Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը եւ հայերը Սիրիայում անելիք չունեն

Հոկտեմբեր 02,2018 22:00

Պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ որոշում է ընդունել Սիրիա ուղարկել հումանիտար առաքելություն՝ հայ համայնքին օգնելու նպատակով։ Հայտնի են առաքելության գործառույթները եւ քանակական կազմը. այն բաղկացած է լինելու հարյուր մասնագետից՝ բժիշկներ, սակրավորներ եւ նրանց պահպանության հոգսերը ստանձնած անձնակազմ։ Հայտնի չէ, թե որտեղ եւ ինչպես են նրանք տեղակայվելու Սիրիայում, ընդ որում՝ հայկական դրոշի ներքո, սակայն հայտնի է, որ խոսք չի կարող գնալ այդ առաքելության միջազգային մանդատի մասին։

Հայկական կողմը հայտարարում է, որ առաքելությունը որեւէ առնչություն չի ունենալու ռազմական գործողությունների հետ, այսինքն՝ բժիշկները բուժելու են, սակրավորները բնակելի թաղամասերում, բնակավայրերում կատարելու են բացառապես հումանիտար ականազերծում, իսկ պահակազորը նրանց անվտանգությունն է ապահովելու։ Հետեւաբար, չնայած նրան, որ անձնակազմը բաղկացած է զինվորականներից, առաքելությունը լինելու է բացառապես մարդասիրական։

Կարծես որեւէ խնդիր չի կարող լինել, ի վերջո, ոչ մի կերպ արգելված չէ մարդասիրական օգնություն ցուցաբերել քաղաքացիական պատերազմից տուժած, խաղաղ մարդկանց՝ լինի դա Սիրիայում, սիրիահայերին եւ ընդհանրապես սիրիացիներին, թե այլ երկրում։

Սակայն կյանքն ավելի բարդ է, եւ սա այն դեպքն է, երբ ամենաբարի ցանկությունների իրագործումը կարող է լրջագույն ռիսկեր պարունակել, եւ, մեղմ ասած, սա ամենալավ որոշումը չէր, որը նվազագույնի կհասցներ հնարավոր ռիսկերը։

Սիրիայում իրավիճակը չափազանց հեռու է կարգավորումից, եւ նույնիսկ եթե ռուսական օդուժի օգնությամբ Ասադը կարողացել է զգալի չափով բեկում մտցնել պատերազմի ընթացքում, իսկ Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան, հետապնդելով տարբեր շահեր, իսկ ռազմավարական առումով՝ փոխբացառող նպատակներ, փորձում են ներդաշնակեցնել մոտեցումները հաճախակի գագաթնաժողովների եւ խորհրդակցությունների միջոցով, երկու արմատական խնդիր մնում են չլուծված, եւ Սիրիայի իշխանությունը անդառնալիորեն գտնվում է ռազմավարական փակուղում։
Ռիսկերը, որոնց մասին խոսք գնաց, երկու բնույթի են. բուն ռազմական եւ կապված Հայաստանի միջազգային դիրքերի եւ համբավի հետ։

Նախ՝ Ասադը վաղուց եւ բազմիցս անցել է կարմիր գծերը եւ անընդունելի է դարձել Սիրիայի բնակչության մեծ մասի համար։ Իսկ երկրորդ խնդիրը՝ փոխկապակցված եւ բխող առաջինից, այն է, որ «ռազմավարական սպասման» մեջ գտնվող Արեւմուտքի եւ Արաբական աշխարհի ամենաազդեցիկ հատվածի համար Ասադը եւս անընդունելի է։ Եվ որքան էլ Անկարան եւ Մոսկվան փորձեն ինչ-ինչ «ալքիմիական» մեթոդներով կասեցնել դեպքերի օրինաչափական ընթացքը եւ երկարաձգեն իրենց ներկայությունն իրար մեջ դե-ֆակտո կիսած Սիրիայում (բացառությամբ ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող քրդերի կողմից վերահսկվող տարածքների), միեւնույն է՝ դա չի կարող դուրս բերել Ասադին այս ռազմավարական փակուղուց։

Մյուս կողմից՝ սիրիական հարթակը լավագույնս ծառայեց Ռուսաստանին՝ Իրանին կրկին մարգինալացնելու, պատժամիջոցները վերականգնելու համար փաստարկներն ապահովելու, ինչպես նաեւ Արեւմուտքի եւ Իսրայելի կողմից հարվածի տակ դնելու համար, ինչը եւս մեկ անգամ լավագույնս ի ցույց է դնում, թե ինչ է նշանակում եւ քանի կոպեկ արժե լինել Մոսկվայի դաշնակիցը։
Ընդունենք՝ հայկական հումանիտար առաքելությունը ծավալում է իր բացառապես հումանիտար գործունեությունը, ասենք, Հալեպում։ Ի՞նչ կարող է տեղի ունենալ, երբ ներկայիս հարաբերական անդորրը խախտվի, եւ երկրի որեւէ մասում վերսկսվեն լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։

Որտե՞ղ են երաշխիքները, որ Ասադն ինչ-որ տեղ քիմիական զենք կրկին չի գործածի կամ Արեւմուտքի կողմից չի մեղադրվի այն գործածելու մեջ, եւ հանկարծ պարզվի, որ հակահարվածի հիմնական թիրախներից մեկը, ասենք, հենց Հալեպն է։ Ակնհայտ է, որ այդ դեպքում հայկական առաքելությունը եւ նրանք, ում այդ առաքելությունը կոչված է օգնելու, կարող են հայտնվել անընդունելի ռիսկերի ներքո, եւ պաշտոնական Երեւանը չի ունենա ներգործության որեւէ լծակ դրա ողբերգական հետեւանքներից խուսափելու համար։

Վերջերս իրավիճակն է՛լ ավելի անորոշ դարձավ, երբ սիրիական ՀՕՊ-ն անկանոն կրակ բացելով իսրայելական մարտական ինքնաթիռների ուղղությամբ եւ չխոցելով դրանցից ոչ մեկը՝ խոցեց ռուսական տրանսպորտային Իլ-20 ինքնաթիռը, իսկ ռուսական պրոպագանդան ստացավ իր «ավանդական» թեման՝ «մեղավոր են հրեաները»։ Եվ Մոսկվան, նման սխալներից խուսափելու համար, ընդունեց մի որոշում, որից ձեռնպահ էր մնում՝ խնդիր դնելով չփչացնել հարաբերություններն Իսրայելի հետ. Ասադին տրամադրվելու է Ս-300 ԶՀՀ-ներ։ Իհարկե, հրեական պետությունն ամենեւին էլ չընկրկեց այդ թշնամական քայլից եւ խոստացավ պարզապես ջնջել երկրի երեսից այդ համակարգերը, երբ նրանք հայտնվեն Սիրիայի տարածքի ցանկացած մասում։ Ի դեպ, ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպն այն ժամանակ տեղի ունեցավ, երբ իսրայելական օդուժը ռմբակոծում էր, ըստ իսրայելական բաց աղբյուրների, Ասադի բանակին եւ իրանական ուժերին պատկանող զինապահեստները, իսկ ռուսական ՀՕՊ-ը, որը «պաշտպանում է» Սիրիայի երկինքը, լռում էր, ինչպես եւ նախորդ դեպքերում։

Երբ այդ Ս-300 կայանները հայտնվեն Սիրիայում, իսկ դա կարող է տեղի ունենալ հաշված օրերի ընթացքում, ապա կարող ենք խոսել եւս մեկ չափազանց ռիսկային սցենարի հավանականության մասին, որից խուսափելու համար Երեւանը նույնպես որեւէ լծակ չունի։ Ի՞նչ պետք է անի հայկական առաքելությունը եւ Հայաստանը, եթե, ասենք, Ասադը կամ նրա ռուս խորհրդականները հանկարծ որոշեն, որ, ասենք, Հալեպի երկինքը պետք է պաշտպանեն հենց այդ Ս-300-ները, իսկ իսրայելական կողմն էլ որոշի դրանք շարքից հանել։ Կամ նույնը, եթե, ասենք, Հալեպում նոր զինապահեստներ հիմնեն։

Սա զուտ ռազմական մասով՝ այն ռիսկերի, որոնք, ինչպես ասում են, ուղղակի մակերեսին են։ Հայկական որոշման վրա շատ ավելի ծանրացած է միջազգային համատեքստը։ Միացյալ Նահանգներն ըմբռնումով մոտեցավ հայկական կողմի որոշմանը՝ սիրիահայերին օգնելու ցանկություն ունենալու մասով, սակայն ոչ ավելին։ Հայտնի է, որ Ռուսաստանին ԱՄՆ-ը մեղադրում է Սիրիայում պարզապես ռազմական հանցագործությունների մեջ, եւ մինչեւ վերջնական քաղաքական կարգավորումը ցանկացած օգնություն Սիրիային համարում եւ համարելու է որպես աջակցություն Ասադին, բայց ոչ՝ Սիրիայի ժողովրդին։ Իսկ ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների կոմիտեն օրերս օրինագիծ է նախապատրաստել, ըստ որի՝ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են մտցվելու՝ Ասադի ռեժիմին աջակցելու համար։

Տպավորութուն կա, որ պաշտոնական Երեւանը տեղյակ է հնարավոր ռիսկերից եւ ձգտում է դրանք հնարավորինս չեզոքացնել եւ հասկանալի դառնալ միջազգային հանրության, սիրիական ճգնաժամում հիմնական դերակատարների համար։ Համենայնդեպս, դա են վկայում Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուեսս Միթչելի, Ամերիկայի Հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ, որոնց վերաբերյալ հաղորդագրություններում առանց մանրամասների նշված է, որ քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արեւելքում։

Իհարկե, Հայաստանը պարտավոր է օգնել սիրիահայերին, սակայն այն, ինչ նախատեսվում է անել, կապ չունի այդ խնդրի հետ։ Սիրիայի հայ համայնքից նույնիսկ եղածի 10 տոկոսը չի մնացել։ Ով էլ որ մնացել է, մնացել է որպես պատանդ Դամասկոսի մսագործ Ասադի եւ նրա հովանավոր ռուսների ձեռքում։ Հայաստան են հայրենադարձվել ավելի քան 20 000 հայեր Սիրիայից, համենայնդեպս, շրջանառվում է այդ թիվը, իրականում՝ ավելի շատ։ Փաստն այն է, որ Թուրքիան, ի շարս այլ երկրների, միլիարդավոր դոլարներ է ստացել միջազգային խողովակներով՝ իր տարածքում սիրիացի փախստականներին տեղավորելու համար, ընդ որում, մեծ մասամբ դա արվում է բաց դաշտում խփած վրաններում։ Մինչդեռ Հայաստանում մեր հայրենակիցները հայրենադարձվում են եւ արագորեն ինտեգրվում հայաստանյան հասարակությանը, սակայն Հայաստանը ոչ միայն ոչ մի սենթ չի ստացել, այլեւ չի էլ դիմել ոչ մի տեղ այդ հարցով։

Դատելով նրանից, թե ինչպես էր ռուսական պրոպագանդան երկու տարի շարունակ տարբեր «սպուտնիկներով» իրեն պատառոտում «Հայաստանը պետք է օգնի իր դաշնակից Ռուսաստանին Սիրիան կայունացնելու գործում եւ դրանով իսկ պաշտպանի սիրիահայերին» թեմաներով, եւ նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանությունը չէր տրվում այդ կեղտոտ խաղին, դժվար չէ հետեւություն անել, որ այս՝ ի սկզբանե վնասակար որոշման բոլոր ռիսկերի նյութականացման գլխավոր շահառուն լինելու է Ռուսաստանը, եւ Ռուսաստանն է արգելել Հայաստանին օգտվել միջազգային օգնությունից սիրիահայերի հայրենադարձությունն ապահովելու համար՝ թողնելով այդ բեռը բացառապես Հայաստանի ուսերին։

Կրկնենք՝ Հայաստանը պարտավոր է օգնության ձեռք մեկնել մեր հայրենակիցներին՝ սիրիահայերին, եւ դրա լավագույն ձեւը ոչ թե նրանց եւ մեր հումանիտար առաքելությունը ռուսներին եւ նրանց «պրոտեժե» Ասադին դե-ֆակտո պատանդ հանձնելու, այլ հայության շուտափույթ հայրենադարձություն կազմակերպելու, այդ նպատակի համար նաեւ միջազգային աջակցությունից օգտվելու մեջ է։ Ինչպես էլ զարգանան իրադարձությունները Սիրիայում, պարզ է մի բան՝ հայերն այնտեղ այլեւս ապագա չունեն։

Ում՝ ում, բայց մեզ՝ հայերիս համար պետք է պարզ լինի եւս մի բան. Սայքս-Պիկոյի ճարտարապետությունը Մերձավոր Արեւելքում անախրոնիզմ է, որքան էլ ռուսները եւ թուրքերը փորձեն իրենք իրենց ապացուցել հակառակը, եւ այդ ներկայիս կեղտոտ «բազարում» Հայաստանը եւս անելիք չունի։ Հայաստանի պետական շահերից է բխում, որ խնդրահարույց տարածաշրջաններից եւ պետություններից, այդ թվում եւ առաջին հերթին՝ Սիրիայից եւ Ռուսաստանից Մեծ հայրենադարձություն կազմակերպել Հայաստան եւ Արցախ։ Իսկ Սիրիայում խնդիրը միայն Ասադը չէ, Ասադը հետեւանք եւ ածանցյալ է ավելի խորքային խնդիրների, որոնք գալիս են դարերից։ Եվ ամենեւին էլ կարիքը չկա «մտնել մատի եւ մատանու արանքը»՝ ռիսկի տակ դնելով արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների այնպիսի զգայուն ուղղությունները, ինչպիսիք հարաբերություններն են Իսլամական եւ Արաբական աշխարհի հետ, Իրանի հետ, Իսրայելի հետ, նստվածք թողնելով մեր հարաբերություններում Արեւմուտքի հետ, ռուսական «փուռը» տալով մեր պետական շահերը։

Նաեւ հիշել է պետք, որ Մերձավոր Արեւելքը Եվրոպա չէ, եւ այնտեղ պատմական հիշողությունը շատ խորն է։ Այնտեղ մինչ օրս հիշում են Ք.Ծ.661 թվականին սպանված Ալի Մարգարեին (Ալի իբն Աբու Թալիբ) եւ սգում նրա մահը, եւ այդ արյունը դեռ չի «չորացել», եւ հայտնի չէ, թե երբ դա տեղի կունենա… Թող Աստված խաղաղություն բերի բոլորին, օգնենք, որքան կարող ենք, սակայն այնտեղ ոչ Հայաստանը, ոչ էլ հայերն անելիք չունեն այլեւս։ Մենք պետություն ունենք, եւ հայերի անելիքը Հայաստանի եւ Արցախ հանրապետություններում է։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարը՝ RFI-ի

 

«Առավոտ»

02.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031