Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անվտանգության նկատառումներով Լոնդոնի «Արսենալի» հետ չի մեկնում Բաքու: Նա բաց է թողնելու ԵԼ-ի՝ «Ղարաբաղ» թիմի հետ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:
Զինագործների ակումբը լիովին հավանություն է տվել Մխիթարյանի այդ որոշմանը, թեև «Daily Mirror»-ը գրում է, թե «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին շատ էր ցանկանում, որպեսզի Հենոն մասնակցի այս խաղին: «Ես կցանկանայի, որ Մխիթարյանը մեկներ մեր հետ: Բայց դա խնդիր է: Լավ կլիներ, որպեսզի մենք նրա հետ կարողանայինք համաձայնության գալ», – ասել է մարզիչը:
Յուրաքանչյուր հայ Ադրբեջան մուտք գործելու համար պետք է այդ երկրի կառավարություն հայտ ներկայացնի: Մխիթարյանն այդ գործընթացից հրաժարվում է: Այդպես եղել է նաեւ 2015 թվականին, երբ Մխիթարյանը կրում էր Դորտմունդի «Բորուսիայի» մարզաշապիկը:
Սակայն Բաքվի հետ կապված խնդիրները հայ ֆուտբոլիստի եւ նրա ակումբի համար այսքանով չեն ավարտվում: Եթե «Արսենալը» հետագայում մտնի Եվրոպա լիգայի եզրափակիչ, որը նույնպես նշանակված է հարեւան երկրի մայրաքաղաքում, այդ վճռորոշ հանդիպմանը «Արսենալի» առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը արդյոք կկարողանա՞ մասնակցել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ