«Մենք այսօր չենք անի ընտրություններ, որովհետեւ կա հետհեղափոխական էյֆորիա, որովհետեւ ժողովրդի կամքը, քաղաքական տեսակետից, կարող է արդար եւ ազատ չձեւավորվել»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կառավարության ծրագրի ներկայացման ելույթից այս մեջբերումն այսօր արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը`խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում եւ հարց հնչեցրեց. «Բան է՞ փոխվել»:
Ըստ Արմեն Աշոտյանի, Երեւանի ավագանու ընտրությունները միայն ընդգծել են, որ էյֆորիան դեռ կա:
Ի դեպ, երեկ, Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում, Արմեն Աշոտյանին երկու բան դուր է եկել. «Նա փաստացի գովեց այն Սահմանադրությունը, որը ժամանակին, որպես ընդդիմություն քննադատում էր, երբ թվարկում էր Սահմանադրությամբ ընդդիմությանը տրվող լծակները`փոխխոսնակ, երեսուն տոկոս… մի տարի առաջ քննադատում էր: Երկրորդ`ասաց, պարզվեց, որ անգամ ԸՕ-ն է լավը: Կառավարության ծրագրում գրված է, որ արտահերթ ընտրությունները պետք է լինեն միայն ԸՕ-ի բարեփոխումներից հետո`կետերն էլ թվարկված է`7-8 կետ, թե ի՞նչ պետք է փոխել: Հիմա, մեզ փորձում են համոզել, որ ԸՕ-ն եթե չփոխենք էլ, եթե կա քաղաքական կամք`ԸՕ-ն էլ է լավ»:
Ի դեպ, Արմեն Աշոտյանը զուտ տեխնիկական իմաստով, քայլ նահանջ է համարում Երեւանի ավագանու ընտրությունները, քանի որ տեսախցիկներ տեղամասերում տեղադրված չէին եւ առցանց հեռարձակումներ չէին իրականացվում: Հիշեցնում է, որ 2017-ից այդ մեխանիզմով բազմաթիվ խախտումներ են կանխվել: Լրագրողներից մեկը նկատեց`դրանք ընտրություններից հետո տարբեր գերատեսչությունների կցվեցին, Արմեն Աշոտյանը հստակեցրեց`ճնշող մեծամասնությունը ՊՆ-ին է տրվել եւ հիմա դրանք առաջնագիծն են հսկում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ