Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիքյան. «Ոչ թե նրանց կուսակցություն դառնալն է վտանգավոր, այլ գաղափարախոսությունը, թե, այո, զենքով կարելի է ու պետք է հարցեր լուծել». «Իրատես»

Հոկտեմբեր 02,2018 12:03

Նախանշվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ռամկավար ազատական կուսակցության մասնակցության, հնարավոր դաշինքների ու ներքաղաքական այլ հարցերի շուրջ է զրույցը ՌԱԿ ատենապետ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԻ հետ:

-Որպես կուսակցության առաջնորդի՝ Ձեզ չի՞ մտահոգում, որ, ասենք, մեկ ամսից կարող են ընտրություններ լինել, ու Փաշինյանի գլխավորած թիմը, ձայների ճնշող մեծամասնությամբ, կրկին հաղթանակ կտանի:

-Ես հարցը դիտարկում եմ ոչ թե մեր կուսակցության, այլ պետության կառավարման դիրքերից: Այդ իմաստով մտահոգիչը, առաջին հերթին, այն է, որ ավագանու ընտրություններում ոչ թե Հայկ Մարությանն ընտրվեց քաղաքապետ, այլ Նիկոլ Փաշինյանը: Եթե այլ թեկնածու առաջադրեր Փաշինյանը, ապա, վստահաբար, նա էլ կընտրվեր: Առանց հակակշռի, միակտուր իշխանությունը վտանգավոր երևույթ է, ու կարող է ավելի վտանգավոր դառնալ, եթե խորհրդարանում մեկ ուժի կատարյալ իշխանություն լինի: Քաղաքական դաշտում այս ընթացքում հնարավոր է նոր ուժեր ի հայտ գան, որոնք չեն ունենա այն նույն ժողովրդականությունը, որն ունեն ներկա իշխանությունները:

Մյուս կողմից, տեսնում ենք, որ դաշտում ձևավորվում է ձախթևայինների մի խումբ, որը պրոբլեմներ է ստեղծելու հանրության, ժողովրդի ու երկրի առաջ: Այդ ուժերը ներկայանում են «Սասնա ծռեր» հայտնի խմբավորմամբ, որ օրերս անդրանիկ համագումարը հրավիրեցին: Ոչ թե նրանց կուսակցություն դառնալն է վտանգավոր, այլ գաղափարախոսությունը, թե, այո, զենքով կարելի է ու պետք է հարցեր լուծել:

Քաղաքական դաշտի աջ թևը, որը վերջին 20 տարում եղել է պետության կառավարման ղեկին ու շուտով, ըստ իս, կոնսոլիդացվելու է, դեռևս հստակ չէ, թե ինչ կերպ է ներկայանալու հանրությանը, որովհետև ժամանակին վակուումներ է ստեղծել ու հիմա դրանք լցնելու տարբերակներ պետք է փնտրի: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն այն չեն, ինչ էին, իսկ ՕԵԿ-ն ու այլ մանր կառույցներ դժվար թե կարողանան ինչ-որ բան անել: Հետևաբար, այլ ելք չկա, քան հակակշիռ ստեղծելով, գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Եվ այդ հակակշռող օղակների հարցում մեծ դեր պետք է ունենա նաև իշխանությունը, ինչ-որ առումով նաև ուղղորդի վերևից, որպեսզի ոչ թե վարչապետական, այլ, իրավ, խորհրդարանական կառավարման երկիր ունենանք:

-Բայց ինչպե՞ս ուղղորդի գործադիրը, մեխանիզմներ կա՞ն դրա համար:

-Քաղաքական ուժերի ու հասարակության ներսում պետք է ընդհանուր կոնսենսուս լինի: Փաշինյանը, անկախ իր վայելած հեղինակությունից, ստիպված է ոչ միայն խելացի, այլև իմաստուն լինել ու երկրի ապագայի, պետականության համար հենց այսօրվանից ամուր հիմքեր ստեղծել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031