Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոսկվայում ու, ի դեպ, նաեւ՝ Բաքվում եւ Անկարայում խիստ կոգեւորվեն պարոն Չուգասզյանի եւ «Սասնա ծռերի» հայտարարություններից. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 02,2018 12:34

«Սասնա ծռերից» Գարեգին Չուգասզյանը համագումարային ելույթում հայտարարեց, որ պետք է վերանայվեն հայ-ռուսական հարաբերությունները՝ դրանք բերելով «նորմալ ձեւաչափի»:

Մասնավորապես. «Դա պահանջում է վերանայել Հայաստանում Ռուսաստանի ուժային ներկայությունը: Հայաստանի համար անընդունելի է իր սահմանների պահպանության իրականացումը օտար պետության սահմանապահ ուժերի կողմից: Ուստի ՀՀ-ն անհրաժեշտ է համարում դրանց անհապաղ դուրս բերումը եւ սահմանի պահպանությունը հայկական կողմին հանձնումը:

Հայաստանը համարում է, որ իր տարածքում ռուսական ռազմակայանի պահպանման նպատակահարմարության վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում վերանայման ենթակա են դրանց գտնվելու ժամկետներն ու վայրը: Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է պատրաստ լինի շրջադարձային զարգացումների եւ այլընտրանքային լուծումների»:

Դժվար է ասել, թե նման հայտարարություններով իրականում որքան կավելանան Հայաստանի հնարավորությունները, այդ թվում՝ սահմանի պահպանությունը բացառապես սեփական ուժերով իրականացնելու տեսանկյունից: Ըստ որում, եթե կան հայրենակիցներ, որոնք կարծում են, թե տեխնիկապես շատ բարդ բան է, որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի պահպանությունը բացառապես ՀՀ քաղաքացիներն իրականացնեն, ապա այդպես չէ: Մանավանդ որ ներկայումս էլ, երկկողմ պայմանավորվածությամբ, սահմանապահ ուժերի անձնակազմի կեսը համալրվում է ՀՀ քաղաքացի զորակոչիկներով:

Իրականում խնդիրը հենց Ռուսաստանի ռազմական ներկայությունն է Հայաստանում՝ որպես մեր պետության անվտանգության ապահովման լրացուցիչ երաշխիք: Սա է հայ-ռուսական հարաբերությունների առանցքում, ու դա է եղել, ասենք, անկախության վերականգնումից ի վեր:

Բայց ամենակարեւոր հարցը, որ կարելի է հռետորական համարել. որքա՞ն կջերմանան Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հարաբերություններն ու ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձեւաչափերով շփումները Հայաստանում նման ընդգծված դիրքորոշումներով կուսակցության գործունեության պարագայում:

Մեզ այնպես է թվում, որ Մոսկվայում ու, ի դեպ, նաեւ՝ Բաքվում եւ Անկարայում խիստ կոգեւորվեն պարոն Չուգասզյանի եւ «Սասնա ծռերի» վերոնշյալ չափազանց լայնախոհ հայտարարություններից:

Այնպես որ, «Սասնա ծռերը», հասկանալի է, ներառյալ յուր նորակազմ ղեկավարությունը, ավելի լավ է սկսեն Վարուժան Ավետիսյանի հռչակած մեկ այլ թեզի իրագործման վրա կենտրոնանալուց, այն է՝ «Ժամանակն է վերստանձնելու հայության համամարդկային առաքելությունը, որը բխում է «Սասնա ծռեր» էպոսում հավատամքային համակարգից»:

Ի դեպ, ասում են, որ «Սասնա ծռեր» էպոսն էլ իր հերթին շատ ավելի վաղ, գրեթե անհիշելի ժամանակներում հյուսված էպոսի որոշակի արտացոլումն է, բայց դա թողնենք էպոսագետներին: Կարեւորը՝ «հայության համամարդկային առաքելության վերստանձնումն» է:

Գուցե դա առաջինը «Սասնա ծռերի» քարտուղարության անդամնե՞րը վերստանձնեն, որպես օրինակ, եւ հետո միայն սկսեն «մեծ-մեծ խոսել»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Բաներ կան, որ նրանց հետ համաձայն եմ: Ռուսական ներկայութիւնը պէտք է կրճատուի: Ոչ մի բանական պատճառաբանութիւն չկայ, թէ ինչու են նրանք «հսկում» հայ-իրանական սահմանը կամ Զուարթնոց օդակայանի անցակէտը: Բայց միւս կողմից, ռազմաբազայի դուրս բերումը մեր երկրից այս պահին չի բխում մեր շահերից: Այլ թեմա է ռազմաբազայի վարձավճարի հարցը:

    Ինչ վերաբերում է «Սասնայ Ծռեր» կուսակցութեանը. ինձ մինչ օրս էլ անհանգստացնում է նրանց գործելակերպը՝ հարցերը լուծել զէնքով: Սա անընդունելի է եւ վտանգաւոր: Եթէ աչքներս վրաները չպահենք, նրանք մի նոր պատուհաս կը բերեն մեր գլխին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031