, որը վերահսկելու է ընտրական գործընթացը, ուստի, ոստիկանության ենթակայության հարցը պետք է վերանայվի: Ոստիկանությունն այժմ վարչապետի վերահսկողության տակ է: Եվ հասարակությունն ու քաղաքական ուժերը պետք է ադապտացվեն այս բարեփոխումներին:
Այս ամենի համար նվազագույն ժամկետն, ըստ Արմեն Ռուստամյանի, մեկ տարին է:
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները նա չի համարում հիմք` արագ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: «Եթե ըստ էության, ոչ թե եղել է ավագանու ընտրություն, այլ եղել է հանրաքվե, այն էլ լոկալ հանրաքվե բառիս բուն իմաստով, անցկացվել է միայն Երևանում: Մենք, ճիշտն ասած, չենք իմացել, որ մասնակցում ենք հանրաքվեի, մենք իմացել ենք, թե մասնակցում ենք ավագանու ընտրություններին: Բայց եթե այդպես է դիտարկվում, որ հանրաքվեի է դրվել մի հարց՝ ժողովուրդն ուզում է ԱԺ-ն լուծարվի, թե ոչ, ես կարծում եմ, որ այդ պարագայում հանրաքվեի արդյունքները ճիշտ չեն ներկայացվում, սխալ են ամփոփվել, որովհետև ոչ թե 82 տոկոսն է ուզում, այլ 100 տոկոսը: Բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են այդ հանրաքվեին, դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, ըստ այդմ՝ նաեւ ԱԺ լուծարմանը»,- ասաց նա:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Յ.Դ.-ի այժմու ներկայացուցիչների հետ որեւէ «պայմանաւորում» թէական է: Քանզի այդ կուսակցութեան ղեկավարութիւնը հիմնական ու անկիւնադարձային փոփոխութիւններու շեմին կը գտնուի: