Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ուշագրավ օրենք՝ խորհրդարանում. ՀՀԿ-ականները ԱԺ-ն ցրելու դեմն առնում են՝ նոր նախագծով, որ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվի

Հոկտեմբեր 02,2018 11:47

Այսօր ԱԺ-ում քաղաքական առումով ուշագրավ նախագիծ քննարկվեց՝ երկրորդ ընթերցման շրջանակներում:

Խոսքը Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Անդրանիկ Հարությունյանի համահեղինակությամբ մշակված օրենքի նախագծի մասին է՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու: Առաջին ընթերցման ժամանակ առաջարկվում էր միայն, որ կառավարության ներկայացուցիչները, երբ հարակից զեկուցմամբ են հանդես գալիս, պարտադիր ներկա լինեն օրենքի քննարկմանը: Գործող օրենքով իմպերատիվ պահանջ չկար, նշված էր, որ «կարող են» ներկա լինել: Իսկ հիմա պարտավոր են գալ, անգամ եթե կառավարության եզրակացությունը դրական է, որովհետեւ խորհրդարանականները կարող են հարցեր ուղղել նրանց:

Երկրորդ ընթերցման ժամանակ արդեն նախագծում ավելացվել են ուշագրավ փոփոխություններ: Նախ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջարկվում է պարտավորեցնել Քննիչ հանձնաժողով ներկայանալ ու պատասխանել հարցերին ոչ միայն պաշտոնատար անձանց, այլեւ պաշտոնաթող պաշտոնատար անձանց, որոնցից մինչ պաշտոնը թողնելը Քննիչ հանձնաժողովը պահանջել է տեղեկատվություն: Այսինքն, սրանով կանխում են այն ռիսկը, որ կարող է Քննիչ հանձնաժողովը պահանջի պաշտոնյայից տեղեկություն, նա պաշտոնից ազատվի ու այլեւս պարտավոր չլինի տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները:

Մյուս կարեւոր փոփոխությունն այն է, որ առաջարկվում է կարգավորել ԱԺ նիստի աշխատանքները խոչընդոտելու հարցը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ «Մենք «ԱԺ կանոնակարգ օրենքում» չունենք կարգավորում այսպես ասած ֆորս-մաժորային իրավիճակների, արտակարգ իրավիճակների, նիստի խոչընդոտման հետ կապված: Առաջարկվում է կարգավորել այն դեպքերը, երբ այս կամ այն նիստին՝ դա կլինի արտահերթ, թե հերթական նիստ, որեւէ մեկի ժամանակ արտակարգ իրավիճակի, կամ պատգամավորների մասնակցությունը նիստին խոչընդոտելու եղանակով անհնար է, որ նրանք մասնակցեն այդ նիստին: Խոսքը վերաբերում է  2 ասպեկտի՝ երբ նիստը չի կայանում, որովհետեւ նիստի իրավազորությունը չի ապահովվում եւ երկրորդ հատվածը վերաբերում է նրան, երբ նիստը իրավազոր է, բայց շարունակվում է խոչընդոտվել պատգամավորների մասնակցությունը կամ նիստում առաջացել են այլ հանգամանքներ եւ նիստը վարողի ձեռնարկած միջոցառումները արդյունք չեն տվել: Այս դեպքերի ժամանակ նիստը պետք է ընդհատի եւ շարունակվի այն ժամանակ, երբ վերանան այն հանգամանքները, որոնք առիթ են հանդիսացել նիստի վերացման համար: Ժամանակավոր խոչընդոտների համար  ԱԺ կանոնակարգ օրենքն ուներ կես ժամով նիստի ընդհատման եւ վերականգնման հնարավորություն»:

Հարակից զեկուցող կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նախ քննադատեց ՀՀԿ պատգամավորների այս գործելաոճը, երբ երկրորդ ընթերցման անվան տակ կարեւոր փոփոխություններ են անում ու փորձում արագ անցկացնել. «Հնչեցվեց նոր առաջարկություն, որի թղթային տարբերակը մեզ հասանելի դարձավ երեկ երեկոյան: Ամբողջությամբ պատրաստվել եւ դիրքորոշում հայտնել կառավարությունը հնարավորություն չունեցավ: Այստեղ, փաստորեն, նույն մեխանիզմն է գործում, ինչ նախկին կառավարությունն էր անում՝ նախագծերը բերում եւ հանձնաժողովներում առաջինից երկրորդ ընթերցման արանքում փոփոխություններ էր անում արագ, ու պատգամավորները մշտապես բողոքում էին, որ չեն կարողանում արտահայտել իրենց դիրքորոշումը, իսկ հիմա, փաստորեն, կառավարությունն է ընկել այդ նույն դրության մեջ»:

Իսկ թե ինչ վտանգ է տեսնում նախագծում կառավարությունը, Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ «Առաջարկը վերաբերում է բացառապես այն իրադրությանը, որ երբ ԱԺ-ի կողմից երկրորդ անգամ վարչապետի ընտրություններ տեղի կունենան եւ ընտրության օրը կխոչընդոտվի պատգամավորների քվեարկությունը ինչ-ինչ պատճառներով՝ արտակարգ իրավիճակի կամ այլ ու դրանից հետո կլինի այն, որ ԱԺ-ն իրավունքի ուժով կցրվի: Փաստորեն, առաջարկը վերաբերվում էր նրան, որ կանխեն այս հնարավորությունը, այսինքն, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի առաջին իսկ հնարավորության դեպքում արտահերթ ընտրություններ իրականացնել եւ դա էլ պայմանավորել այն հանգամանքով, որ վարչապետը հրաժարական տա ու պայմանավորվածություն ձեռք բերի, որ ոչ մի քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրելու, հանկարծ դրժվի այս պայմանավորվածությունը, այլեւս ժողովուրդը չի կարողանալու պայքարել, որպեսզի իշխանությունը զբաղեցնի ժողովրդի ձայնը արտահայտող ներկայացուցիչը: Քաղաքական դրդապատճառները սրանք են»:

Արթուր Հովհաննիսյանը նաեւ իրավական առումով խնդիրները մատնացույց արեց՝ նախ, ո՞վ է որոշում՝ արտակարգ իրավիճակներն առկա՞ են, թե՞ առկա չեն, այս հարցի որոշումը թողնված է միանձնյա ԱԺ նախագահի՞ն, ո՞վ է որոշելու, որ սպառնալիք կա պատգամավորի մասնակցության, դա կարող է լինել դատական ակտով, իսկ նախագծով ԱԺ նախագահը միանձնյա որոշումներ է կայացնելու. «Եթե այդքան ծայրահեղ եք նայում հարցին, ապա ի՞նչ է լինելու, եթե հանկարծ խոչընդոտվի ԱԺ նախագահի մասնակցությունը, խոչընդոտեն նախագահին, որ նա հայտարարություն չանի, այստեղ իրավիճակն ինչպե՞ս է կարգավորվելու: Ենթադրենք, պատգամավորների խոչընդոտում են, բայց նիստը իրավազոր է, ի՞նչ է լինելու»:

Կառավարության դիրքորոշումը նախագծի վերաբերյալ բացասական էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031