Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է տանելու փողոց փակելու չավարտվող միտումը. «Փաստ»

Հոկտեմբեր 02,2018 12:48

Նախորդ շաբաթվա վերջում հետաքրքիր իրադարձություններ էին զարգանում Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում: Գյուղացիների մի խումբ փակել էր միջպետական ճանապարհը և պահանջում էր գործող գյուղապետի հրաժարականը: Միայն մարզպետ Գարիկ Սարգսյանի գալուց հետո գյուղացիները համաձայնեցին բացել ճանապարհը: Հաջորդ օրն արդեն միջպետական ճանապարհը փակել էին գյուղապետի աջակիցները՝ պահանջելով, որ նա հրաժարական չտա: Ամեն ինչ ավարտվեց մարզպետի և գյուղացիների երկու խմբերի միջև մեծ քննարկմամբ, որտեղ գյուղապետը մարզպետին մեղադրեց, որ իրեն հորդորել է հրաժարականի դիմում գրել, մարզպետն էլ պնդեց, որ գյուղապետը խեղաթյուրում է փաստերը:

Ուրցաձորի առանձին վերցրած դեպքին հատուկ ուշադրություն դարձնելու կարիք չէր լինի, եթե դեպքը չարտահայտեր այն իրավիճակը, որն այժմ առկա է շատ գյուղերում, համայնքներում, դպրոցներում, տարբեր հիմնարկություններում: Իշխանափոխությունից հետո հաճախակի են դարձել դեպքերը, երբ փակվում են փողոցներ, արվում են դասադուլներ կամ գործադուլներ ընդդեմ այս կամ այն համայնքների, դպրոցների ղեկավարների:

Ինչ-որ առումով սա, իհարկե, տրամաբանական է՝ հաշվի առնելով կոնտեքստը՝ Հայաստանը գտնվում է հետհեղափոխական իրավիճակում: Ավելին, թե՛ հեղափոխությամբ, թե՛ դրանից հետո արդեն պաշտոնապես երկրի թիվ մեկ քաղաքական հարթակ է հռչակվել հրապարակը, հրապարակային գործողությունները: Պարզից էլ պարզ է, որ երբ հրապարակը հռչակվում է քաղաքական հիմնական գործիքակազմ, ապա այն չի սահմանափակվելու միայն Հանրապետության հրապարակով կամ այն հրապարակներով, որոնք կընտրի իշխանությունը: Հրապարակային քաղաքականության դոմինանտությունը ենթադրում է ինքնաբուխ ու բազմազան դրսևորումներ ամենուրեք: Ինչի ականատեսն ենք հիմա մենք, և, ըստ էության, ինչի ականատեսն ենք լինելու նաև ապագայում, քանի որ իշխանությունը շարունակում է պնդել հրապարակի գերկարևորության հանգամանքը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանությունը ոչ միայն չի հրաժարվում, այլ ընդհակառակը, երիցս վերահաստատում է փողոցային պայքարի անհրաժեշտությունը, ինչը մեսիջ է հասարակության դժգոհ հատվածներին, որ այդ մեթոդը լեգիտիմ է և խրախուսվում է իշխանության կողմից:

Այն, որ ցանկացած ոք ունի իր դժգոհությունն արտահայտելու իրավունք և այդ իրավունքը իրացնելու հնարավորություն, այլևս կայացած փաստ է: Հասկանալի է նաև, որ ապրիլ–մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հիմքում ընկած էր ոչ միայն դժգոհությունը երկրի բարձրագույն իշխանությունից, այլև դժգոհությունը արտահայտված ավելի փոքր ծավալնելով, առանձին ոլորտներում: Այս ամենից բխում է, որ հեղափոխությանն աջակցած մարդիկ ունեն կոնկրետ ակնկալիքներ, ըստ որոնց պետք է փոխվի ոչ միայն համապետական իշխանությունը, այլև իշխանությունն իրենց անմիջականորեն առնչվող ոլորտներում: Այս ամբողջ ցիկլը ներդաշնակորեն տեղավորվում է հեղափոխական տրամաբանության մեջ:

Խնդիրն այլ տեղում է: Իշխանություններն այս առանձին վերցրած բազմաթիվ դժգոհության դրսևորումներին չունեն համակարգային լուծում: Միջնաժամկետ հեռանկարում լուծում է ծառայում Փաշինյանի և նրա կողմնակիցների հեղինակությունը, որոնցով հնարավոր է լինում առժամանակ կասեցնել այս կամ այն ցույցը, դասադուլը: Բայց համակարգային լուծում այդպես էլ չի գտնվում: Ավելին՝ փողոցային պայքարի գերակայությունը քաղաքական այլ գործիքների նկատմամբ էլ ավելի է խորացնելու առկա խնդիրը: Խնդիրն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ փողոցային պայքարի մոդելն ակտիվ կիրառում են ոչ միայն պայմանական դժգոհներն ու պայմանական հեղափոխության աջակիցները, այլև նրանք, ովքեր հայտնվում են այդ դժգոհության և հեղափոխական սպասելիքների թիրախում: Քանիցս կրկնվել են դեպքերը, երբ դպրոցի տնօրենի, գյուղապետի հրաժարականը պահանջող ցույցերին ի պատասխան կազմակերպվել են ցույցեր ի աջակցություն այդ տնօրենների կամ գյուղապետների:

Սա նշանակում է, որ իշխանությունը չի կարող ընտրել, թե փողոցային պայքարի որ խմբի սպասելիքներն են ավելի գերակա և նմանատիպ դրսևորումներն, ըստ էության, հակում ունեն դառնալու գլխացավանք նախ՝ իշխանության, հետո՝ բոլորիս համար: Ելքն, իհարկե, պարզ է՝ ընտրություններն են, որի արդյունքները ընդունելի կլինեն բոլորի համար: Ելքը այս կամ այն պետական հիմնարկներում ղեկավարների նշանակման գործընթացի թափանցիկությունն է: Դժգոհությունը ինչ–որ պահից պետք է բերել լեգալ ինստիտուտների դաշտ և գալ փոխճանաչման, այլապես անհնար կլինի ապրել պերմանենտ փողոցային պայքարի պայմաններում:

Իշխանությունները պնդում են, որ խնդիրների ահռելի մասը կլուծվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Գուցե որոշակի անկայունության բեռ հնարավոր լինի թոթափել դրանցով: Բայց կա ռիսկ, որ, օրինակ, տեղական մակարդակներում այդ անկայունությունն այդպես էլ չի թոթափվի և դժգոհության փոքր, բայց ցանցային ալիքը կշարունակի ալեկոծվել: Այդ ռիսկն ավելի փաստարկված է դառնում, երբ տեսնում ենք, որ հոկտեմբերի 21–ին Հայաստանի 43 համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրված 152 թեկնածուներից միայն 16–ն են ներկայացնում ՔՊ–ն, իսկ մեծամասնությունը կազմում են, այսպես կոչված, անկուսակցական թեկնածուները: Այսինքն՝ դժգոհության ալիքը համայնքներից շատերում գուցե այդպես էլ չխաղաղվի՝ չգտնելով իր սպասելիքներին ներդաշնակ փոփոխությունների հնարավորությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031