«Ռուսաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները կառուցում են շահերի հաշվեկշռի վրա»
Վերջին օրերին ղարաբաղյան հակամարտության թեմայի շուրջ խիստ ուշագրավ զարգացումներ արձանագրվեցին: Նյու Յորք, Բաքու, Դուշանբե քաղաքներում հանդիպումները, ելույթները, հայտարարությունները որոշակի ազդեցություն ունեցան ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա:
Նախ՝ հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահը կարճատեւ այցով Բաքու էր ժամանել: Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը թեյի սեղանի շուրջ զրույց էին ունեցել: ԼՂ խնդրի առնչությամբ Պուտինի Բաքու կատարած այցի ընթացքում պաշտոնական տեղեկություններ չհրապարակվեցին:
«Ակնկալում ենք, որ ռուսական եւ ադրբեջանական ընկերություններն ակտիվորեն կզբաղվեն Կասպիական տարածաշրջանում հեռանկարային նախագծերի իրագործմամբ, նախեւառաջ տրանսպորտի, բեռնափոխադրումների, նավթի ու գազի արդյունահանման, բնապահպանության եւ, անտարակույս, կենսառեսուրսների ոլորտում»,- Բաքվում նշել էր ՌԴ նախագահը՝ ելույթ ունենալով ռուս-ադրբեջանական իններորդ միջտարածաշրջանային համաժողովում: Պուտինը հիշեցրել էր, որ ռուսական էներգետիկ ընկերությունները հաջողությամբ են աշխատում Ադրբեջանի շուկայում. «ԼՈՒԿՕՅԼ-ը մոտավորապես 4 մլրդ դոլար է ներդրել Ադրբեջանի էներգետիկական նախագծերում, իսկ «Տրանսնեֆտ»-ը ապահովում է ադրբեջանական նավթի հուսալի տարանցումը Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով»: Պուտինն ընդգծել էր, որ լավ հնարավորություններ կան ավտոմոբիլաշինության բնագավառում կոոպերացիայի խորացման համար. «Ադրբեջանցի ներդրողները մասնակցում են Ռուսաստանի գյուղատնտեսական օբյեկտների շինարարությանը: Դրանց թվում է, օրինակ, ջերմոցային համալիրը Նիժնի Նովգորոդի մարզում, ներդրումները կազմել են ավելի քան 1 մլրդ ռուբլի, ինչպես նաեւ սննդամթերքի թողարկման համատեղ ձեռնարկությունը Կրասնոդարի երկրամասում»:
ՌԴ նախագահն ընդգծել էր, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը հարաբերությունները կառուցում են շահերի հաշվեկշռի որոնման վրա: «Մենք միշտ էլ շահերի հաշվեկշիռ ենք փնտրում ու գտնում ենք այն»,- ասել է նախագահը: Պուտինը նշել էր, որ ադրբեջանական շուկայում շուրջ 700 համատեղ ընկերություն է գործում Ռուսաստանի մասնակցությամբ, իսկ հանրապետությունում ուղղակի ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան մեկուկես մլրդ դոլար: ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը իրականացնում են համատեղ ենթակառուցվածքային նախագծեր: «Մասնավորապես, ընթանում Է «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի ստեղծումը Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, որը կոչված Է մոտեցնելու եվրոպական ու ասիական շուկաները»,- հիշեցրել էր Պուտինը:
Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցը կրկին բարձրացվեց
Մինչ Բաքվից Պուտինն ու Ալիեւը կուղեւորվեին Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը, Նյու Յորքում ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել էր խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման կարեւորությունը՝ շեշտելով իրավիճակի սրմանն ուղղված քայլերից եւ ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը: Զոհրաբ Մնացականյանը եռանախագահների ուշադրությունը հրավիրել էր Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա, որոնց հետեւանքով զոհվել են Հայաստանի Զինված ուժերի եւ Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ, թիրախավորվել է նաեւ խաղաղ բնակչությունը: «Նախարարը շեշտեց, որ Բաքվի նման քայլերը լրջագույն վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, հատկապես համանախագահների միջնորդությամբ արտգործնախարարների միջեւ կայանալիք հանդիպման նախօրեին»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրությունում։
Նույն օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ Նյու Յորքում կայացել էր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: «Հանդիպումը սկսվեց նախ ընդլայնված ձեւաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց ունեցան։ ԱԳ նախարարը վերահաստատեց ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները։ Տեղի ունեցավ մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցները պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը՝ ներառյալ առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացել էր նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում եւս անդրադարձ էր կատարվել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ «երկուստեք ընդգծելով հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում»:
Մինչ Նյու Յորքում ղարաբաղյան թեմայով քննարկումներ էին ընթանում, Ստեփանակերտում Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցը բարձրացվեց: Արցախի խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե՝ Հայաստանում առկա նոր իրողությունների պայմաններում ինչպիսի քայլեր են ձեռնարկվում Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցի վերաբերյալ, Արցախի նախագահը շեշտել էր, որ սպասում են Հայաստանի գործընկերների արձագանքին: Բակո Սահակյանի խոսքով՝ տարիներ առաջ այդ ուղղությամբ կատարվել են որոշակի աշխատանքներ, եւ ՀՀ գործընկերների հետ մշակվել է այդպիսի փաստաթուղթ:
Ըստ նրա՝ հարցին անդրադարձ է կատարվել նաեւ վերջին շրջանում՝ ՀՀ նոր ղեկավարության հետ ունեցած հանդիպումների ընթացքում. «Երբ այդ փաստաթղթի ստեղծման շուրջ նախկինում աշխատանքներ էին տարվում, հաշվի էին առնվում նաեւ մի շարք գործոններ՝ այդ թվում աշխարհաքաղաքական զարգացումները: Այդ փաստաթղթի մշակումը, ստորագրումը եւ կյանքի կոչելը կապված են իրականում այդպիսի մի շարք հանգամանքների հետ, եւ մենք պարտավոր ենք այդ ամենը հաշվի առնելու, ինչպես եւ հաշվի ենք առել նախկինում»: «Մենք փորձելու ենք ամեն ինչ անել այդ կարեւորագույն նշանակություն ունեցող փաստաթուղթը վերջնականապես կյանքի կոչելու համար»,- շեշտել էր Բակո Սահակյանը:
Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը՝
ՀՀ բացարձակ առաջնահերթություն ԼՂ բանակցային գործընթացում
Նյու Յորք ՀՀ վարչապետի այցը կարելի է նշանակալի համարել տարածաշրջանային կայունության, խաղաղության հաստատման եւ հաշտեցման վերաբերյալ միջազգային հանրությանը հղված ուղերձների առումով: Սեպտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցեց Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը, հանդես եկավ ելույթով, որի ընթացքում մասնավորապես նշեց. «Ես գալիս եմ մի տարածաշրջանից, որտեղ, ցավոք սրտի, արյունոտ հակամարտությունները, կոռումպացված կառավարման համակարգը եւ մարդկանց միջեւ թշնամանքը հաճախ ստվերում են սիրո իմաստությունն ու խաղաղ գոյակցության անհրաժեշտությունը: Ասում են, թե ժողովրդավար ազգերը միմյանց դեմ չեն պատերազմում:
Հույս ունեմ, որ մի օր մեր տարածաշրջանի ժողովրդավարական զարգացումը բացառելու է ռազմական գործողությունները, պատերազմների եւ ատելության ռիսկերը: Հայաստանը հաստատապես ընթանում է այս ճանապարհով եւ անվերապահորեն կողմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ հաշտեցմանը»:
Արդեն սեպտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում բարձր ամբիոնից իր ծավալուն ելույթում անդրադարձ կատարեց արցախյան թեմային` շեշտելով, որ Արցախի Հանրապետության կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում: «Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար: Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը: Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից եւ իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը»,- նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` ԼՂ-ի հետ: «Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միեւնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջեւանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասելու, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետեւաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որեւէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»: Ամփոփելով արցախյան թեման՝ Փաշինյանը արձանագրեց, որ հակամարտությունը կարող է եւ պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության եւ ոչ թե պատերազմի մթնոլորտում:
Զգուշացրեցին լարվածության վտանգների մասին
եւ կոչ արեցին խուսափել սադրիչ հռետորաբանությունից
Փաշինյանի ելույթից մեկ օր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան բավական կոշտ հայտարարությամբ, թեեւ զերծ էին մնացել նշել, թե ում են համարում «սադրիչ հռետորաբանության» հեղինակներ: Փաստելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ իրենց հանդիպման մասին՝ միջնորդները նշում էին. «Երկու երկրների նախարարների հետ համանախագահները զրուցել են տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ եւ հստակություններ մտցրել վերջերս արված որոշ հայտարարությունների եւ մտահոգությունների տեղիք տվող միջադեպերի վերաբերյալ: Համանախագահները խորը ափսոսանք են հայտնել շարունակվող անհիմն մահվան դեպքերի վերաբերյալ: Նրանք նախարարներին զգուշացրել են լարվածության վտանգների մասին եւ կոչ են արել կողմերին կառուցողական կերպով ներգրավվել դրական մթնոլորտում եւ խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են՝ համապարփակ լուծումը կպահանջի փոխզիջումներ բոլոր կողմերից: Այս համատեքստում նախարարները հաստատել են բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու եւ լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու կարեւորությունը: Նախարարները համաձայնել են եւս մեկ անգամ հանդիպել մինչեւ տարեվերջ»,- ասվում էր համանախագահների հայտարարության մեջ, որում նաեւ միջնորդները հայտնում էին, որ մոտ ապագայում այցելելու են տարածաշրջան:
Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ վերջինիս մամլո խոսնակը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: «Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին միջադեպերի եւ հայտարարությունների կապակցությամբ: Նա վերահաստատում է համանախագահների կարեւոր միջնորդական ջանքերի վերաբերյալ ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը եւ խրախուսում կողմերին քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման եւ անհրաժեշտ քաղաքական կամքի դրսեւորման ուղղությամբ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,- ասվում էր հայտարարության մեջ:
Արցախյան թեմայի աշխուժացման հաջորդ կանգառն արդեն Դուշանբեն էր, որը նշանավորվեց մի շարք ուշագրավ կադրերով ու կարճատեւ, բայց ինտրիգային զրույցներով:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 02.10.2018