Թուրքիայի կողմից հետապնդվող իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի եղբայրը՝ Քութբեթթին Գյուլենը, դատապարտվել է 10 տարի 6 ամսվա ազատազրկման։ Դատավճիռը հրապարակվել է Իզմիրի ծանր հանցագործությունների դատարանում։
Քութբեթթին Գյուլենը կալանավորվել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ տարվող հետաքննության շրջանակներում 2016-ին:
Նրա նկատմամբ առաջադրված էր «գյուլենական համայնքի օգտին հայտարարություններ անելով ժողովրդի շրջանում ատելություն սերմանելու» մեղադրանք։
Երբ նրան կալանավորել էին, նա աշխատում էր թուրքական հայտնի «Kaynak» հոլդինգի հետ առնչություն ունեցող «Çağlayan» տպարանում։ Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ այդ հոլդինգը գտնվում էր գյուլենականների վերահսկողության տակ։
Գյուլենի եղբայրն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունել և պահանջել է, որ իրեն ազատ արձակեն։ Նա տեղեկացրել է, որ վատառողջ է։ Սակայն դատարանը մերժել է այդ պահանջը և որոշումը թողել անփոփոխ։
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։ Թուրքական կողմը ավելի քան 2 տարի ԱՄՆ-ից պահանջում է, որ Գյուլենը արտահանձնվի, սակայն Վաշինգտոնը չի բավարարում այդ պահանջը մինչ օրս։
Աղբյուր` Hurriyet