Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը մի քիչ նյարդային էր վերջին հարցազրույցի ընթացքում». Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 02,2018 12:26

«Այս հանդիպումների նպատակը որեւէ կողմին գոհացնելը չէ: Վստահաբար Վահրամ Բաղդասարյանը չի գնացել այդ հանդիպմանը, որպեսզի Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ էմոցիաներ ու ժպիտ պարգեւի: Նույնը` երեւի Նիկոլ Փաշինյանն է արել. չի եկել այդ հանդիպմանը, որպեսզի Վահրամ Բաղդասարյանը մի գավաթ սուրճից հետո բարձր տրամադրությամբ հեռանա»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն`անդրադառնալով երեկ կայացած Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան հանդիպմանը: Այդ հանդիպումն Արմեն Աշոտյանը համարում է աշխատանքային. «Սա ռեալիթի շոու չէ եւ նպատակը ոչ թե պրոցեսն է, այլ արդյունքը»:

Արմեն Աշոտյանը պնդում է, որ ՀՀԿ-ի եւ Նիկոլ Փաշինյանի թիմի տեսակետները «ծայրահեղ տարբեր» չեն: «Ես մի քիչ զարմացա, որ վարչապետը, երբ վերջում մեկնաբանություն էր տալիս, ՀՀԿ-ին վերագրեց մինչեւ 2022 թվականը ընտրություններ չանցկացնելու որոշում: Նման որոշում խմբակցությունը չունի: Առանձին պատգամավորներ՝ ես, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը տարբեր կարծիքներ ենք հայտնում, բայց երեկվա քննարկման արդյունքում նման որոշում մեզ վերագրել չի կարելի»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ արտահերթ ընտրությունները ներդրումներ եւ զարգացում ապահովելու համար հիմնավորում չեն: Եվ հիշեցրեց`փոխվարչապետների`այս ընթացքում բիզնես-ֆորումներին տարբեր մասնակցությունները, վարչապետի`տարբեր գործարարների հետ հանդիպումներն ու տարածված պաշտոնական հաղորդագրությունները, որոնցից եւ որեւէ մեկում չկա տեղեկություն այն մասին, որ ներդրողները մտահոգություն են հայտնել ու ասել, որ Հայաստանում չեն կարողանում ներդրումներ անել, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն կայացել: Ավելին, հիշեցրեց, որ Գերմանիայի կանցլերը Հայաստան եկավ առանց գործարարների խմբի, մինչդեռ հարեւան Վրաստան եւ Ադրբեջան գնացել էին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ նոր խորհրդարան ձեւավորելու տարբերակներից մեկն էլ այն է, որ քաղաքական ուժերի հետ համաձայնագրի ստորագրվի`իր հրաժարականի եւ երկու անգամ վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու մասին: Լրագրողները հետաքրքրվեցին այս տարբերակի վերաբերյալ Արմեն Աշոտյանի մոտեցումից. «Եթե ուզում եք, որ գործընթացն արդյունավետ ավարտվելու շանս ունենա, ապա ինչքան քիչ մենք փորձենք արտահոսք որսալ այդ գործընթացից, ինչքան քիչ փորձենք ինչ-որ մի դետալ վերցնել եւ դրա շուրջ հանրային քննարկում ծավալել, այնքան մեծ է շանսը, որ վերջնարդյունքում մենք կունենանք ինչ-որ մի քաղաքական, եթե չասեմ կոնսենսուս, ապա կարծիքների համադրելի վիճակ: Իհարկե, թերագնահատել պետք չէ թերագնահատել մյուս ուժերին՝ Ծառուկյան դաշինքի, ՀՅԴ-ին: Ուստի այս գործընթացի հաջողությունը պայմանավորված չէ միայն Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան ձեւաչափի արդյունավետությամբ: Այն պայմանավորված է նաեւ խորհրդարանական այլ ուժերի հետ Նիկոլ Փաշինյանի բանակցելու եւ ընդհանուր հայտարարի գալու ունակությամբ»,- ասաց Արմեն Աշոտյանը` հավելելով, որ «ներվը պետք է հանել» այդ բանակցություններից: Իսկ իր գնահատմամբ` «վարչապետը մի քիչ նյարդային էր վերջին հարցազրույցի ընթացքում»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031