Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Թունյան. «Սա բավական զգուշավոր բյուջե է, և այն հեղափոխական անվանել չի կարելի». «Ժամանակ»

Հոկտեմբեր 02,2018 11:28

Կառավարությունը սեպտեմբերի 27-ին՝ հերթական նիստի ժամանակ, որը վարում էր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հավանություն տվեց «Հայաստանի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։ Ըստ այդմ՝ Հայաստանի եկող տարվա համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: Համայնքների 2019-ի բյուջեները գնահատվում են՝ եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ:

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի հետ։

– Պարոն Թունյան, ինչպե՞ս  կբնութագրեք 2019 թ. բյուջեի նախագիծը։ Նման բյուջեով կարո՞ղ են լուծվել սոցիալ-տնտեսական առաջնահերթ խնդիրները։

– Սա բավական զգուշավոր բյուջե է, և այն հեղափոխական  անվանել չի կարելի․ դրա գլխավոր պատճառն այն է, որ հեղափոխության արդյունքում ակնկալվող տնտեսական օգուտները, որի մասին բազմիցս  խոսել են թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ տնտեսական բլոկի  պաշտոնյաները, թե՛ նաև տնտեսագետները, այստեղ արտացոլված չեն․ օրինակ՝ եթե խոսում ենք ստվերի դեմ պայքարի և բյուջեի եկամուտների կտրուկ աճի մասին, ապա բյուջեի այս նախագծով  չի երևալու, որ նման  փոփոխություններ են լինելու, այլ հակառակը՝ դա նախկինում պլանավորված միջնաժամկետ ծրագրով սահմանված բյուջետային թվերն են, այսինքն՝ նույն չափի եկամուտներ ու ծախսեր, ինչպես նախատեսվել էր դեռևս  նախորդ տարի։ Այս առումով՝ սա ֆորմալ փաստաթուղթ է, այսինքն՝ տեխնիկապես բավարար  տեղեկատվություն, հնարավորություն ու ժամանակ չկա, որպեսզի կանխատեսումներն ու բյուջեի պարամետրերը  վերանայվեն, ու  ըստ իս՝ ամենայն հավանականությամբ, բյուջեի նախագիծն այս տեսքով կամ  աննշան փոփոխություններով կընդունվի, իսկ հաջորդ տարվա մեջ արդեն նորմալ փոփոխություններ կլինեն։

– Վարչապետը լրագրողների հետ զրույցում, իր հերթին անդրադառնալով բյուջեի այս նախագծին, ընդգծեց, որ այն իներցիոն է, իրենց կառավարության բյուջեն չի և  դեռևս նախկին կառավարության բյուջեի ուրվականն է։ Վարչապետի խոսքերով՝  հընթացս այս բյուջեն պետք է լրջագույն փոփոխությունների ենթարկվի։ Ի՞նչ կարող ենք հասկանալ այս համատեքստում, ինչպիսի՞ փոփոխություններ են անհրաժեշտ։

– Վարչապետի հայտարարությունը ես հասկանում եմ այսպես. բյուջեն կընդունվի, հետո արդեն տարվա ընթացքում ըստ այդմ կլինեն որոշակի փոփոխություններ, բայց այս կարճ ժամանակահատվածում՝ մինչև տարեվերջ, չեմ կարծում, թե կկարողանան ռեալ փոփոխություններ անել, եկամտային մասը մեծապես ավելացնել, նախատեսել աշխատավարձերի և կենսաթոշակների աճ և այլն։

Դիանա Դավթյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031