«Ես իմ կյանքում որեւէ պրոբլեմ չունեմ սպարապետի ընտանիքի հետ: Ինչ վերաբերում է թեկնածության հարցին, կդառնամ, թե չեմ դառնա, քննարկման արդյունքում ես պատասխանատու եմ իմ մարտական ընկերների առաջ, այդ ժամանակ կարծիք կհայտնեմ, դուք կիմանաք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն`անդրադառնալով ԵԿՄ-ն ղեկավարելու իրեն արված առաջարկին:
Հիշեցնենք, ԵԿՄ-ն ղեկավարելու առաջարկ արվել էր Վազգեն Սարգսյանի եղբորը`Արամ Սարգսյանին: Մինչդեռ օրերս մի հավաքում, որոշ ԵԿՄ-ականներ, որոնց մեջ էին Արկադի Տեր-Թադեւոսյանը`«Կոմանդոսը», Վարդան Ավետիսյանը եւ այլք, առաջարկել էին, որ ԵԿՄ-ի ղեկավարումը ստանձնի Սասուն Միքայելյանը:
«Ցանկության խնդիր չի դա, մեծ պրոբլեմներ են ԵԿՄ-ում, էդ մարդիկ ինձ ասում են՝ դու պտի գաս, կարգավորես»,- ասաց Սասուն Միքայելյանը: Նա համամիտ չէ, որ իշխանության մաս է կազմում, այդ պատճառով են իրեն հորդորում ղեկավարել ԵԿՄ-ն. «Ես կյանք եմ ապրել»:
Սասուն Միքայելյանը նախ անտեսեց Aravot.am-ի դիտարկումը, որ 2008-ին, երբ ինքը բանտում էր, այսօր իրեն ԵԿՄ-ն ղեկավարել խնդրող մարդիկ լռում էին: Ավելի ուշ, ասաց. «Ոչինչ: Իմ ընկերներն են»:
«Հրապարակ» թերթի լրագրողի դիտարկմանը, որ նրանցից մեկն էլ Վարդան Ավետիսյանը`Սերժ Սարգսյանի սանիկն է, Սասուն Միքայելյանն արձագանքեց`դա նշանակություն չունի, նա երկրապահ է ու իրավունք ունի:
Նա չպատասխանեց հարցին`զրուցե՞լ է Արամ Սարգսյանի հետ, քանի որ լրագրողն «ուրիշ ձեւ է մեկնաբանում»:
Այլ լրագրողի նույն հարցին էլ հակադարձեց. «Արամ Սարգսյանի հետ ես ե՞րբ եմ խռով, որ խոսամ»: Իսկ ավելի վաղ ասել էր, որ իր ու Արամ Սարգսյանի միջեւ «ոչ մի պրոբլեմ չի կարա լինի»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ