Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀԿ-ն քաղաքական դրդապատճառներով, երկրորդ ընթերցման անվան տակ կարեւոր փոփոխություններ է ուզում անել «ԱԺ կանոնակարգ» օրենքում: Ուզում են կանխել Փաշինյանի՝ երկրորդ անգամ ընտրվելու հնարավորությունը:
ԱԺ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախագծի բնույթը բացահայտված է. «Այն իր առջեւ խնդիր է դրել, որ վարչապետի հրաժարականի պարագայում, եթե երկու անգամ անընդմեջ, այսինքն, երկու շաբաթվա ընթացքում չընտրվեր վարչապետ, խորհրդարանը պետք է իրավունքի ուժով արձակվեր ու այս նախագծով, փաստորեն, փոփոխություն է կատարվում, որ եթե պատգամավորները չեն կարողացել գալ, կամ ինչ-ինչ պատճառներով նիստը հնարավոր չէ գումարել, ապա նախագահողը նիստը համարում է ընդհատված, որովհետեւ կան խոչընդոտներ: Սրանով փորձ է արվում կասեցնել այն պրոցեդուրան, որի արդյունքում խորհրդարանը պետք է իրավունքի ուժով արձակվի»:
Սակայն Էդմոն Մարուքյանը ՀՀԿ-ականներին ասաց, որ այս նախագիծն, ըստ էության, իրենց առջեւ դրած խնդիրը չի լուծում. «Սահմանադրական ժամկետները հստակ են: Սահմանադրությունն ասում է, որ 14-օրյա ժամկետում, եթե խորհրդարանը չի ընտրում վարչապետ, իրավունքի ուժով արձակվում է: Չի ասում՝ ինչ պայմաններում չի ընտրում, ասում է՝ եթե չի ընտրում, արձակվում է: Հետեւաբար, մենք չենք կարող ԱԺ կանոնակարգ օրենքով բան ավելացնել, որովհետեւ ժամկետները ֆիքսված են: Եթե 7 օր, գումարած 7 օր ժամկետով չի ընտրվում, ԱԺ-ն պետք է արձակվի: Այս նախագիծն ուզում է կանխել այդ ընթացակարգը, «Ելքը» դեմ է քվեարկելու, բայց 14 օրվա ժամկետում եթե չընտրեց խորհրդարանը վարչապետ, այն արձակվելու է»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը տարօրինակ որակեց այն, որ իրավաբանները գուշակությամբ են զբաղվում: Ըստ նրա, նախագծի նպատակն այն է, որ պետական մարմնի աշխատանքները ապահովագրված լինեն ոչ իրավաչափ խոչընդոտներից. «Գուշակել, թե սա ինչի համար է, որտե՞ղ է գրված, որ դա կապված է վարչապետի հայտարարության հետ, մի հատ ինձ կարո՞ղ եք ասել: Եթե դուք ձեր խմբակցության կողմից առաջադրված վարչապետի հետ խնդիրներ ունեք, դա ձեր ներքին հարցն է, խնդրում եմ դա չտեղափոխել ԱԺ: Այստեղ զուտ իրավաբանական հարց է լուծվում, այսինքն, եթե ԱԺ-ն բնականոն աշխատանք պետք է կատարի ու դա խոչընդոտվում է, մենք ապահովագրում ենք այդ աշխատանքները խոչընդոտից, ինչի՞ց եք ենթադրում, որ դա կապված է վարչապետի հայտարարության հետ»:
Նա ասաց, որ եթե անգամ պայմանականորեն ընդունեն, որ դա կապված է հավանական դեպքերի հետ, փոխանակ իրավաբանները խոսեն հակասահմանադրական կարգով ԱԺ գործունեությունը տապալելու մասին, խոսում են դրան աջակցելու մասին. «Ի՞նչ է նշանակում գալ կանգնել այստեղ ու փոխանակ իրավաբանությունը զարգացնել, զարգացնեն ֆանտազիան եւ զբաղվեն գուշակությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ