Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆահրադդին Աբոսզոդան կարող է ռուսական դատարանի որոշմամբ արտահանձնվել Ադրբեջանին

Հոկտեմբեր 02,2018 13:17

Ռուսաստանում 2018թ. օգոստոսին ձերբակալված և սեպտեմբերի 6-ին 30 օրով կալանավորված թալիշ հայտնի քաղաքական, ազգային գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան (Աբբասով Ֆահրադդին Ֆարման Օղլի) կարող է ենթարկվել Ադրբեջանին արտահանձնվելու վտանգի:

Ադրբեջանի հանրապետության պահանջով Ռուսաստանում կալանավորված Ֆահրադդին Աբոսզոդան վերջին 25 տարիներին ենթարկվում է ադրբեջանական իշխանության հետապնդումների, իսկ 2005 թվականից ստիպված է եղել հեռանալ Ադրբեջանից՝ կյանքը փրկելու համար:

Ֆահրադդին Աբոսզոդան ծնվել է 1956թ. թալիշական Բիլիբանդ գյուղում: 1993թ. ընտրվել է ինքնահռչակ Թալիշ-Մուղանյան հանրապետության խորհրդարանի նախագահ, սակայն ամիսներ անց՝ բռնաճնշումների պատճառով ստիպված հեռացել է Ադրբեջանից: Վերադարձել է հայրենիք 2005 թվականին, հրատարակել «Շավնիշտ» թալիշալեզու թերթը, որը Ադրբեջանի բնիկ թալիշ ժողովրդին ներկայացնում է իր պատմությունն ու մշակույթը: Ադրբեջանի իշխանության կողմից հերթական բռնաճնշումների պատճառով երկրորդ անգամ է հեռացել այդ երկրից՝ հաստատվելով Ռուսաստանում:

Բազմիցս դիմել է ռուսական իշխանություններին՝ խնդրելով քաղաքական ապաստան, ապա նաև քաղաքացիություն տրամադրել:

2018թ. հուլիսի 12-ին Բաքվի դատարանը քրեական գործ է հարուցել Ֆահրադդին Աբոսզոդայի նկատմամբ և հայտարարել միջազգային հետախուզում՝ ահաբեկչությանը աջակցելու և այլ հանցավոր մեղադրանքներով:

Հայաստանի համար թալիշ ազգային, քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան կարևոր է այնքանով, որ նա գործունեության ընթացքում բազմիցս անդրադարձել է արցախյան ազատագրական պայքարին՝ որպես օրինակ թալիշների և Ադրբեջանի մյուս բնիկ ժողովուրդների համար: Աբոսզոդան, լինելով իր ժողովրդի համար հեղինակություն, միշտ դիմել է իր հայրենակիցներին, չենթարկվել Ադրբեջանի իշխանության ագրեսիվ կոչերին և հայերին չընկալել որպես թշնամի, սահմանին թիրախ չդարձնել հայ զինվորներին կամ խաղաղ բնակիչներին:

2018թ. հոկտեմբերի սկզբին Ֆահրադդին Աբոսզոդան կարող է ռուսական դատարանի որոշմամբ արտահանձնվել Ադրբեջանին, ինչը անկասկած, թալիշ ազգային գործչի մահվան դատավճիռ է:

Հաշվի առնելով Ֆահրադդին Աբոսզոդայի ազգային գործունեությունը, հայամետ հայտարարությունները և Ադրբեջանի բռնապետական իշխանության դեմ տևական պայքարը միջազգային հարթակներում՝ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը դիմում է ՀՀ ԱԳՆ-ին՝ հանդես գալ միջնորդությամբ՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների և հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների միջոցով փրկել Ֆահրադդին Աբոսզոդայի կյանքը, անհրաժեշտության դեպքում նրան տրամադրել քաղաքական ապաստան Հայաստանում:

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը հոկտեմբերի 2-ին նմանատիպ կոչով դիմելու է նաև ՌԴ ԱԳՆ-ին:

Նաիրի Հոխիկյան

Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի գործադիր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031