Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյան. «Ես վաղուց «Լուսավոր Հայաստան»-ի քաղաքական տրամաբանության հետ չեմ կարողանում իմ տրամաբանությունը համադրել»

Հոկտեմբեր 02,2018 14:30

Այսօր Վանաձորի համայնքի ավագանին հրավիրել էր արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց, այն է՝ ավագանու 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ 81 որոշման մեջ փոփոխություններ կատարել:

Նիստի մեկնարկից առաջ համայնքի ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Շառլ Ազնավուրի հիշատակը: Այնուհետեւ նշեցին, որ եթե Վանաձոր քաղաքի տոնը համընկնի շանսոնյեի հուղարկավորության օրվա հետ, ապա քաղաքի օրվա տոնակատարությունը կտեղափոխվի այլ օր:

Որից հետո, մինչ օրակարգային հարցին անցնելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմեն Եղիազարյանը հայտարարեց, որ իրենք չեն ցանկանում նիստին ներկա գտնվել. «Մենք ի սկզբանե կողմ ենք այս հարցին, որ պետք է քննարկվի, բայց քաղաքական որոշում ունենք, որ այսօր նիստին չենք մասնակցելու: Սակայն, մենք տեսնում ենք, որ եթե լքենք դահլիճը նիստ չի լինի: Հետեւաբար Կարեն Բեկչյանը կմնա, որ նիստը գումարվի»,- հայտարարեց Արմեն Եղիազարյանն ու լրագրողներին հրավիրեց իրենց գրասենյակ, ասելով, որ քաղաքական հայտարարություն ունեն անելու:

Օրակարգային հարցը, որը վերաբերում էր Գ. Նժդեհի 2/42 հասցեում գտնվող հողամասը նվիրատվությամբ ՀՀ-ին փոխանցելուն, ավագանին հաստատեց միաձայն:

Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ հայտարարություն են ցանկանում անել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները. «Ես վաղուց «Լուսավոր Հայաստան»-ի քաղաքական տրամաբանության հետ չեմ կարողանում իմ տրամաբանությունը համադրել, հետեւաբար չեմ կարող ասել»:

Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք քաղաքապետի նկատմամբ անվստահության գործընթաց սկսեն, Ասլանյանը պատասխանեց. «Իրենք միշտ այդ հնարավորությունն ունեցել են: Վանաձոր եւ Գյումրի քաղաքներին վերաբերվող ՏԻՄ-ի մասին օրենքը լիարժեք այդ հնարավորությունն իրենց ընձեռում է»,- ասաց քաղաքապետն ու շարունակեց, որ իրենք աշխատում են, եւ աշխատելու են այնքան ժամանակ որքան ժողովուրդն ու օրենքը թույլ կտան:

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս ընթացքում որեւէ կառուցողական առաջարկով հանդես չի եկել. «Ես չեմ ուզում իրենց վարքագծի վերաբերյալ դրական կամ բացասական ինչ-որ արձագանք հնչեցնել, որովհետեւ դա իրենց ներքին խնդիրն է: Ես ոչինչ չունեմ ասելու, թող վանաձորցին գնահատի իրենց աշխատանքը, թե ի՞նչ ունեն 2 տարվա մեջ արած Վանաձոր քաղաքի համար՝ թեկուզ ավագանու մակարդակով: Եթե մարդը քաղաքացու կողմից քվե է ստացել, ճիշտ կլինի իր քվեն օգտագործի հանուն եւ ի շահ տվյալ քաղաքացու: Թեկուզ ինչպես իրենք էին նշում իրենց խոսքում՝ փոխզսպման ինչ-որ մեխանիզմներ ստեղծելու գործում: Բայց մարդիկ բացառապես անտեղյակ են քաղաքի բյուջեին, քաղաքի զարգացման ծրագրերին, եւ որեւէ կառուցողական առաջարկություն՝ քաղաքի զարգացման համար իրենք չունեն»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031