«Կա հինգ թեկնածու, պարտադիր չէր, որ Քաղաքացիական պայմանագիրը պաշտպաներ: Եվ իմ ցանկությունն է դա, որպեսզի ազատ մրցակցություն լինի, Հրազդանում լինեն ազատ ու արդար ընտրություններ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանը:
Հիշեցնենք, Սասուն Միքայելյանի որդին կմասնակցի Հրազդանի քաղաքապետի ընտրություններին: Թեեւ վերջինս նույնպես իշխող ՔՊ-ի անդամ է, սակայն ՔՊ-ն չի պաշտպանի նրա թեկնածությունը:
Սասուն Միքայելյանը չի մասնակցելու քարոզարշավին. «Որդիս է թեկնածությունը դրել, ոչ թե ես»:
«Որդիս 25 տարեկան տղա է, ինքն է որոշում: Հնարավորություն է տրվել, որպեսզի մարդիկ շահարկումներ չանեն, պարզ, արդար ընտրություն լինի: Կհաղթի՞ իմ տղան`կհաղթի, չէ`չէ: Որ իմ տղան ա, ոչ մի բանի չպիտի մասնակցի՞: Էդ երեխեն հլը բարուրի մեջ`չգիտեմ`պատերազմում, բերդերում, բանում…իմ հետ եղել ա: Իսկ ո՞վ բարոյական իրավունք ունի իր իրավունքները սահմանափակի»,- ասաց Սասուն Միքայելյանը`հակադարձելով դիտարկմանը, որ նախկինում էլ ՀՀԿ-ականների որդիները, բարեկամներն էին պաշտոններ զբաղեցնում: Լրագրողներից մեկի դիտարկումը`որ ՀՀԿ-ականներն էլ էին նույն փաստարկը բերում, Սասուն Միքայելյանը անպատասխան թողեց. «Ուրիշ հարցեր կա՞ն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ