Գլխավոր թեման եղել է «երկխոսության շարունակման հնարավորությունը»
«Հրապարակ»-ի հետ զրույցում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին խոսեց արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ կարծիք հայտնելով, որ միջնորդները կազմակերպել են նյույորքյան հանդիպումը շատ պարզ նպատակով՝ շարունակել այն նույն կոնսուլտացիաների շարքը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ այն բանից հետո, երբ Հայաստանում փոխվեց երկրի առաջին դեմքը: Ու թեեւ սա Մնացականյանի ու Մամեդյարովի առաջին հանդիպումը չէ, համանախագահների համար շատ կարեւոր է այս ձեւաչափը մտցնել ստանդարտ, հանգիստ բանակցային հունի մեջ:
«Նախարարական բանակցությունների առաջադրանքներից մեկը երկու երկրների առաջին դեմքերի հանդիպման հնարավորությունը պարզելն է, որպեսզի բանակցությունների այդ մակարդակն էլ մտցնեն սովորական հունի մեջ: Բայց վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հանդիպումը կազմակերպելու համար անհրաժեշտ է, նախ, կարգավորել մի շարք հարցեր՝ կապված Փաշինյանի՝ ղարաբաղյան հարցին առնչվող հայտարարությունների հետ, որոնք ինքնին ձեւավորում են նոր, ավելի բարդ իրավիճակ հիմնախնդրի շուրջ: Եվ Բաքուն ուղղակիորեն խոսում է դրա մասին՝ հայտարարելով, թե Հայաստանի վարչապետի դիրքորոշումն անընդունելի է: Միաժամանակ Փաշինյանը դժգոհություն է հայտնում Բաքվի դիրքորոշման եւ հատկապես այն հանգամանքի կապակցությամբ, որ Ադրբեջանը չի ուզում տեսնել Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցությունների սեղանի շուրջ»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց Տրոֆիմչուկը՝ ավելացնելով, որ այս իրադարձությունների խորապատկերին գրանցվում են նոր զոհեր հակամարտության գոտում, ինչը եւս խոսում է լարվածության մասին:
Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ «երկխոսության շարունակման հնարավորությունը» եղել է հանդիպման գլխավոր թեման, քանի որ այդ հնարավորությունը դեռ պետք է գնահատել: Սակայն բուն հանդիպումը, Տրոֆիմչուկի խոսքերով, չի կարող նպաստել ընդհանուր լարվածության նվազեցմանը, քանի որ Ադրբեջանը, ավելի պարզ ասած, սպասում է իրավիճակի հետագա ապակայունացում Հայաստանի ներսում, ինչպես նաեւ հույս ունի ամրապնդել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ, մինչեւ որ վերջինս էլ մինչեւ վերջ չի կարողանում հասկանալ, թե ով է այսօր կառավարում Հայաստանը եւ ինչպես:
Ինչո՞ւ չի ստացվում երկխոսությունը Փաշինյանի ու Ալիևի միջև
Մեր հարցին, թե ինչու առայժմ չի հաջողվում հանդիպում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, Գրիգորի Տրոֆիմչուկը պատասխանեց, որ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ ուղիղ երկխոսությունը չի ստացվում միայն այն պատճառով, որ «Բաքուն պատրաստ չէ հընթացս նստել բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանի վարչապետի հետ, որը ստանդարտ սահմանադրական գործընթացի արդյունքում չի դարձել երկրի ղեկավար»:
«Այդ պատճառով, զգալով հարմար եւ ոչ ստանդարտ պահը՝ Ադրբեջանը սաստկացնում է իր հռետորաբանությունը բոլոր ուղղություններով՝ այդ թվում հայտարարելով ՀԱՊԿ-ի հետ մերձենալու հնարավորության մասին, ինչպես նաեւ «հիշեցնելով», որ Հայաստանը չի եղել այն տեղում, որտեղ այսօր է: Բաքուն կարծում է, թե տվյալ պահին ժամանակն ու հնարավորություններն իր կողմից են, բայց ինքն էլ չգիտի՝ ինչպես դրանից օգտվել եւ ընդհանրապես, կարո՞ղ է դա անել, թե՞ ոչ»,- ավելացրեց փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում