Լրահոս
Օրվա լրահոսը

Նախադրյալներ կան էլեկտրաէներգիայի եւ գազի սակագնի իջեցման. ԱԺ-ում քննելու են սակագների հիմնավորվածության հարցը

Հոկտեմբեր 02,2018 12:59

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու եւ դրանց արդյունքները Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

Այսօր քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը քննարկվեց խորհրդարանում: Նախաձեռնող խմբի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ մեր ամբողջ ազգաբնակչությանն է հետաքրքրում գազի եւ դրանից բխող էլեկտրաէներգիայի սակագնի հիմնավորվածության հարցը. «Մենք ապրիլի 9-ից հետո ունենք նոր գործիք՝ քննիչ հանձնաժողով ու կարող ենք քննության առարկա դարձնել ինչպես պետական կառավարման մարմինների,այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների երկու բնականոն մենաշնորհների՝ «Գազպրոմ Արմենիայի» եւ ՀԷՑ-ի գործունեության առանձնահատկությունները առ այն, որ հասկանանք՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագները հիմնավորված են եւ որեւէ ռեզերվներ այդտեղ չկան»:

Առաջարկվում է, որ հանձնաժողովն ունենա 11 անդամ՝ ՀՀԿ-ն՝ 5 անդամ, «Ծառուկյանը»՝ 3, «Ելքը»՝ 2 եւ ՀՅԴ-ն՝ 1 անդամ:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանն ասաց, որ ողջունում է պառլամենտական ցանկացած գործիքակազմի կիրառմանը ու միանշանակ կողմ է քվեարկելու: Նա ասաց, որ այդ ոլորտը ՀԾԿՀ քննարկման տիրույթում է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է որոշում սակագինը, իսկ այդ հանձնաժողովը պետական անկախ մարմին է, ինչպիսի՞ն են լինելու իրավահարաբերությունները անկախ պետական մարմնի եւ ԱԺ նախաձեռնող խմբի միջեւ: Մելքումյանը պատասխանեց., որ գործող ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս Քննիչ հանձնաժողով ստեղծել ու գործող պաշտոնատար անձանց հարցադրումներ ուղղել, հրավիրել ու բացատրություններ, պարզաբանումներ պահանջել, պահանջել նաեւ տարբեր ծավալի փաստաթղթեր. «Մենք նախկինում աշխատել ենք, քաջածանոթ ենք ոլորտին, անցել է 5 տարի, իհարկե, փոփոխություններ են եղել, բայց ոլորտի պրոբլեմների մեծ մասը մնացել են»:

ՀՀԿ խմբակցության Շուշան Սարդարյանը հարցրեց՝ սեպտեմբերի 20-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ-ում բնական գազի գնագոյացման վրա ազդեցություն ունեցող գործոնների ու բաղադրիչների ուսումնասիրության համար: Հաստատվել է աշխատանքային խմբի կազմը՝ բոլոր իրավասու կողմերի ներգրավմամբ: Նա հարցրեց՝ այս խմբի հետ համագործակցություն լինելո՞ւ է ու եթե եզրակացությունները լինեն տեսականորեն տարբեր, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Մելքումյանը պատասխանեց, որ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը ստեղծվել է նաեւ Գազպրոմի համաձայնությամբ, իսկ ԱԺ-ինը մի քիչ այլ է. «Նպատակները ե՛ւ կառավարության, ե՛ւ ԱԺ-ի մոտավորապես նույնն են՝ քննարկել ու մեր ժողովրդին ասել՝ սակագնի հիմնավորվածությունը որն է, եթե կան ռեզերվներ, գնալ դրան՝ առանց վնասելու բիզնես միջավայրը: Չեմ կարծում, որ երկու խմբերի մեջ շատ տարբերություններ լինելու են, այլ բան է, թե մասնագիտական ինչ մոտեցումներ կլինեն, օրինակ, «Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի շահութաբերության մակարդակի, ներդրումային ծրագրերը հաստատելու մասով: Ընդունենք, 14 տոկոս է,12 տոկոս է, որը Հանրային ծառայությունները կարգավորող անկախ մարմինն է հաստատում, բայց այնպես չէ, որ այդ անկախ մարմնին թողնելով՝ մենք պետք է ձեռքներս ծալած համաձայնենք նրա ամեն մի որոշման հետ: Դա արդեն լուրջ բանավեճի թեմա է»:

«Ելքի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց. «Բոլոր նախադրյալները կան եւ՛ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման, ե՛ւ գազի սակագնի իջեցմանն ուղղված աշխատանքներ կատարելուն, որը կնպաստի ազգաբնակչության սոցիալական մակարդակի էական բարձրացմանը»: Աղազարյանն ակնարկեց, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պորտֆելը ԲՀԿ-ին են տվել: Մելքումյանն էլ արձագանքեց՝ «Մեր նախարարն աշխատում է: Ես տեղեկացված եմ ու գիտենք, որ որոշակի սոցիալական խավերի համար գազի սակագնի իջեցման որոշումը կայացված է ու այդպես էլ լինում է: Այնտեղ էլ քննարկվում, է թե ինչ ռեզերվներ կան, որ սակագինն իջնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Տենց որ նայենք գյուղատնտեսության ու էկոնոմիկայի համար դաշնակներն են պատասխանատու ֆինանսների բյուջեն կազմելու համար ՀՀԿ -ն, արդարադատության համար լույսը։ Նիկոլի թիմը մենակ խոսալու տերնա ոչնչի համար պատասխանատու չի։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031