Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւշատ Ավագյանին առհասարակ չի գոհացնում մշակույթի հանդեպ վերաբերմունքը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 02,2018 12:56

Օրեր առաջ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախաձեռնել էր հանդիպում Հայաստանի գրողների միության նախագահության անդամների հետ, որտեղ քննարկվել են գրական կյանքին առնչվող տարբեր հարցեր։

Հանդիպման ընթացքում Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը խոսել է գրողին աջակցելու ձեւերի մասին՝ նշելով, որ պետք է արմատապես փոխել ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես, օրինակ՝ վերանայել գրական մամուլին տրվող պետական աջակցությունը: «15 տարվա ընթացքում այս մասով որեւէ դրամ չի ավելացել: Մեր գրողները անվարձ երգիչների նման են ապրում: Հրաշալի է, որ դրամաշնորհային ծրագիր է մշակվել, այն նոր շունչ կտա գրական տարբեր ուղղություններին, բայց մեզ համար չափազանց կարեւոր է, թե ովքեր են ընդգրկվելու այն հանձնաժողովում, որը որոշելու է գրողի կամ գրքի ճակատագիրը: Այդ հանձնաժողովների հարցը պետք է քննարկել գրողական ամենածանրակշիռ կառույցի՝ Հայաստանի գրողների միության հետ»,- նկատել է Միլիտոնյանը:

Բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ Արեւշատ Ավագյանին առհասարակ չի գոհացնում մշակույթի հանդեպ վերաբերմունքը, որովհետեւ այն մշակույթը, որ գովազդվում եւ գովերգվում է, կապ չունի ո՛չ ազգային եւ ո՛չ էլ համամարդկային մշակույթի հետ․ «Մեր մոտ ավելի շատ գնահատվում է ցածր մակարդակի դերասանական արվեստը՝ սերիալները կամ այդ տիպի ֆիլմերը, որտեղ տղամարդիկ կանանց դերեր են խաղում, որտեղ կա կռիվ, ծեծ, էժանագին ծիծաղ։ Շատ վատ եմ նայում նրան, որ մշակույթի նախարարությունը վերացրեց պետպատվերը, եւ կարծում եմ, որ դրանց մեջ շատ վտանգավոր բաներ կան, օրինակ՝ մրցույթ է հայտարարվում սարսափ-գրականության համար, բայց ինչի՞ սարսափ, ո՞ւմ է պետք, այդ սարսափը սերնդին պետք է սարսափեցնի՞, թե՞ դաստիարակի»։

Ավագյանի կարծիքով, նրանք ուղղորդվում են ոչ թե հայ գրականության եւ հայ մշակույթի խնդիրներից եւ շահերից ելնելով, այլ միջազգայնորեն պարտադրվող անհասկանալի միտումներով․ «Ես ամեն դեպքում բավարարվածության զգացում չունեմ, չեմ ուզում բողոքավոր դառնալ, բայց գարնանային զարթոնքը պետք է պտուղ էլ տա, որպեսզի այդ մթնոլորտի մեջ սերն ու բարությունը հասունանան, բայց այն, ինչ հիմա խրախուսվում է, դրա հետ ոչ մի կապ չունի։

Մշակութային ո՞ր սյուների վրա է հենվում այսօր մշակույթի նախարարությունը, թող հայրենասիրական եւ համամարդկային թեմաներով մրցույթներ անեն»։

Բանաստեղծ, հրապարակախոս Կարինե Աշուղյանի կարծիքով, պետպատվերն ու պետաջակցությունը գրատպության ոլորտում հանելը մի քայլ առաջ էր։ Նա նկատում է՝ բոլոր դեպքերում առաջընթաց է համարում, որ փորձում են լսել գրողներին, տարբեր ձեւաչափեր են մտածում եւ փորձում են անաչառ հանձնաժողովներ ձեւավորել․ «Ամեն դեպքում երեւաց, որ մտահոգ են եւ ուզում են ձեռք մեկնած լինեն գրողին ու տարբեր ձեւաչափի մրցույթներով փորձում են աշխուժացնել գրական կյանքը՝ այս անգամ ոչ թե ուղղակի գումար հատկացնելով հրատարակիչներին, որ գրքեր տպեն, այլ մի քիչ ավելի հետաքրքիր բաներ մտածելով։ Ընթացքում կերեւա, թե ինչքանով արդյունավետ կլինի, բայց ինչ-որ քայլեր արվում են, որ միաժամանակ թե՛ գրողի, թե՛ ընթերցողի համար ճիշտ լինի, որովհետեւ առաջին հերթին գրողն է կարեւոր գրող-ընթերցող-հրատարակիչ շղթայում, եթե գրողը չլինի, հրատարակիչն ի՞նչ պետք է տպի։ Այսինքն՝ գրողը պետք է թելադրի, ոչ թե հրատարակիչը, ոչ թե շուկան։ Հրատարակիչը, գրավաճառը ցանկացած դեպքում ուրիշ աչքով են նայում գրականությանը, իսկ գրողը՝ այլ աչքով, պարտադիր չէ, որ լավ գրականությունը հենց այսօր լավ վաճառվի․ այդպես քիչ է լինում։ Բայց հանուն լավ գրականության պետք է տպագրել, թեկուզ այդ 100-ից միայն 10-ը լավը լինի, որովհետեւ հանուն այդ 10-ի մյուս 90-ը պետք է տպագրել։ Հետո՝ գրականությունն այդպիսի ընթացք է՝ միշտ գլուխգործոցներ չեն կարող լինել»։

ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031