Այսօր բալետի միջազգային օրն է
Բալետի միջազգային օրվա նախօրեին ՌԴ վաստակավոր արտիստ, Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը «նվեր» է արել թատրոնի բալետային խմբի արտիստներին՝ Երեւան հրավիրելով անվանի խորեոգրաֆ Հենրիխ Մայորովին: Նա իրականացնելու է Կարեն Խաչատուրյանի հանրահայտ «Չիպոլլինոն»:
Ազգային օպերային թատրոնը իր կենսագրության ընթացքում այնքան էլ հարուստ չի եղել երեխաների համար բալետային ներկայացումներով: Մեզ հետ զրույցում մասնագետները հիշեցին միայն 1960-ականներին Ազատ Ղարիբյանի բեմադրությամբ Հրաչիկ Մելիք-Մուրադյանի «Կարմիր գլխարկը», 1970-ականների սկզբներին Սակիլարի երաժշտությամբ Չուկովսկու հանրահայտ «Չոփչոփիկը», 80-ականների սկզբին Լյուդմիլա Սախարովայի խորեոգրաֆիայով Չայկովսկու «Շչելկունչիկը» եւ 1980-ականների վերջին Վիլեն Գալստյանի բեմադրությամբ Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին»: Փաստորեն, 30-ամյա ընդմիջումից հետո մեր երեխաները ականատեսը կլինեն բալետային ներկայացման:
«Առավոտի» հետ զրույցում Հենրիխ Մայորովը հիշեց, որ սա իր երկրորդ այցն է Երեւան: Առաջին անգամ եկել է 1970-ին, երբ Մինսկի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն էր: Կանխելով մեր դիտարկումը, թե «Չիպոլլինոն» իր այցեքարտն է, խորեոգրաֆը հաստատեց եւ նշեց, թե 1973թ. իրեն զանգել է Կարեն Խաչատուրյանը, ներկայացրել է իր բալետը, հետո էլ նվիրել իրեն: Մանրամասնելով էլ ասաց, որ շուրջ 20 թատրոնում է բեմադրել այն. առաջինը՝ 1974թ. Կիեւի Շեւչենկոյի անվան թատրոնում էր, 75-ին՝ Աշխաբադում, 77-ին՝ Մեծ թատրոնում, 78-ին՝ Բելառուսում եւ այդպես շարունակ:
Զրույցի ընթացքում Հենրիխ Մայորովը հակիրճ ներկայացրեց նաեւ բալետի լիբրետոյի ստեղծման պատմությունը. «Գենադի Ռիխլովը, որը պայծառ, կենսուրախ այս բալետի լիբրետոյի հեղինակն է, լսելով Խաչատուրյանի երաժշտությունը «Չիպոլլինո» մուլտֆիլմի համար, որոշեց դառնալ ապագա նույնանուն բալետի լիբրետոյի հեղինակ: Նա «միավորեց» Խաչատուրյանական երաժշտությունը տարբեր մուլտֆիլմերից, այդ թվում՝ «Երբ վառվում են տոնածառերը», «Անտառային ճանապարհորդները», «Քաղցր հեքիաթ», «Չիպոլլինո», «Անսովոր խաղ», «Հին ծանոթներ» եւ այլն… Դրանք ներկայացրեց Խաչատուրյանին՝ կարծիք հայտնելով, դա ծավալուն, հիանալի գործ կդառնա երեխաների համար: Խաչատուրյանը օգտագործելով մուլտֆիլմերի համար գրված իր երաժշտությունները, 1951թ. վերջապես գրեց «Չիպոլլինոն», բայց լիբրետոն վստահելով ինձ:
Այո, ձեր հայրենակցի բալետը իմ ստեղծագործական կյանքում մեծ հետք է թողել. ես 1976թ. արժանացա ԽՍՀՄ պետական մրցանակի եւ մինչ օրս էլ, փաստորեն, «ապրում» եմ այս ստեղծագործությամբ»: Հավելեց նաեւ, թե երեւանյան բեմադրության ժամանակ իր ասիստենտն է լինելու դուստրը՝ Աննա Մայորովան, որը մեծանուն Յուրի Գրիգորովիչի սանն է եւ Մեծ թատրոնում բեմադրած «Չիպոլլինոյում» ներգրավված է եղել ներկայացման մեջ իբրեւ բալետի արտիստ:
Հետաքրքրվեցինք՝ իր կարծիքը մեր թատրոնի բալետային խմբի մասին: «Ես արդեն մեկ անգամ եկել եմ Երեւան, ծանոթացել թատրոնի բալետային խմբին: Հիանալի արտիստներ ունեք եւ միանգամից ուզում եմ նշել «Չիպոլլինոյի» կերպարը մարմնավորող Վահագն Մարգարյանի անունը: Առայժմ այսքանը: Ասեմ նաեւ, որ ժամանակը շատ կարճ է նման բեմադրության համար, բայց Օրբելյանի խոսքից չէի կարող հրաժարվել, մանավանդ որ նա տեղեկացրեց, թե թատրոնում դեռեւս բալետային ներկայացում չկա: Կարճ ասած՝ ներկայացման պրեմիերան անփոփոխ է՝ նոյեմբերի 4»,- հայտնեց խորեոգրաֆը:
Ի դեպ, Կարեն Խաչատուրյանը «Չիպոլլինոյի» բեմադրության մասին մի առիթով գրել է. «Հենրիխ Մայորովի բեմադրության շնորհիվ անսպասելի նոր գեղարվեստական հնարավորություններ բացվեցին՝ համադրելով վիրտուոզ դասական պարը ժամանակակից պարարվեստի պլաստիկայի հետ: Հիանալի է նաեւ առատ կոմիկականի, սուր գրոտեսկի եւ հոգեցունց լիրիզմի համադրությունը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Հայր եւ դուստր Մայորովները՝ Երեւանի օպերաիյն
թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հետ:
«Առավոտ»
02.10.2018