«Ունեմ զգացողություններ, բայց չեմ ուզում դրանք այսօր վերածել քաղաքական հայտարարությունների»,- այսօր խորհրդարանում Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Պարոն Աշոտյանից հետաքրքրվել էինք`իր կարծիքով որքանո՞վ կարող են խորհրդարանական արտահերթ ընտրությունները կապ ունենալ Արցախի հարցի կարգավորման գործընթացի հետ:
Նաեւ հիշեցրինք, որ Արմեն Աշոտյանը`վարչապետին ուղղված իր ելույթներում, դիտողություններում, հարցադրումներում եւ ֆեյսբուքյան գրառումներում մշտապես տարբեր ակնարկներ է անում Արցախի հարցի հետ կապված:
«Ես չեմ ուզում շահարկումներ անել: Ես չեմ ուզում շահարկել Արցախի հարցը, չեմ ուզում շահարկել իմ ու վարչապետի քաղաքական տարաձայնությունները»,- շարունակեց Արմեն Աշոտյանը` հավելելով, որ վաղը`ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ինքը պատրաստվում է նման հարց ուղղել Նիկոլ Փաշինյանին`շատ ավելի փաստարկված:
«Ես ուզում եմ մի քիչ մոտենալ գնահատականներին, ճշմարտությանը: Ավելի մոտենալ, քան պարզապես որոշ փաստեր, որոնց համադրության արդյունքում կարող է ստացվել այդ տպավորությունը, որը գուցե թյուր է, գուցե`ոչ»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ