Երեւանի Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցում տնօրենի թափուր տեղի համար ընտրություններ են: Aravot.am-ը դպրոցից տեղեկացավ, որ այս դպրոցը թեկնածուների առումով ռեկորդային է, հայտ է ներկայացրել 11 թեկնածու: 155 դպրոցից երկուսն են մասնակցում տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին` Գայանե Ղայթանջյանը եւ Մարգարիտա Հովհաննիսյանը:
Քանի որ մանկավարժները բողոքել էին ընտրության կարգի դեմ, եւ նամակով դիմել էին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, նախարարությունից մեկնաբանություն խնդրեցինք թեմայի վերաբերյալ:
ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից հարցրինք, թե ինչու էին բողոքում 155 դպրոցի մանկավարժները, եւ ինչ է նրանց պատասխանել նախարարությունը:
«Դժգոհությունը իրենց խորհրդից էր, ցանկանում էին խորհրդի կազմը փոխել, բայց կարգի համաձայն, եթե մրցույթ է հայտարարված, խորհրդի կազմը չի կարող փոփոխվել»,-ասաց պարոն Արշակյանը;
Նա հավելեց, որ մրցույթին ներկա է ԿԳ նախարարության ներկայացուցիչը:
«Ես եւս ներկա կլինեմ մրցույթին, բայց ի պաշտոնե իրավասություն չունեմ միջամտելու խորհրդի գործունեությանը: Մենք ահազանգ էինք ստացել, որ ուղղորդումներ են լինում, սակայն ես խորհրդի անդամների հետ զրուցել եմ, հավաստիացրել են, որ ուղղորդումներ եւ ճնշումներ չկան: Բոլորին հորդորել եմ, որ ընտրությունը կատարեն իրենց կամքով եւ որեւէ մեկի ուղղորդման կամ հորդորի առաջ տեղի չտան»,-ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ