Լրահոս
Օրվա լրահոսը

Ուվե Հալբախ. «Կարևոր է, որպեսզի միջնորդները և ՀԱՊԿ-ը ևս սահմանին խաղաղությանն ուղղված միջոցառումներին մասնակցեն, այլապես կշարունակվի նախկին արատավոր մեխանիզմը». «168 ժամ»

Հոկտեմբեր 02,2018 12:17

«168 ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասաց, որ դժվար է հավատալ, որ նախկինում ամիսների ընթացքում ծրագրվող հանդիպումները տապալվում էին, իսկ այս հանդիպման ընթացքում լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին՝ առանց երկար նախապատրաստական և անհրաժեշտ դիվանագիտական աշխատանքի։ Ըստ նրա, դժվար է նաև ասել, թե արդյոք կաշխատի՞ այդ կոմունիկացիան այն արդյունավետությամբ, ինչի շուրջ կողմերը պայմանավորվել են, քանի որ նման մեխանիզմներ ներդնելու ցանկության դեպքում, բնականաբար, կողմերը կներդնեին արդեն հաստատման պատրաստ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

«Մեզ հայտնի է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները լավ մշակված, բոլոր միջնորդների հավանությանն արժանացած համաձայնություններ են։ Եթե կողմերն արդեն համաձայնության էին եկել սահմանագծին տեղի ունեցող միջադեպերը կանխելու, դրանք արձանագրելու շուրջ, ապա պետք է պարզապես պայմանավորվեին վերջնական համաձայնություն տալ արդեն լավ մշակված և բոլոր համանախագահ երկրների դիվանագետների մասնակցությամբ քննարկված փաթեթին, որը շատ ավելի համակարգային էր ու շատ ավելի լուրջ ազդեցություն կարող էր ունենալ սահմանին իրավիճակ փոխելու տեսանկյունից։ Բնականաբար, կոմունիկացիան լավ է, եթե գործի, ավելի լավ կլիներ, եթե ներդրվեին նախորդ պայմանավորվածությունները, սակայն կան որոշակի մտավախություններ՝ այս պայմանավորվածությունների հետ կապված։ Կա տեսակետ, որ սա հիմք էր հետագայում նախորդ պայմանավորվածությունները զարգացնելու համար։ Գուցե, չեմ կարող դա բացառել, ժամանակը ցույց կտա։ Եթե սրան չհետևի դիվանագիտական աշխատանք նախորդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ, նշանակում է, որ այս կարճատև հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության նպատակն էր՝ դուրս բերել օրակարգից նախորդ երկու բարձրաստիճան գագաթաժողովների պայմանավորվածությունները, որոնցից, ինչպես բոլորին հայտնի է, տարբեր եղանակներով հրաժարվում էր ադրբեջանական կողմը։ Այսինքն՝ նշածս պարագայում սա միտված է այն օրակարգի տապալմանը, որն ակտիվորեն առաջ են մղել արևմտյան միջնորդները, մասնավորապես ամերիկյան կողմը, իսկ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Պուտինի հովանու ներքո, ինչպես հայտնի է, այդ օրակարգը որոշակիորեն փոխվեց, և ադրբեջանական կողմը սկսեց խոսել բուն բանակցությունների, և ոչ՝ խաղաղության միջոցառումներ ներդնելու մասին։ Ուստի, մեզ մնում է խոսել Վիեննայի օրակարգի մասին, որն այդ հանդիպումից հետո առաջ է մղել ԵԱՀԿ-ն, քննարկումներ և որոշ համաձայնություններ էին ձեռք բերվել, սակայն ոչ ամբողջական, որի պատճառով Կասպրչիկի գրասենյակի լիազորություններն ու դիտորդական առաքելության շրջանակը չընդլայնվեց։ Մնում է հուսալ, որ կոմունիկացիան արդյունք կտա և կունենա լավ շարունակություն»,- նման տեսակետ հայտնեց գերմանացի քաղաքագետը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ հրատապ կոմունիկացիա ստեղծելու ընթացքում, երբ լարվում է իրավիճակը շփման գծում, սրվում են կողմերի հայտարարությունները, կոմունիկացիան կախված է միայն մարդկային գործոնից։ Իսկ միջադեպերը հետաքննող մեխանիզմների ներդրումը, նրա խոսքով, կարող է ավելի արդյունավետ և վստահելի գործիք լինել կողմերի ու միջնորդների համար, դիտորդական առաքելության ընդլայնումը ևս կարևոր է հասկանալու համար, թե որ կողմն է ավելի հաճախ սկսում կրակահերթեր, ինչ ինտենսիվությամբ և այլն, և այլն։ «Կարևոր է, որպեսզի միջնորդները և ՀԱՊԿ-ը ևս սահմանին խաղաղությանն ուղղված միջոցառումներին մասնակցեն, այլապես կշարունակվի նախկին արատավոր մեխանիզմը՝ կողմերը կրկին կսկսեն միմյանց մեղադրել պայմանավորվածությունները դրժելու մեջ, և չեն լինի փաստեր»,- ասաց նա։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031